Լրահոս
Օրվա լրահոսը

Կարելի է՞ Թուրքիան համարել ժողովրդավարական. BBC

Նոյեմբեր 07,2016 15:50

Ի՞նչ կատարվեց Թուրքիայի հետ: 4 տարի առաջ Արևմուտքն այն տեսնում էր որպես օրինակ մուսուլմանական աշխարհի համար. ժողովրդավարություն (չնայած ոչ առանց թերությունների), որը բանակցություններ է վարում ԵՄ անդամակցության շուրջ և շարժվում է քրդական փոքրամասնության հետ խաղաղ կարգավորման ճանապարհով, BBC-ի կայքում գրում է Թուրքիայում հեռուստա-ռադիոկորպորացիայի թղթակից Մարկ Լոուենը:

Մերձավոր Արևելքի՝ արագ փոխվող իրականության պայմաններում այդ երկիրը համարվում էր կայունության կղզյակ, շարունակում է հոդվածագիրը: Իհարկե, տեղի քննադատները համոզված են, որ դրսից պատկերացումներն ի սկզբանե աղավաղված էին:

Այս շաբաթ World Justice Project ոչ կառավարական կազմակերպությունն իր կայքում հրապարակված ամենամյա «Օրենքի գերակայության ինդեքսում» 113 երկրների շարքում Թուրքիան ներառել էր 99-րդ հորիզոնականում՝ Իրանից և Բիրմայից անմիջապես հետո: Թուրքիան դարձյալ ճանաչվում է որպես երկիր, որը մյուսների համեմատությամբ ավելի շատ է բանտ նստեցնում լրագրողներին:

«Սա ժողովրդավարության ավարտն է,- BBC-ի հետ զրույցում ասել է քրդամետ ընդդիմադիր Ժողովուրդների ժողովրդական կուսակցության փոխնախագահ Հիշյար Օզսոյը:- Մենք առանց այն էլ ժողովրդավարություն չունեինք, բայց անգամ այդ ոչ մեծ կղզյակն ամբողջությամբ սրբվել է»:

Ինչով նշանավորվեց անցյալ շաբաթ

Ձերբակալվեցին երկու քաղաքական գործիչներ, որոնք համատեղությամբ զբաղեցնում էին հիմնականում քրդաբնակ Դիարբեքիր քաղաքի քաղաքապետի պաշտոնը. նրանք մեղադրվեցին Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) հետ կապեր ունենալու մեջ:

Եվս 10 հազար պետական ծառայողներ ազատվեցին աշխատանքից՝ ԱՄՆ-ում ապրող Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու կասկածանքով. Գյուլենին Անկարան մեղադրում է երկրում հուլիսին տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ: Ընդհանուր առմամբ, հուլիսից երկրում պաշտոնից ժամանակավոր կամ մշտապես հեռացվել է 100 հազար մարդ:

Դարձյալ Գյուլենի հետ կապեր ունենալու կասկածանքով Անկարայի գիտական շրջանակների 137 մարդու նկատմամբ ձերբակալության օրդեր տրվեց: Այս տարվա հուլիսից, ընդհանուր առմամբ, ձերբակալվել է 37 հազար մարդ:

Փոխվեց համալսարաններում ռեկտորների ընտրության մասին օրենքը. այսուհետ նրանք նշանակվում են անձամբ նախագահի կողմից, մինչդեռ նախկինում նրանք ընտրվում էին անձնակազմի կողմից:

Փակվեց ևս 15 պարբերական և մեդիա-ռեսուրս: Այդպիսով, հուլիսից հետո փակված մեդիա-ռեսուրսների թիվը հասել է 170:

Ձերբակալվեցին երկրի խոշորագույն Cumhuriyet թերթի խմբագիրը, ծաղրանկարիչը և մի շարք այլ աշխատակիցներ, որոնք մեղադրվում են PKK-ին և Գյուլենին աջակցելու մեջ:

Ձերբակալվեցին երկրի մեծությամբ երրորդ կուսակցության՝ քրդամետ Ժողովուրդների ժողովրդական կուսակցության առաջնորդները և մի քանի պատգամավորներ՝ PKK-ի հետ կապերի կասկածանքով: Կուսակցության համախոհներն ասում են, որ դա փորձ է դուրս մղել ընդդիմադիր ուժը խորհրդարանից և ամրապնդել Էրդողանի ազդեցությունը:

Ձերբակալություններից մի քանի ժամ հետո Դիարբեքիր քաղաքում պայթեց ավտոմեքենա, ինչի հետևանքով զոհվեց 9 մարդ: Երկրի իշխանությունները կատարվածի մեջ մեղադրում են PKK-ին, սակայն կատարվածի պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Կառավարության որոշմամբ Թուրքիայի հարավ-արևելքում անջատվեց համացանցը, ամբողջ երկրում սահմանափակումների ենթարկվեցին WhatsApp, Twitter սոցցանցերը, ինչպես նաև տեղի բջջային ցանցերը: Մասնավորապես, արհեստականորեն դանդաղեցվեց դրանց աշխատանքը, այնպես, որ հնարավոր չէր օգտվել:

Թուրքական լիրան ամերիկյան դոլարի նկատմամբ հասավ ռեկորդային նվազագույնի:

Ի պատասխան ԵՄ-ի, մասնավորապես Եվրախորհրդարանի ղեկավարի կողմից քննադատության՝ առ այն, որ Թուրքիան հատել է «կարմիր գիծը», երկրի վարչապետը շատ կտրուկ արձագանքեց. «Եղբա՛յր, մենք գործ չունենք ձեր «կարմիր գծի» հետ, մենք այլ «կարմիր գիծ» ենք գծում»: Իսկ երկրի նախագահը Գերմանիային մեղադրեց ահաբեկիչներին թաքցնելու մեջ:

Բռնապե՞տ, թե՞ փրկիչ

Արդյոք Թուրքիան շարունակո՞ւմ է մնալ ժողովրդավարական: Ինչպես միշտ, դա կախված է այն բանից, թե այդ բևեռացված երկրում ում եք տալիս այդ հարցը, գրում է Լոուենը: Հեղաշրջման փորձին հաջորդած զտումների զոհերը՝ ձախերը, սեկուլյարիստները և Էրդողանի քննադատները, կարծում են, որ այստեղ ժողովրդավարությունը մեռել է դեռ շատ վաղուց, երբ նախագահը, բախվելով ընդդիմության աճին, վտարեց կամ դատեց իր ընդդիմադիրներին և սկսեց հենվել գերօրինապահ համախոհների նեղ շրջապատի վրա:

Ընդ որում, երկրի մյուս կեսը (բաժանումը գրեթե հավասար է) պաշտում է մի մարդու, որը, նրանց կարծիքով, փոխել է Թուրքիան դեպի լավը, բայց չի ընկալվել աշխարհի մյուս մասի կողմից: Նրանք ենթադրում են, որ Արևմուտքը մինչև վերջ չի հասկանում ահաբեկչական վտանգի այն ծավալները, որ բխում է PKK-ի, գյուլենականների կողմից, ինչպես նաև, Թուրքիայի աշխարհագրական դիրքը հաշվի առնելով, նաև Սիրիայի և Իրաքի հետ ընդհանուր սահմանից:

Համատարած հնչում է մի փաստարկ, որ բոլոր քաղաքական գործիչները կոռումպացված են, բայց այս նախագահը գոնե հավասարեցրել է երկրի բարեպաշտ բնակչության իրավունքները, կառուցել է հիվանդանոցներ և դպրոցներ և ուժեղ առաջնորդ է, որն այդքան անհրաժեշտ է Թուրքիային:

Հուլիսի 15-ի գիշերը տեղի ունեցած իրադարձությունները կառավարությունը և նրա համախոհները ներկայացնում են որպես Թուրքիայում ժողովրդավարական հասունության խորհրդանիշ: Այդ օրը 240 մարդ է սպանվել՝ փորձելով դիմակայել տանկերին և հեղաշրջման կազմակերպիչներին և թույլ չտալ ռազմական հեղաշրջում, որը կլիներ 5-րդը Թուրքիայի պատմության մեջ: Հենց նրանք էլ հայտարարում էին, որ թուրքերն իրենց առաջնորդներին կընտրեն ընտրական քվեատուփերի մոտ, ոչ թե նշանառության տակ, շարունակում է հոդվածագիրը:

Սակայն այդ գիշերը բարձրաձայնվող ժողովրդավարության տեսակը բուռն վեճեր է առաջ բերում: Միասնականությունը հեղաշրջման դեմ և միասնությունը ի աջակցություն կառավարության նույն բաները չեն: Ընտրություններն այստեղ նախկինի պես տեղի են ունենում համեմատաբար ազատ, բայց այլևս ոչ ազնիվ: Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը նախընտրական արշավի ընթացքում գերակայություն ուներ մամուլում, և բացի այդ, նրան մեղադրում էին ընտրողներին ահաբեկելու մեջ:

Թուրքիան շարունակում է մնալ ՆԱՏՕ-ի անդամ, չնայած նրա հարաբերություններն ԱՄՆ-ի հետ գնալով վատթարանում են՝ կապված Վաշինգտոնի կողմից սիրիական քրդերին տրամադրվող աջակցության հետ: Թուրքիան նաև ներառված չէ Մոսուլի ազատագրման կոալիցիայում:

Այնուամենայնիվ, Թուրքիան կարևոր գործընկեր է, որին կորցնել Արևմուտքը չի կարող իրեն թույլ տալ: Բայց երբ գործը հասնում է ժողովրդավարության մասին պատկերացումներին, Թուրքիայում առաջ է գալիս երկու իրականություն. յուրաքանչյուր ճամբար ունի իր փաստարկները, և, գնալով ավելի շատ, պակասում են շանսերը, որ դրանք երբևէ կխաչվեն:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930