ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի բազմաթիվ հայտարարություններից պարզ է դառնում, որ նոր կառավարությունը լի է վճռականությամբ և փորձելու է հնարավորինս թափանցիկ աշխատել, որը ժողովրդավարության ամենահիմնական սկզբունքներից մեկն է: Թափանցիկությունը՝ ցանկացած գործունեության վերաբերյալ առաջնային, կարևորագույն տեղեկատվության ներկայացումն է հասարակությանը, որով փաստացի թափանցիկություն ապահովող կառույցը հետադարձ կապով հասարակության կողմից օպերատիվորեն կստանա գնահատականներ և առաջարկություններ, որոնց ընդունման պարագայում, դրանք տեղ կգտնեն տվյալ կառույցի հետագա գործունեության ծրագրերում:
Կառավարությունն արդեն ձևավորված է, ներկայացված է նրա ծրագիրը, մեկնարկել են 2017թ. բյուջեի քննարկումները և հասարակությունն այսպես, թե այնպես, որոշակիորեն տեղեկացված է այդ գործընթացներից: Թե, ինչպիսին կլինի դրանց ընթացքը և հետագա ճակատագիրը, ցույց կտա կյանքը, սակայն ավելորդ չեմ համարում չափազանց կարևոր մի երևույթի մասին, այնուամենայնիվ, բարձրաձայնել: Խոսքը կառավարության և առանձին-առանձին վերցրած նախարարությունների աշխատանքի թափանցիկության, այն է՝ ամսական կտրվածքով այդ մարմինների կողմից կատարվող աշխատանքների, ստացվող մուտքերի, իրականացվող ծախսերի և արձանագրվող կոնկրետ արդյունքների մասին հասարակությանը մշտապես տեղեկատվության տրամադրման մասին է: Իհարկե, եթե հետևենք այդ կառույցների կայքերին, ապա դրանցում ներառված տեղեկատվության մեջ բավականին հարցերի պատասխաններ կգտնենք: Օրինակ, նշված տեղեկատվությունների մեջ կնկատենք կառավարությունում և նախարարություններում տեղի ունեցած բազմաթիվ հանդիպումների, քննարկումների, կոնֆերանսների, մոտակա ու հեռահար պլանների, մշակվող նորարարությունների, տարաբնույթ համագործակցությունների, հասարակական տարբեր շերտերի համար նախատեսվող ծրագրերի ու նմանատիպ շատ այլ ուղղություններով իրականացվող ու իրականացվելիք ծրագրերի, մշակումների, ձեռնարկումների մասին մանրամասն տեղեկատվություն, որը շատ գովելի է, սակայն դրանք հիմնականում հետաքրքրում են հասարակության որոշակի նեղ շերտերի: Իսկ ամբողջական հասարակության համար, կարծես այդ տեղեկատվությունն այնքան էլ բավարար չէ, և այն դրանց զուգահեռաբար, ցանկանում է ավելի կոնկրետացված տեղյակ լինել, թե, օրինակի համար՝ անցած ամսվա ընթացքում կառավարությունն ու նախարարությունները բյուջեից՝ ըստ տողերի, որքան գումարներ են ստացել, ինչ նպատակներով ու ինչ կոնկրետ գործեր են իրականացրել և շարունակում են իրականացնել, բացված տողերով՝ որ գործի համար ինչքան գումարներ են ծախսել և հասարակությանը՝ ի հնարավորին հասու լեզվով՝ տոկոսային կամ քանակական արտահայտությամբ ներկայացվի իրականացված գործերի արդեն ստացված ու իրականացվելիք գործերի սպասվող արդյունքների, տնտեսված (գերազանցած) գումարների վերաբերյալ կոնկրետացված տեղեկատվություն:
Ասվածը ոչ այլ ինչ է, քան ամսական կտրվածքով հասարակությանը տրվելիք հաշվետվություն, որով հասարակությունն առաջին հերթին տեղեկացված կլինի, թե ուր են գնում պետությանը վճարած իր գումարները, երկրորդ՝ արդյոք արդյունավետ են ծախսվում այդ գումարները և ստացված արդյունքները որքանով են հուսադրող և որքանով են դրանք համապատասխանում իր սպասված ակնկալիքներին:
Այսպիսի մոտեցման դեպքում, չափազանց կարևորվում է հասարակություն և կառավարման մարմիններ հետադարձ կապը, որի ընթացքում հասարակության կողմից կհնչեն գնահատականներ և առաջարկություններ, որոնք էլ պետք է դառնան այդ կառույցների ռազմավարական և մարտավարական ուղենիշները, ինչպես նաև նրանց կուղղորդեն առաջ շարժվելու ավելի ճշգրիտ, արդյունավետ, ոգևորող ու ռացիոնալ հետագծով:
Կարդացեք նաև
Արդյունքում այդ կառույցները և դրանց աշխատակազմերն ավելի վստահաբար կիրականացնեն իրենց պարտավորությունները, քանզի իրենք կփորձեն իրականացնել պատվիրատուի, տվյալ դեպքում հասարակության նախանշած պատվերները: Իսկ դրանից ավելի Աստվածահաճո վիճակ չի լինում, երբ հասարակության ներդրած միջոցներով իրականություն ես դարձնում նրա ծրագրերը:
Բազմիցս է ապացուցված, որ եթե չկա հետադարձ կապ հասարակության և մարդու, հասարակության և կոլեկտիվի միջև, հասարակության կողմից չկա համապատասխան վերահսկողություն մարդկանց գործունեության նկատմամբ, ապա մարդն իրեն պատասխանատու չի զգում և անում է ոչ թե այն, ինչ պարտավոր էր անել, այլ անում է այն, ինչ իրեն է հարմար…
Տոկունություն ու հաստատակամություն նոր կառավարությանը…
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
ՀՀ Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ