Նոյեմբերի 5-ին Ֆրանսիայի Ավինյոն քաղաքի Պերդիգիեի անվան կենտրոնական զբոսայգում` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարի հարևանությամբ, տեղի ունեցավ ֆրանսիական Դիմադրության շարժման մարտիկ, Ֆրանսիայի ազգային հերոս, ֆրանսիական Պատվո լեգեոնի շքանշանակիր Միսաք Մանուշյանի կիսանդրու հանդիսավոր բացման արարողությունը, որին ներկա էին Ավինյոնի քաղաքապետ Սեսիլ Հելլը, Մարսելում ՀՀ հյուպատոս Սամվել Լալայանը, Ավինյոնի հայ-ֆրանսիական կազմակերպության նախագահ Վերոնիկ Բրունա-Մարդոյանը, ֆրանսահայ նախկին մարտիկների կազմակերպության նախագահ, գնդապետ Հովսեփ Հովսեփյանը, սենատորներ Կլոդ Օտը և Ալեն Դյուֆոն, ԱԺ պատգամավորներ Միշել Ֆուրնիե-Արմանը և Ժուլիե Օբերը, կիսանդրու հեղինակ քանդակագործ Մարսելա Կրացը, տեղական և մարզային ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ֆրանսահայ կազմակերպությունների ղեկավարներ, հասարակական-քաղաքական գործիչներ, հոգևոր այրեր, բազմաթիվ ֆրանսահայեր:
Ավինյոնի քաղաքապետ տիկին Սեսիլ Հելլն իր ելույթում ներկայացրեց Միսաք Մանուշյանի անցած փառավոր ուղին, մասնավորապես ընդգծելով այն հարգանքն ու սերը, որը վերջինս ստացավ ողջ Ֆրանսիայում` հակաֆաշիստական պայքարում իր մեծ ներդրմանն ի պատասխան:
Հյուպատոս Սամվել Լալայանն իր ելույթում անդրադարձավ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններին, հայ համայնքի և Ավինյոնի տեղական իշխանությունների արդյունավետ ու լայնածավալ աշխատանքներին, որի արդյունքն է նաև Միսաք Մանուշյանի կիսանդրու բացումն Ավինյոնում: ՀՀ հյուպատոսը նշեց, որ պատմության փառավոր էջերը խորհրդանշող ցանկացած կառույց ունի գալիք սերունդներին դաստիարակելու և ոգեշնչելու առաքելություն:
Միջոցառմանը հանդես եկած զինվորական նվագախմբի և երգչախմբի կատարումներին հաջորդեց ծաղկեպսակների զետեղման արարողությունը:
Այնուհետև, Ավինյոնի «Լը Պանդորա» կինոթատրոնում ցուցադրվեց ֆրանսահայ կինոռեժիսոր Ռոբերտ Գեդիկյանի` Մանուշյանի և նրա մարտական ընկերների մասին պատմող «Ոճրագործության բանակ» կինոնկարը:
Միջոցառումը լայնորեն լուսաբանվեց տեղական լրատվամիջոցներով:
ՀՀ ԱԳՆ