Լրահոս
Օրվա լրահոսը

«Պաշտոնյաների ու օլիգարխների հաբռգած լակոտների համար տուգանքները պետք է կրկնահազարապատկվեն». Նաիրա Զոհրաբյան

Նոյեմբեր 07,2016 16:16

ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը՝ իշխանությունների նախաձեռնած կարմիր գծերի «պետականացումը», օդանավակայանի ծառայությունների, գազի, էլեկտրաէներգիայի սակագների իջեցումը համարում է նախընտրական քայլ, նրա համոզմամբ, իշխանությունը կարող էր այդ բարեփոխումներն ավելի վաղ իրագործել, պարզապես դրա համար չկար քաղաքական նպատակահարմարություն:

«Իհարկե, հնարավոր էր ավելի վաղ անել, արդյոք սա նախընտրական քայլ է, իհարկե՝ նախընտրական քայլ է: Բայց ինձ համար միեւնույն է, ուզում է լինի նախընտրական, ուզում է այդ քայլերի վրա գրեն Հանրապետական կուսակցության անվան կարմի գծերի վերացում կամ արագաչափերի բյուջե, եթե դրանից օգտվելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ինձ համար բացարձակ նշանակություն չունի իրենց մոտիվացիան: Ես հասկանում եմ, որ մոտիվացիայի մեջ նախընտրական կոդեր, ուղերձներ կան: Բա այս տարիների ընթացքում, որ ասում էինք՝ բացահայտ թալան ու կողոպուտ է, որ ասում էինք տուգանքներն անհամաչափ են մեր քաղաքացիների աշխատավարձերին ու ոչ միայն անհամաչափ են, այլեւ անտրամաբանական են, այն ժամանակ ինչո՞ւ այդ քայլերը չարվեցին, չարվեցին, որովհետեւ երեւի թե դրա քաղաքական նպատակահարմարությունը չկար»,- Aravot.am-ին ասաց ԲՀԿ առաջնորդը:

Տիկին Զոհրաբյանն առաջարկում է կարմիր գծերից ստացված գումարները ոչ միայն ուղղել պետբյուջե, այլեւ ուսումնասիրել եվրոպական երկրների փորձը. «Օրինակ, եվրոպական երկրներում երեկոյան ժամը վեցից՝ աշխատանքային ժամի ավարտից հետո կարմիր գծերը իրենց գործառույթային նշանակությունը կորցնում են, մարդիկ կարող են կայանել այդտեղ: Բացի դրանից, մեր երկրում այդ արագաչափերի տուգանքները ուղղակի թալան են, կրկնում եմ՝ տուգանքների չափերը անհամաչափ են քաղաքացիների եկամուտներին, տուգանքները պետք է մի քանի անգամ նվազեցվեն:

Ես կողմ եմ, որ հաբռգած լակոտներին, որոնք սովորաբար պաշտոնյաների ու օլիգարխների լակոտներն են, նրանց համար տուգանքները կրկնահազարապատկվեն, բայց երբ գյուղից եկած տաքսու վարորդին, որը քաղաք է եկել իր հանապազօր հացը վաստակելու ու մեր խայտառակ երթեւեկության պատճառով հաճախորդին վերցնելու համար մեկ վայրկյան ստիպված է կայանել երկրորդ գծում ու դրա համար տուգանվի, ուղղակի անարդար է»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930