Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի վստահեցմամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունության պահպանման հարցը կախված է նավթի գներից:
«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Իսկանդարյանը, համեմատելով իրավիճակը ապրիլից առաջ և ապրիլին, նշեց, որ այժմ քիչ թե շատ ստացվում է կայունություն պահպանել, քանի որ համանախագահները ճնշում են գործադրում Ադրբեջանի վրա:
Դառնալով Թուրքիայում տիրող իրավիճակին՝ պարոն Իսկանդարյանը նկատեց. «Թուրքիան ավելի ու ավելի է ընթանում սուլթանիզացման, ադրբեջանականացման ճանապարհով: Եթե նախկինում Ադրբեջանն էր վերածվում Թուրքիայի, ապա այժմ Թուրքիան է վերածվում Ադրբեջանի: Այս գործընթացն ակնհայտ է դարձել Թուրքիայում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո՝ ընտրություններ, հեղաշրջման փորձ, քրդամետ կուսակցության պատգամավորների ձերբակալություններ: Ըստ էության Էրդողանի վրա որևէ հակազդեցություն չկա. քաղաքական ակտիվիստներն ու կուսակցություններն ուժեղ վերահսկողության ներքո են գտնվում»:
Ստեղծված իրավիճակում պարոն Իսկանդարյանը հեռանկարում չի տեսնում այն, որ Էրդողանը ընտրական ճանապարհով կհեռանա իշխանությունից:
Կարդացեք նաև
Հարցին՝ թուրք հասարակության կողմից ինչպե՞ս կընկալվի մահապատժի օրինականացման մասին Էրդողանի հայտարարությունը, Ալեքսանդր Իսկանդարյանը պատասխանեց. «Թուրք հասարակությունն արդեն չունի հնարավորություն ընդունել կամ ոչ: Իհարկե, կլինեն ցույցեր, կգրեն, բայց դա նշանակություն չունի: Թուրքիայում խայտառակ վիճակ է: Քեմալական Թուրքիայի հիմքը՝ բանակը, քանդվում է, մարդիկ արտագաղթում են»:
Պարոն Իսկանդարյանի կարծիքով՝ թեև Թուրքիայում տիրող իրավիճակը դուր չի գալիս միջազգային հանրությանը, բայց այդ երկրները, այնուամենայնիվ, կշարունակեն համագործակցել Թուրքիայի հետ:
Իրաքում տեղի ունեցող զարգացումները ևս պարոն Իսկանդարյանն ուղղակիորեն կապում է Հայաստանի հետ՝ փաստելով, որ Իրաքը տարածքային առումով բավականին մոտ է գտնվում Հայաստանին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ