«Ես բիզնես ունեցել եմ: Իմ ընտանիքը ունի՞՝ ունի՛»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը:
Խոսելով իր հայտարարագրած միլիոնների մասին՝ նա ասաց. «Իսկ ձեզ ո՞նց է թվում, եթե ես բիզնեսմեն եմ եղել՝ հաջողակ բիզնեսմեն 25 տարի, պետք է վաստակ չունենայի՞ այդ բիզնեսում: Եթե ես հաջողակ չլինեի, ուրեմն չէր լինի նաեւ այն, ինչ կար հայտարարագրում»:
Լրագրողները հարցրեցին՝ Դուք երկար ժամանակ չեք համաձայնել դառնալ ՊԵԿ նախագահ, ինչո՞ւ: Նա պատասխանեց. «Նման բան չկա»:
Վարդան Հարությունյանը խոսեց ՊԵԿ-ում կադրային փոփոխությունների մասին: Ասաց, որ թիմը համալրվում է իր մարդկանցով եւ այն մարդկանցով, որոնք պրոֆեսիոնալ են. «Այն մարդիկ, որոնք իմ դրած խնդիրները չեն կարողանալու կատարել, իրականացնել, միանշանակ լքելու են»:
Կարդացեք նաև
Լրագրողները ճշտեցին՝ այսինքն, նախկինում պրոֆեսիոնալ չէի՞ն՝ նա պատասխանեց. «Պրոֆեսիոնալ էին, բայց եկեք հասկացեք, որ բան է փոխվել: Խաղի կանոն է փոխվել, եւ այդ խաղի կանոնը ե՛ս եմ ֆիքսում: Ես ունեմ իմ ֆիքսած խաղի կանոնը եւ պետք է աշխատեմ այն թիմի հետ, որը որ ե՛ս եմ ընտրում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ