«Սաստիկ ցավից մարդիկ տառապում են եւ ՄԱԿ-ն այսօր գտնում է, որ այդպիսի ցավը չբուժելը հավասար է մարդուն խոշտանգելուն»,-այսօր Առողջապահական իրավունքի 1-ին «Առողջապահությունը եւ մարդու իրավունքները» խորագրով միջազգային համաժողովի ժամանակ ասաց Բաց Հասարակության Հիմնադրամներ-Հայաստանի տնօրեն Լարիսա Մինասյանը:
Ըստ տիկին Մինասյանի, բժշկագիտության զարգացման ներկայիս փուլում հնարավոր է մարդու բուժօգնությունը կազմակերպել` մարդուն զերծ պահելով ցավից եւ տառապանքից:
«Այսօր ուժեղ ցավից, որը որ մշտապես կա մի շարք հիվանդությունների` առաջինը քաղցկեղի դեպքում, այդ ցավը բուժելու, ամոքելու հնարավորություն ունեն այդ ցավից տառապողների ընդամենը 3 տոկոսը: Այդ դեղամիջոցների թե’ հասանելիության, թե’ դուրսգրման, թե’ քանակների հետ կապված կան խնդիրներ: Իսկ որ ամենակարեւորն է մենք ունենք օրենսդրական խնդիրներ:
Հոգեկան խնդիրներ ունեցող հիվանդների ընդամենը 30 տոկոսը պետք է լինեն հոգեբուժարաններում, իսկ մնացածը, որոնք հիմա այնտեղ են, կարող են ապրել լիարժեք եւ լիակատար կյանքով, սակայն չունեն այդ հնարավորությունը»:
Կարդացեք նաև
Մանրամասները` տեսանյութում
Այս առնչությամբ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, որը նույնպես մասնակցում էր համաժողովին, ասաց, որ պետք է հոգեկան առողջության փոքր տների մոդելներ ներդնել, որոնք կփոխարինեն խորհրդային տարիներից մնացած մեծ հաստատություններին` հոգեբուժարաններին եւ այդ դեպքում թե’ ծառայությունները եւ թե’ ծախսը առավել արդյունավետ ու հասցեական կլինի. «Խոշոր հաստատություններում խնամքը չի կարող համեմատվել փոքր տան մոդելի հետ»:
Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանի խոսքերով, այդ ծառայությունների ներդրմամբ, բժիշկներին թույլ են տալու ավելի շատ մարդկանց նշանակել ցավամոքիչ դեղորայք, ինչը նախկինում կապված էր մի շարք ստուգումների եւ բարդությունների հետ:
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ կան իրավունքներ, հանուն որոնց պետությունները միավորում են իրենց ջանքերը եւ դրանցից է մարդու առողջության իրավունքը:
Լարիսա Մինասյանը հայտնեց, որ պալիատիվ` ամոքիչ խնամքի ռազմավարությունն արդեն կառավարությունում է:
Մանրամասները` տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ