Այսօր ԱԺ-ում տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ԵՏՄ-ին անդամակցելով՝ Հայաստանն ինչ օգուտ է ունեցել: Նա պատասխանեց, որ չենք տուժել. «ԵՏՄ անդամակցումը ՀՀ-ի համար լայն հնարավորությունների ստեղծում է: Մեր պատրաստի արտադրանքի մեծ մասն արտահանվում է ԵՏՄ շուկաներ, եւ եթե վերլուծեք հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները ՀՀ-ի եւ հարեւան այն երկրների, որոնք չեն անդամակցել ԵՏՄ-ին, ապա ինքներդ կհամոզվեք ինչքան դրական էր մեր անդամակցումը ԵՏՄ-ին»:
Մասնավորապես, Սուրեն Կարայանը հորդորեց Մոլդովայի, Վրաստանի հետ համեմատել:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը շնորհավորել էր մեզ եւ հայտարարել էր, որ «Նայել եմ անցյալ տարվա տվյալները` ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո ՀՆԱ-ն ձեզ մոտ աճել է 10 տոկոսով, ինչպես երևում է փաստաթղթերից: Դա, իհարկե, շատ դրական ցուցանիշ է»:
Մենք նախարարից հետաքրքրվեցինք՝ այդ ի՞նչ 10 տոկոս էր, եղե՞լ է նման աճ: Նախարարը պատասխանեց. «Չեմ իմանում, մենք աճ ինչքան ունենք՝ վիճակագրությունը հրապարակել է»:
Կարդացեք նաև
Լրագրողները բանանի ներկրումից հետաքրքրվեցին: Նախարարն ասաց. «Վերջին ժամանակաշրջանում որեւիցե ներմուծողի կողմից որեւիցե դժգոհություն, որ ինքը փորձել է ներկրել, խնդիրներ են առաջացել, պարտադրել են, անհավասար մոտեցում է եղել՝ մենք չենք ստացել»:
Սուրեն Կարայանն ասաց, որ 3.2 տոկոս տնտեսական աճը բավականին ռիսկային եւ լուրջ ցուցանիշ է ներկա պարագայում: Նա հայտարարեց. «Փորձելու եմ անել առավելագույնը՝ արդյունքի հասնելու համար»:
Մեր հարցին՝ ի՞նչ լավ, դրական բան կարող եք նշել, որ մարդկանց մեջ հույս արթնացնի, որ ԶԼՄ-ներին էլ չասեն՝ մենք անընդհատ գաղջ մթնոլորտ ենք տարածում՝ Սուրեն Կարայանը պատասխանեց. «Ինչ նշեցի, սաղ դրական էր, էլի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ