Լրահոս
Օրվա լրահոսը

Խնկածաղիկը՝ կենտրոնական նյարդային համակարգը հանգստացնող միջոց

Նոյեմբեր 07,2016 12:30

Հնդկաստանում խնկածաղիկից ստացվող
եթերայուղն օգտագործվում է որպես օրգանիզմի որոշ
ֆունկցիաներն ակտիվացնող եւ ընդհանուր կազդուրիչ միջոց

Խնկածաղիկը բնաբուժության մեջ շատ օգտագործվող դեղաբուս է: Բուժական նպատակով օգտագործվում է հիմնականում բույսի վերգետնյա մասը։ Հոտավետ է, ունի դաոը, բայց դուրեկան համ։

Քիմիական կազմը։ Պարունակում է եթերայուղ, ֆենոլ, թիմոլ, վիտամին C, դաբաղող նյութեր եւ ցնդող հոտավետ միացություններ։

Բուժական ազդեցությունը։ Ունի հակաբորբոքային, մանրէասպան, ցավազրկող, ստամոքսահյութի արտադրությունը խթանող, լեղամուղ, միզամուղ, խորխաբեր ազդեցություններ։ Արտահայտված է նաեւ բույսի ընդհանուր հանգստացնող հատկությունը։ Կիրառվում է սուր եւ քրոնիկ բրոնխիտների, կապույտ հազի, ստամոքսի եւ աղիների կծկանքի, նյարդային բարձր գրգռվածության, ախորժակի բացակայության, դեղնախտի, լեղապարկի եւ լյարդի հիվանդությունների, ինչպես նաեւ քոր եկող էկզեմաների եւ թարախակալված վերքերի ժամանակ։

Տարբեր ազգեր այս դեղաբույսը օգտագործել են եւ շարունակում են օգտագործել մի շարք հիվանդությունների բուժման նպատակով: Բուլղարական ժողովրդական բժշկության մեջ խնկածաղիկը կիրառվում է սուր եւ քրոնիկական բրոնխիտների, կապույտ հազի, նյարդային լարվածության, վատ ախորժակի ժամանակ, իսկ լոգանքների ձեւով` մաշկի քորի եւ թարախային վերքերի բուժման համար: Ռուսական ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսը լայն ճանաչում ունի ցրտառական հիվանդությունների, հազի, թոքային պալարախտի, ռեւմատիզմի, անդամալուծության, ընկնավորության, աղեխիթի եւ սակավ դաշտանի բուժման մեջ: Արտաքին ձեւով օգտագործվում է գլխացավերի (լվացման եղանակով), մաշկային ցանավորումների ժամանակ: Ուկրաինական ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսի եփուկը օգտագործվում է ստամոքսաաղիքային տրակտի, կոկորդի եւ կանացի մի շարք հիվանդությունների ժամանակ: Թուրմը տալիս են հոգեկան ընկճվածության, թախիծի եւ ընդհանուր կարկամածության ժամանակ, իսկ եփուկը` կոմպրեսի ձեւով, դնում են թարախապալարների եւ ուռուցքների վրա: Չեխական ժողովրդական բժշկության մեջ խնկածաղիկը օգտագործվում է գլխացավերի եւ վերին շնչուղիների կատառի ժամանակ՝ որպես ցավը հանգստացնող, հազը փափկացնող եւ քրտնամուղ միջոց: Գերմանիայում դեղաբույսը օգտագործում են կծկումնային չոր հազի եւ մարսողական տրակտի մի շարք հիվանդությունների ժամանակ:

Հնդկաստանում խնկածաղիկից ստացվող եթերայուղն օգտագործվում է որպես օրգանիզմի որոշ ֆունկցիաներն ակտիվացնող եւ ընդհանուր կազդուրիչ միջոց: Իվանո-Ֆրանկովսկի բժշկական ինստիտուտում փորձնական եղանակով հիմնավորվել է դեղաբույսի ուժեղ միզամուղ հատկությունը, իսկ կլինիկորեն պարզվել է, որ այն ունի կենտրոնական նյարդային համակարգը հանգստացնող, ախորժակը լավացնող, մարսողությունը կանոնավորող, լեղամուղ եւ քրտնամուղ հատկություններ. օգտագործվում է առանձին, ինչպես նաեւ այլ դեղաբույսերի հետ, կազմելով որոշ փքահան, կրծքային եւ քրտնամուղ թեյերի բաղադրիչ մասերից մեկը: Խնկածաղկի եթերայուղն օգտագործվում է ատամնաբուժության պրակտիկայում որպես ախտահանիչ եւ ցավազրկող միջոց, շնչարգելության եւ օրգանների սպաստիկ (ջղաձիգ) վիճակի ժամանակ: Արտաքին ձեւով այն օգտագործում են կոկորդի ողողումների, կոմպրեսների եւ լոգանքաջրերին բուրմունք տալու համար: Ըստ որում` հիմնավորված է դեղաբույսի հակամիկրոբային ակտիվությունը: Այն հակացուցված է հղիներին:

Կիրառման եղանակները։ Ջրաթուրմ՝ ներքին ընդունման համար։ 10 գրամ (2 ճաշի գդալ) հումքին ավելացնել 200 միլիգրամ եռացրած ջուր։ Տաքացնել ջրային բաղնիքում 15 րոպե տեւողությամբ, 45 րոպե հովացնել սենյակային ջերմության պայմաններում, քամել մնացած հումքը, մզել։ Ջրաթուրմը օգտագործել գոլ վիճակում, 1/2 բաժակ, օրական 2 անգամ, ուտելուց 15 րոպե առաջ։

Ջրաթուրմ` արտաքին ընդունման համար։ 100-200 գրամ հումքը թրմել 2-3 լիտր եռման ջրում։ Օգտագործել լոգանքի եւ թրջոցների ձեւով։

Եփուկ։ 10-15 գրամ հումքը եռացնել մեկ բաժակ եռման ջրում, 10 րոպե։ Խմել մեկ ճաշի գդալ, օրական 3 անգամ։

Ոգեթուրմ։ 1:2 հարաբերությամբ խառնել 70 աստիճանի սպիրտի հետ։ Խմել 20 կաթիլ ջրով, օրական 3 անգամ։

Յուղամզվածք։ Մի բուռ հումքը 8 ժամ թրմել կես լիտր ձիթապտղի կամ արեւածաղկի յուղի մեջ։ Քամել, օգտագործել ատամնացավի ժամանակ։

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ»

05.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930