Ամերիկուհի Բարբի Գուերրան կռնատ է: Նա թեւերից զրկվել է 2,5 տարեկանում՝ հոսանքահարումից, որի հետեւանքով թեւերն այրվել են, իսկ ինքը հրաշքով է ողջ մնացել: Բժիշկները հարկադրված են եղել ուսերից անդամահատել երեխային, իսկ ծնողներին նախազգուշացնել, որ եթե աղջնակը ապրի, ամբողջ կյանքում հաշմանդամ կմնա:
Աղջնակն ապրեց: Հետո սկզբում հրապուրվեց աէրոբիկայով, իսկ ավելի ուշ՝ բոդիբիլդինգով: Նա դարձել է ֆիթնեսի բազմաթիվ միջազգային մրցաշարերի մրցանակակիր:
Բարբիի ճկունությանը եւ անսպառ էներգիային կնախանձի յուրաքանչյուր ոք: Նա կյանքում անում է ամեն բան, ինչ անում են սովորական կանայք, ընդհուպ մինչեւ ավտոմեքենա վարելը: Բայց՝ ոտքերով:
Բարբին նաեւ ամուսնացել է: Նա մեծացնում է չորս երեխա, որոնցից երկուսին ինքն է լույս աշխարհ բերել, երկուսին էլ որդեգրել է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ ironworld.ru-ի