Նոյեմբերի 5-ին Թբիլիսիում Վրաստանի իշխանությունների հովանու ներքո անցկացված կիոկուշին կարատեի Կովկասի բաց առաջնությանը տանտերերից բացի մասնակցեցին Հայաստանի, Գերմանիայի, Ղազախստանի եւ Ադրբեջանի մարզիկները:
Հայաստանի կարատիստները նվաճել են 6 ոսկե, 3 արծաթե եւ 10 բրոնզե մեդալ: Ընդորում, մեր մարզիկները տպավորիչ հաղթանակներ են տարել նաեւ ադրբեջանցիների նկատմամբ:
Սպորտում ազգությունը եւ քաղաքականությունը դեր ու նշանակություն չունեն: Սա ընդհանրապես հայաստանցի մարզիկների սկզբունքն է: Բայց այս հանգամանքը հատուկ նշելու երկու դրդապատճառ կա: Առաջինը՝ Կովկասի բաց առաջնությունը մեկ անգամ հետաձգվել էր ապրիլյան ռազմաքաղաքական վիճակի սրման պատճառով, երբ Հայաստանի թիմը չէր մեկնել Վրաստան:
Կարդացեք նաև
Երկրորդը մեզ հուշեց Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանը: Նա Aravot.am-ին պատմեց, որ պարգեւատրությունների ժամանակ Ադրբեջանի պատվիրակության ղեկավարները, երբ տեսնում էին, որ պատվո պատվանդանի վրա Հայաստանի դրոշն ավելի բարձր է, իրենց մարզիկների ուսերից հանում էին իրենցը, որպեսզի այդ նկարները համացանցում չհայտնվեն:
Անդրանիկ Հակոբյանի ներկայացրած լուսանկարներից առաջինում պատվանդանի 1-ին աստիճանին 14-15 տարեկանների բացարձակ քաշային կարգում հաղթած Արթուր Սուքիասյանի կողերին ադրբեջանցիներն են:
Երկրորդում 3-րդ տեղն զբաղեցրած մարզիկն առանց Ադրբեջանի դրոշի է: Նրանց պատվիրակության ղեկավարները, պարզապես, չեն հասցրել 2-րդ տեղն զբաղեցրած մարզիկից վերցնել իրենց դրոշը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ