Լուսանկարում առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանն է, որը միակ բարձրաստիճան պաշտոնյան է ՀՀ-ում, որ հրաժարվել է ծառայողական ավտոմեքենայից եւ աշխատանքի է գալիս հեծանվով:
Նա մեզ հետ զրույցում ասաց, որ նախարարությունից ընդամենը 1 կմ հեռավորության վրա է ապրում, կարող է նաեւ ոտքով գալ: Մեր հարցին՝ ծառայողական մեքենա չունե՞ք, նա պատասխանեց. «Միգուցե ինչ-որ տեղ թղթի վրա գրված է, որ ունեմ, բայց ես այդ մեքենան չեմ տեսել եւ, ճիշտն ասած, մոտ ապագայում չեմ էլ ցանկանում տեսնել: Կարիքը չունեմ: Ես իմ անձնական մեքենան ունեմ, բավականին քիչ եմ օգտագործում՝ շաբաթական 1-2 անգամ, երբ ստիպված եմ քաղաքից դուրս գնալ ընտանիքիս հետ: 34 տարեկան եմ, երեւի 20 տարի է՝ հեծանվով եմ շրջում, փոքր հասակից ինձ հետ է եղել հեծանիվը»:
Երբ հարցրինք՝ բա որ մարզ գործուղման ուղարկեն, ի՞նչ եք անելու, փոխնախարարը 2 տարբերակ դիտարկեց՝ ոչինչ չի պատահի, որ սեփական մեքենայով գնամ, բացի այդ, վերջիվերջո հանրային տրանսպորտ կա:
Լուսանկարը՝ Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆԻ
«Առավոտ»
05.11.2016