Լրահոս
Օրվա լրահոսը

Մկրտիչ Մինասյան. «20 տարի հետո լավ ենք ապրելու» (Տեսանյութ)

Նոյեմբեր 07,2016 14:43

«Առավել իրատեսական եւ կայունություն ապահովելու ծրագիր է, որը հետագայում տնտեսության եւ մեր կյանքին մոնոտոն զարգացում է ապահովելու»,- սա ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանի «մեկ նախադասությամբ» բնութագիրն է կառավարության ծրագրին:

Ծրագրի տրամաբանական շարունակությունը նա համարում է 2017 թվականի բյուջեի նախագիծը, որն այս օրերին խորհրդարանում է քննարկվում: Նախագծով եկող տարվա համար նախատեսված է 3,6 տոկոս տնտեսական աճ: Մկրտիչ Մինասյանը սա, իհարկե, բավարար չի համարում, բայց ասում է`այս պահին այլ հնարավորություն չկա` ելնելով աշխարհաքաղաքական եւ համաշխարհային տնտեսության զարգացումներից: «Այս պահի համար սա իրատեսական եւ հանրությանը համախմբելու հնարավորություն է»,- ասաց նա:

Aravot.am-ը նկատեց`տարածված տեսակետ կա, որ իր գործունեության ընթացքում Կարեն Կարապետյանը պետք է որոշակի տնտեսական ակտիվություն ապահովի, բիզնեսի համար մրցակցային դաշտ ապահովի, գազի եւ էլեկտրաէներգիայի էժանացման ուղղությամբ էլ քայլեր արդեն արվում են, որպեսզի գարնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ փրկի ՀՀԿ-ի դեմքը` ապահովելով մեծամասնություն, ու պահպանի վարչապետի աթոռը`Սերժ Սարգսյանի համար: Հիշեցնենք, որ Սահմանադրական բարեփոխումներից առաջ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ վարչապետի պաշտոնը այլեւս չի զբաղեցնելու, սակայն, վերջերս տված մի հարցազրույցում, ի պատասխան լրագրողի հարցի՝ նա ասաց, որ վաղ է այդ մասին խոսելը:

Սերժ Սարգսյանի`վարչապետի պաշտոնը կրկին ստանձնելու մասին խոսելը Մկրտիչ Մինասյանը եւս վաղ է համարում:

Այլ մանրամասները`տեսանյութում

Արդարության վերականգնումը հայի համար առհասարակ եւ այս պահին մասնավորաբար, Մկրտիչ Մինասյանը կարեւորագույն հարց է համարում: Այն «ուղերձները», որոնք տրվում են վարչապետի կողմից, դրանց արձագանքները, ՀՀԿ-ական պատգամավորին հույս են տալիս` լավատեսորեն տրամադրվելու: Իրեն ուրախացնում է նաեւ վարչապետի անկեղծությունը, որն իր հայտարարություններում չի փորձում ժողովրդահաճո երեւալ`ասում է իրականությունը: Ուստի Մկրտիչ Մինասյանը հուսով է, որ համընդհանուր աջակցության դեպքում, արագ եւ դրական արդյունքներով դուրս կգանք իրավիճակից:

Կառավարման համակարգում իրականացվող կրճատումները, ՀՀԿ-ական պատգամավորը չի կարծում, թե հասարակական ընդվզում կառաջացնեն, քանի որ դա արվում է երկրի զարգացումն առավել արդյունավետ կազմակերպելու համար: Չի բացառում, որ որոշ նախկին պաշտոնյաներ դժգոհություններ ունենան. «Մեկ-երկուսը կարող են տուժել, բայց հանրությունն ու երկիրը կշահի»:

Միայն նախարարների փոփոխությամբ, ի դեպ, ըստ նրա, էական փոփոխություններ չեն լինի: Փոփոխությունները պետք է անցնեն նաեւ պետական կառավարման համակարգի երկրորդ եւ երրորդ շերտերը, որպեսզի դրանք համակարգային դառնան: Մկրտիչ Մինասյանը վստահ է`մոտակա հինգ-տասը տարիների ընթացքում դրական արդյունքների առաջին ծիծեռնակները կտեսնենք, երկու տասնամյակ հետո`իրական արդյունքները:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930