Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջապահության փոխնախարարն իր՝ հեծանիվով աշխատանքի գնալու եւ պետպատվերի բաշխման մասին (Տեսանյութ)

Նոյեմբեր 07,2016 15:31

Այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանը ներկայացնելով կառավարության ծրագրի առողջապահությանը վերաբերող հատվածն, անդրադարձավ պետպատվերի բաշխմանը:

Պարոն Մարգարյանն ասաց, որ պետական պատվերի բաշխման վերանայում պետք է լինի. «Որովհետեւ, եթե նայում ենք հարցի ֆինանսական կողմը, ըստ էության, պետությունը մոտ 85 միլիարդ դրամ ծախսում է առողջապահության վրա, դրանից 77 միլիարդը պետական պատվերի գնվող ծառայություններն են: Պետությունը վճարում է բուժհիմնարկներին ծառայությունների համար, կան պոլիկլինիկական վճարներ, որոնք որոշակի հաշվարկների հիման վրա են կատարվում առաջնային բուժօգնության համար: Իսկ հիվանդանոցները ֆիքսել են որոշակի գներ եւ որոշակի խմբերի համար, եւ գումար է տրամադրվում: Այս մեխանիզմների մեջ ցանկանում ենք, որ բարձրացվի թափանցիկությունը, եւ գլոբալ վերանայման միջոցով փորձենք այդ սահամանափակ գումարով ավելի արդյունավետ եւ հասցեական ֆինանսավորել»:

Փոխնախարարի ներկայացմամբ՝ 2 կտրվածքով պետք է դիտարկվի՝ ո՞ւմ է հասնում գումարը, ի՞նչ շրջանակ է, ինչի՞ համար են վճարում, ի՞նչ հիվանդությունների համար.«Սա մեծ ջանքեր պահանջող գործընթաց է, աշխատում ենք մոտակա 2-3 ամսում իրականացնել, որպեսզի որոշակի շոշափելի արդյունք տեսնենք ու 2017 թվականի բյուջեի համար հիմք լինի: Բայց ամբողջական նոր պրոդուկտը կունենաք վերջնական 2018 թվականին»:

Փոխնախարարը վստահեցրեց, 2017-ի ընթացքում էլ այդ ուղղությամբ հնարավոր են որոշակի քայլեր, եթե անհրաժեշտություն լինի, ասենք, մի փոքր բան էլ փոփոխել, չեն սպասելու 2018-ին անել դա, այլ 2017-ի ընթացքում էլ փոփոխություններ կկատարեն:

Սամվել Մարգարյանը վստահեցրեց, որ պետպատվերի բաշխման վերանայումից հետո բավականին կնվազեն կոռուպցիոն ռիսկերը:

Անդրադառնալով էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրմանը, պարոն Մարգարյանն ասաց, որ այն կատարվում է Համաշխարհային բանկի աջակցությամբ եւ մոտ 3 տարի առաջ սկսվել է գործընթացը.«Այս համակարգը թույլ է տալիս ամբողջ առողջապահությունը մեկ էլեկտրոնային համակարգով մեկ պլատֆորմի վրա կառուցել, եւ սա լուրջ վերահսկողական մեխանիզմ է տալիս բժշկության նկատմամբ: Սա անգամներով ավելացնելու է էֆեկտիվությունը բուժհիմնարկներ-պետություն կապի իմաստով, պոտենցիալ բուժհիմնարկներ- ապահովագրություն իմաստով, եւ նաեւ քաղաքացու համար վերջնական կլինի այն, որ քաղաքացին ինչպես իր էլեկտրոնային հասցեն է ստուգում, այնպես էլ այս դեպքում կարող է մուտք ունենալ այդ պորտալ եւ կկարողանա տեսնել իր բժշկական ամբողջ պատմությունը»:

Ըստ էության, սա, ինչպես ասաց փոխնախարարը, մի համակարգ է, որի միջոցով հիվանդության պատմությանը նաեւ կարող են էլեկտրոնային միջոցով ծանոթանալ բժիշկները, թեկուզ հիվանդը մեկ այլ հիվանդանոցում է բուժում ստացել կամ հետազոտվել:

Մանրամասն՝ տեսանյութում

Իր՝ հեծանիվով աշխատանքի գնալու մասին էլ պարոն Մարգարյանն ասաց.«Ինձ էլ «կամֆորտնի» չի, երբ որ իմ անձը քննարկում են, ես սովոր եմ, որ իմ աշխատանքը քննարկեն: Մեր քաղաքում հեծանիվ քշելը ամենաանվտանգը չէ, ես արհեստավարժ եմ, եւ դա PR քայլ չէր: Զղջում եմ, որ դա հայտնվեց մամուլում եւ սոցցանցում, նույնիսկ ինձ ստիպեց հեռանալ սոցցանցերից: Սա իմ անձնական որոշումն է, չեմ էլ խրախուսում վարել հեծանիվ, սա ռիսկեր ունի»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930