Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կանեմ՝ կտեսնեք, անելու եմ». ՊԵԿ նախագահը աչքալուսանք տվեց՝ բանանի նոր ներկրող է հայտնվել

Նոյեմբեր 07,2016 14:49

«Քայլերը կանեմ՝ կտեսնեք: Պայքարելու եմ ստվերի դեմ, կպայքարեմ՝ կտեսնեք: Կամ պիտի պայքարենք, կամ պիտի չպայքարենք: Ես միտված եմ պայքարելու: Այո՛ կկարողանանք: Ո՞նց եմ պայքարելու, պայքարելու եմ պայքարելով»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ-ի նորանշանակ նախագահ Վարդան Հարությունյանը:

Լրագրողները հիշեցրին, որ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս գրիգը» 2 մլրդ-ով նվազեցրել է վճարած հարկերը, սա՞ է ձեր պայքարի արդյունքը: Նա պատասխանեց. «Ինչի՞ եք դուք այդպիսի գնահատական տալիս: Բերեք հասկանանք հարկերը նվազեցրել են ինչի արդյունքում: Նվազել է շրջանառությունը, ներմուծումը, թե՞ դա ստվեր է: Եթե ստվեր է, ես ձեզ հավաստիացնում եմ, որ պայքարելու եմ: Իսկ եթե ընդամենը շրջանառության նվազման արդյունքում է՝ այլ խնդիր է»: Թե իրականում ինչի արդյունքում է նվազել՝ ՊԵԿ նախագահը խոստացավ այդ հարցի պատասխանը տալ վաղը:

Հարցին՝ քանի՞ հոգի են ոգեւորվել վարչապետի այն հայտարարությունից, որ ով ինչ ապրանք ուզում ՝, կարող է ազատ ներկրել, Վարդան Հարությունյանը պատասխանեց. «Դիզելային վառելիք ներկրող ունենք, բանան ներկրող ունենք: Մեկ-երկու մեքենա արդեն ներկրել է: Հարկային-մաքսային մարմինների կողմից ոչ մի խոչընդոտ չի եղել»:

Հարցին՝ Դուք խոսեցիք ստվերի դեմ պայքարի մասին, բոլորը խոսում են, դուք առավել եւս գիտեք, թե ովքեր են ստվերում, ձեզ ինչքա՞ն ժամանակ է պետք, որ ուսումնասիրեք, ավարտեք եւ հայտարարեք, թե ովքեր են ստվերում եւ ինչ քայլեր են իրականացվելու: Նա պատասխանեց. «Ես իմ փոխարեն եմ պատասխան տալիս: Կարող եմ ասել այն, ինչ ես եմ անելու: Իհարկե, յուրաքանչյուր հարկային տեսչության պետ պետք է իր տարածքում ունենա, գույքագրի, հասկանա, ներկայացնի: Եթե կա ստվեր, ես պետք է տեղը իմանամ: Շատ կարճ ժամանակ է հարկավոր դրա համար: Երկար ժամանակ դրան պետք չի: Գույքագրելուց հետո պետք է պայքարեմ դրա դեմ, որը անելու եմ: Ասում եք՝ ոնց եք պայքարելու՝ տարբեր ձեւեր կա: Միակ ձեւը՝ պետք է պայքարել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930