Լրահոս
Օրվա լրահոսը

«Մրցակցային դաշտը խթանում է կատարողական արվեստը»

Նոյեմբեր 07,2016 13:30

Ըստ կոնսերվատորիայի ռեկտորի, ի տարբերություն մյուս ոլորտների, երաժշտարվեստում չկա մենաշնորհ

Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան հայաստանյան երաժշտական կյանքում առաջատարի դեր է ստանձնել մի շարք նախագծերի, այս դեպքում՝ դասական երգեցողության մրցույթների իրականացման հարցում:

Տաթեւիկ Սազանդարյանի անվան մեներգիչների հանրապետական 7-րդ մրցույթն էլ բացառություն չէ, որը մեկնարկեց հոկտեմբերի 20-ին եւ կավարտվի նոյեմբերի 6-ին՝ Ազգային օպերային թատրոնում կայանալիք մրցույթի դափնեկիրների գալա համերգով: Մրցույթին աջակցում է ՀՀ մշակույթի նախարարությունը, դերակատարում ունեն նաեւ Հայաստանի երաժշտական ընկերությունն ու Ազգային օպերային թատրոնը:

«Առավոտն» իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով հանդիպեց պրոֆեսոր, կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանի հետ: Մեր զրուցակիցը նախ հիշեցրեց, որ մեծանուն երգչուհու անվան հերթական այս մրցույթը նվիրվում է նրա ծննդյան 100-ամյա հոբելյանին, հետո էլ հակիրճ էքսկուրս կատարեց՝ ներկայացնելով Սազանդարյանի մանկավարժական գործունեությունն ու հատկապես Փառանձեմի (Չուխաջյանի «Արշակ Բ»), Թամարի եւ Ալմաստի (Տիգրանյանի «Դավիթ-Բեկ», «Ալմաստ») դերերգերը՝ որպես հայկական օպերայի կատարողական արվեստի գոհարներ: Ռեկտորը փաստեց նաեւ, որ Տաթեւիկ Սազանդարյանի մանկավարժական գործունեությունը Երեւանի կոնսերվատորիայում սկսվել է 1961թ. եւ ավարտվել 1999թ., մինչեւ նրա երկրային կյանքի ավարտը:

sazandaryan

Տաթեւիկ Սազանդարյանը՝ Փառանձեմի կերպարում:

Խոսելով մրցույթի մասին, պարոն Շահինյանը, մասնավորապես, ասաց. «Մեր կոնսերվատորիայում այսօրվա ուսանողներն ու շրջանավարտները՝ ավելի քան 40 վոկալիստ, այս օրերին մրցում էին հայ օպերային բեմի երախտավորի, կոնսերվատորիայի պրոֆեսորի անվան մրցույթի դափնեկրի պատվավոր կոչմանն արժանանալու համար»:
Հետաքրքրվեցինք՝ մտավախություն չունի՞, որ կոնկրետ այս մրցույթի մրցանակակիրները անվանի երգիչներ Թամարա Շահնազարյանի, Գոհար Գասպարյանի, Արշավիր Կարապետյանի, Պավել Լիսիցյանի անվան մրցույթների (որոնց նախաձեռնողը նույնպես կոնսերվատորիան է) որոշ մրցանակակիրների օրինակով կմեկնեն, ասենք, եվրոպական երկրներ՝ օպերային երգչի կարիերա անելու նպատակով: Նման օրինակները վերջին շրջանում այնքան շատ են, որ անհրաժեշտություն չենք տեսնում թվարկել այսօր աշխարհով մեկ սփռված մեկ-երկու երիտասարդ երաժշտի անուն: «Աշխարհում չեք հանդիպի եւ ոչ մի կոնսերվատորիա կամ երաժշտական ակադեմիա, որը կադրեր կրթի հենց միայն իր երկրի համար:

Այլ հարց է, որ Հայաստանի երաժշտական շուկայում, այո, պահանջարկը շատ ավելի քիչ է, քան առաջարկում ենք: Իմիջիայլոց, խորհրդային տարիներին մեր կոնսերվատորիայի բազմաթիվ շրջանավարտներ իրենց գործունեությունը սկսել կամ շարունակել են Հայաստանից դուրս: Երիտասարդ երաժշտի ընտրությունն է՝ որ երկրում կարիերա սկսել, առավել եւս, երբ մեր նորագույն պատմության ընթացքում որդեգրել ենք եվրոպական չափանիշներ, այսինքն՝ կադրեր ենք պատրաստում ոչ միայն մեր, այլեւ համաշխարհային շուկայի համար»,- հայտնեց պարոն Շահինյանը: Հետո էլ հավելեց. «Հասկանում եմ մտահոգությունը, կա նման բան: Երիտասարդը բարձր վարձատրվող աշխատանք է որոնում ու այլ երկրում գտնում: Մյուս կողմից էլ, այդ փաստը խոսում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի բարձր կրթական մակարդակի մասին: Կարծում եմ՝ մտահոգվելու կարիք չունենք, քանի որ վերջին 8-10 տարիներին մեր երկրում տարվող կրթական ու մշակութային ռազմավարությունն այնպիսին է, որ կրթական ոլորտը ջանք չի խնայում որակյալ կրթություն ապահովելու առումով, իսկ մշակութային ռազմավարությունն աստիճանաբար առաջընթաց է ապրում: Չի բացառվում, որ առաջիկայում այլազգի երիտասարդ երաժիշտներ իրենց կարիերայի համար ընտրեն մեր երկիրը»:

Մեր դիտարկմանը, թե կարծիք կա, որ վերջին շրջանում Երեւանը փառատոնախեղդ է արված, ինչի արդյունքում հանդիսատեսը չի կարողանում ընտրել, թե որ համերգին ներկա գտնվի, էլ չխոսենք, որ հենց այս փառատոների շնորհիվ կոլեկտիվների միջեւ մրցակցությունն այնքան մեծ է, որ բերում է տարաձայնությունների: Այս դիտարկմանն ի պատասխան՝ Շահեն Շահինյանը նշեց, թե կոնկրետ ինքը լավ է վերաբերվում մրցակցությանն ու նույնիսկ երբեմն ծագած տարաձայնություններին, հիմնավորելով, թե դրանց շնորհիվ է, որ արվեստն առաջընթաց է ապրում: «Իրոք ստեղծվել է մրցակցային դաշտ, ինչը խթանում է կատարողական արվեստը: Մյուս կողմից՝ դա ենթադրում է մենաշնորհի բացակայություն, ի տարբերություն այլ ոլորտների»,-հայտնեց ռեկտորը:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

«Առավոտ»

05.11.2016

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930