Aravot.am-ը ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանից հետաքրքրվեց՝ որքանո՞վ է հավաստի այն տեղեկությունը, որ ինքը ցանկանում է կառուցվածքային փոփոխությունների միջոցով հատուկ ազատվել մշակույթի նախարարության այն քաղծառայող աշխատակիցներից, որոնք նախկին նախարարի օրոք են աշխատանքի ընդունվել:
«Ո՞վ է այդպիսի բան ասել, չկա նման բան»,-ասաց նախարարը: Նաեւ հավելեց. «Խնդրում եմ չփորփրել նախկին եւ ներկա նախարարների փոխհարաբերությունները: Ես մեկ անգամ ասել եմ եւ կրկնում եմ երկրորդ անգամ՝ Հասմիկ Պողոսյանը իմ ընկերն է եւ վերջ: Ինչ վերաբերում է կառուցվածքային փոփոխություններին, բոլոր փոփոխություններն արվում են` հարմարեցնելու եւ համապատասխանեցնելու կառավարության ծրագրերի իրականացմանը: Այս կառավարության ծրագիրը տարբերվում է նախորդ կառավարության ծրագրից»:
Մեր հարցին՝ այս կառավարության մասին ասում են, որ կարճաժամկետ կառավարություն է, հետեւաբար, արդյոք իրեն կարճաժամկետ նախարար համարո՞ւմ է, Արմեն Ամիրյանը պատասխանեց. «Ինչ ուզում եք ասեք, ես ինձ կարճաժամկետ չեմ համարում»:
Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ նաեւ մշակույթի նախարարության ֆեյսբուքյան, ինստագրամյան եւ թվիթերյան էջերի ակտիվությանը: «Վա՞տ է դա»,-հարցրեց նախարարը:
Կարդացեք նաև
Մեր դիտարկմանը, որ այնտեղ ավելի շատ իր անձնական ֆոտոսեսիան է, քան նախարարության աշխատանքը, մշակույթի նախարարը պատասխանեց. «Խնդրում եմ դուք էլ ինձ հետ շրջեք, այդ դեպքում կլինի նաեւ ձեր ֆոտոսեսիան, կամ մեր համատեղ ֆոտոսեսիան, միասին կգնանք բոլոր մշակութային իրադարձություններին, փառատոնների բացումներին, միասին կծանոթանանք հանրապետության մարզերում կատարվող մշակութային իրադարձություններին եւ խնդիրներին, այդ դեպքում, մենք երկուսով միասին կհայտնվենք այդ էջերում»:
Կրկին դառնալով կրճատումներին՝ նա հավելեց. «Ես առաջարկել եմ լուծարել Գնումների ՊՈԱԿ-ը, որը երկրորդում էր այն գործառույթը, որը կարող է լինել միասնական ամբողջ կառավարության համար: Չեմ կարծում, որ նման առաջարկները պետք է սվիններով ընդունել, ինչը մեր հասարակությունը պատրաստվում է անել, որովհետեւ առաջիկայում ուզում ենք լուծարել մի քանի ՊՈԱԿ եւս, որոնք երկրորդում են մեկը մյուսի գործառույթը: Պետք է կրճատվել, ձերբազատվել ավելորդ բեռից եւ շարժվել առաջ»:
Հարցրինք նաեւ, թե այս պահին քանի՞ խորհրդական ունի: «Երեք խորհրդական եւ երկու օգնական,-ասաց Արմեն Ամիրյանն ու հարցրեց,- շա՞տ են, թե՞ քիչ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջից: