Այսօր ԱԺ տնտեսական եւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության 2017-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի եւ Վարդան Այվազյանի միջեւ «տղայական ռազբորկա» եղավ:
Արամ Մանուկյանը Հյուսի-Հարավ մայրուղու կառուցման մասին հարց ուղղեց նախարար Վահան Մարտիրոսյանին: Նա ասաց, որ Երեւան-Աշտարակ, Երեւան-Արտաշատ ճանապարհահատվածներում կամուրջներ են գործարկել, հետո փակել եւ այդ պատճառով եղել են մահվան ելքով ավտովթարներ:
Նախարարը պատասխանեց. «Իհարկե, եղել են թերացումներ, որեւէ մեկը չի ժխտում, բայց որ ասում եք՝ ճանապարհը վնասվել է, ճանապարհը վնասված չի: Ինչ վերաբերում է ճանապարհի բացմանը եւ փակմանը, 2017-ի վերջին է նախատեսվում, բայց քննարկումներ արեցինք, որ ընդհանուր ամբողջ ճանապարհը երեւի կբացվի մինչեւ մայիսը, կամուրջները կվերանորոգեն վերեւից, արդեն չի խանգարի երթեւեկությանը»:
Կարդացեք նաև
Մահվան ելքով վթարների հետ կապված նախարարն ասաց, որ հետաքննություն է գնում, սպասենք արդյունքներին, մինչ այդ չենք կարող ասել, որ այդ ճանապարհի պատճառով է եղել վթարը, կարող է խմած է եղել: Արամ Մանուկյանն արձագանքեց, որ հարվածից է եղել, բախվել է ճանապարհին՝ Վարդան Այվազյանը սկսեց միջամտել, թե՝ արդեն ճանապարհային երթեւեկությանն անցար, թեմայի մեջ խոսիր: «Հանգիստ»,- ասաց Արամ Մանուկյանը՝ Վարդան Այվազյանին:
Վերջինս էլ հանգստանալու փոխարեն բորբոքվեց, թե հանձնաժողովի նախագահը ինքն է, ինքն է նիստին հետեւում. «Ես հանգիստ եմ, դո՛ւ հանգստացի»:
Արամ Մանուկյանն էլ նրան նետեց՝ հանգիստ եք, ուրեմն մի՛ արձագանքի: Վարդան Այվազյանը ձայնը բարձրացրեց՝ «Ոնց որ կռիվ ման գաս»: Արամ Մանուկյանը հորդորեց իրեն չխանգարել, թողնել հարցը տա: Վարդան Այվազյանն էլ պնդեց, որ միայն բյուջեի վերաբերյալ խոսի. «Լսի՛, դու չես որոշում խանգարեմ, թե չէ: Ես քո համար խանգարող չեմ նստած ստեղ: Դու բյուջեի վերաբերյալ հարցդ տուր»:
Արամ Մանուկյանը նախարարին դիմեց՝ ասելով, որ ճանապարհի միջոցները մսխվում են, կրկնակի ծախս է եղել նույն հատվածի վրա: Նա հարցրեց՝ ե՞րբ է Հուսիս-Հարավի կառուցումն ավարտվելու եւ վարկային ներդրումներ դեռեւս լինելո՞ւ է պետական պարտքը ավելանալո՞ւ է:
Նախարարը պատասխանեց, որ մասնավոր ներդրողների հետ են քննարկում՝ փորձելով վարկային բեռը թեթեւացնել. «Իհարկե, եթե կառուցվի, լինելու է, բայց արդյունավետությունը գնահատելուց հետո տեսնենք որ հատվածներն են ավելի շուտ անելու»:
ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ դժգոհեց բաց երկնքի քաղաքականությունից, նաեւ՝ Հարավկովկասյան երկաթուղի ընկերությանը սուբսիդավորելուց. «Էդ ի՞նչ սուբսիդիա եք տալիս, ինքը պիտի ներդրումներ անի, մի բան էլ սուբսիդիա՞ եք տալիս: Այդ հարցը պետք է լուծեք»:
Վարդան Այվազյանը նույնպես միացավ Մելքումյանի դժգոհությանը. «Հասկանալի է կոնցեսիոն պայմանագիր ունեն, բայց մի՞թե նախարարությունը չունի վերահսկողական մեխանիզմներ, չէ՞ որ կարելի է չհասնել աբսուրդի, ինչի՞ պիտի երկաթգիծը այդպես լինի, Փոթիից մինչեւ Այրում ավելի էժան արժի, քան Այրումից մինչեւ Երեւան: Ամենաթանկ տեղափոխման գինն է»: Հարցն ուղելուց հետո Վարդան Այվազյանը, կանխագուշակելով նախարարի պատասխանը, նրան հուշեց. «Կուզեք պատասխանեք, կուզեք՝ մի պատասխանեք, ասեք, որ ձեռնամուխ կլինենք,՝ էդքանը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Այս պարոնի տեղը (ՎԱ) վաղուց ՔՀն պետք է լիներ: