Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե Հյուսիս-հարավ մայրուղու շինարարության ոլորտում չարաշահումների համար ինչ-որ մեկը պիտի՞ պատասխան տա, թե՞ ոչ:
Նախարարը պատասխանեց, որ պետք է նախ գնահատել, թե ում կողմից է արվել չարաշահումը. «Ես չեմ, որ պետք է գնահատեմ»:
Լրագրողները ճշտեցին՝ այսինքն, նախկին նախարա՞րը պիտի պատասխան տա դրա համար՝ նախարարը միանգամից արդարացրեց Գագիկ Բեգլարյանին. «Նախկին նախարարն իր գործն արել է եւ արել է բարեխիղճ»:
Նա ասաց, որ հիմա ուսումնասիրություններ են գնում՝ թերացման աշխատանքների հետ կապված. «Այն կազմակերպությունները, ովքեր շինարարություն են իրականացնում, այսօր հարկային մարմինները նրանց ստուգում են»:
Կարդացեք նաև
Նախարարը 2017-ի բյուջեի քննարկման ժամանակ ասել էր, որ Հյուսիս-Հարավ մայրուղու շինարարության համար մասնավոր ներդրողների հետ են բանակցում: Լրագրողների հարցին՝ սա արդյոք նշանակո՞ւմ է, որ հետագայում ճանապարհի այդ հատվածները վճարովի կլինեն, որը մասնավոր ներդրումներով է կառուցվել՝ նախարարը չբացառեց. «Կարող է լինեն հատվածներ, որ դառնան վճարովի»: Նա ասաց, որ դրանք հիմնականում կլինեն թունելային եւ կամրջային հատվածները:
Միքայել Մելքումյանը նիստում նախարարին հարցրել էր բաց երկնքի քաղաքականությունից: Մեր հարցին՝ շատ են բողոքում, որ բաց չի, կիսաբաց երկինք է, դա ի՞նչ է տալիս մեզ՝ նախարարը պատասխանեց. «Հնարավորություն է տալիս ցանկացած ավիափոխադրողի առանց պայմանների թռիչքներ կազմակերպել: Բաց երկնքի քաղաքականությունն արդեն ներդրված է ՀՀ-ում, հիմա պետք է փորձենք ավիաընկերություններին ներգրավել՝ ՀՀ-ում թռիչքներ կազմակերպելու համար»:
Դիտարկմանը, որ «Պոբեդա» ընկերությունը հրաժարվեց Երեւան-Ռոստով թռիչքից՝ նախարարը պատասխանեց, որ Գյումրիի օդանավակայանն ավելի լավ պայմաններ է առաջարկում.«Այնտեղ չկա 10 հազար օդի տուրքը եւ մնացած վճարներ: Ավելի լավ չի՞, որ զարգացնում ենք Գյումրիի օդանավակայանը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ