«Նվիրիր կյանք» հիմնադրամի համահիմնադիր Չուլպան Խամատովան միացել է «Ավրորա» մարդասիրական մրցանակի Անկախ փորձագետների հանձնախմբին: Ռուսաստանցի հայտնի դերասանուհին, որը տարիներ շարունակ զբաղվում է մարդասիրական գործունեությամբ, մասնակցում է 2017 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկրի թեկնածուների նախնական դիտարկման փուլին:
Անկախ փորձագետների հանձնախումբը գործում է«Ավրորա» մրցանակի քարտուղարության կազմում: Հանձնախումբը, հավատարիմ մնալով «Ավրորա» մարդասիրական մրցանակի ընտրական չափանիշներին, ուսումնասիրում է մրցանակին առաջադրված բոլոր թեկնածությունները եւ քվեարկությամբ ընտրում անձնվիրությամբ և խիզախությամբ աչքի ընկնող 20-25 թեկնածուներին:
«Սարսափելի է կարդալ մեր օրերում տառապանքի եւ կյանքի ու մահվան սահմանագծում ապրող մարդկանց մասին, բայց սիրտս ջերմությամբ է լցվում, երբ ծանոթանում եմ այս անձնազոհ հերոսների պատմություններին: Նրանց գոյությունը եւ խիզախ ու նվիրված գործունեությունն ապացուցում են, որ ոչինչ կորած չէ, որ մարդկային կյանքը շարունակում է մնալ բացարձակ արժեք», – ասել է Չուլպան Խամատովան: «Չափազանց հպարտ եմ, որ ես էլ հնարավորություն ունեմ մասնակից դառնալ այս մարդասիրական շարժմանը եւ «Ավրորա» մրցանակի դափնեկրի ընտրության նախընտրական փուլին: Սա շատ կարեւոր եւ պարտավորեցնող փորձառություն է»:
Անկախ փորձագետների հանձնախմբի կազմում ընդգրկվում են մարդասիրության ոլորտի առաջամարտիկներ եւ մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այս տարի հանձնախմբի անդամներն են Միջազգային ճգնաժամային խմբի Աֆրիկայի ծրագրի տնօրեն դոկտոր Քոմֆորտ Էրոն, Ֆրանսիայի «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության նախագահ դոկտոր Մեգո Թերզյանը, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակի փորձագետ Պեդրո Մուրադյանը, The Elders խմբի նախկին տնօրեն Լեզլի-Աննա Նայթը, Բաց հասարակության հիմնադրամի պատվավոր նախագահ դոկտոր Արյեհ Նեյերը, ԱՄՆ պետքարտուղարի բնակչության, փախստականների և միգրացիայի հարցերով նախկին օգնական Էրիկ Շվարցը, Նյու Յորքի համալսարանի Ստերնի բիզնես դպրոցի Մարդու իրավունքների եւ բիզնեսի կենտրոնի տնօրեն պրոֆ. Մայքլ Պոզները, Crisis Action կազմակերպության արշավների տնօրեն Նիկոլա Ռեյնդորփը, լրագրող, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Ստեֆան Քյուրքջյանը եւ Արվեստների եւ գիտությունների ամերիկյան ակադեմիայի նախագահ Ջոնաթան Ֆանտոնը:
Կարդացեք նաև
«Ավրորա» մրցանակի նախընտրական փուլում ընտրված թեկնածուները ներկայացվում են Ընտրող հանձնաժողովին: Հանձնաժողովը գլխավորում է օսկարակիր դերասան եւ մարդասեր Ջորջ Քլունին: Ընտրող հանձնաժողովը «Ավրորա» մրցանակի հավակնորդների անունները կհայտարարի 2017 թվականի փետրվարին:
«Ավրորա» մրցանակի մասինՀայոց ցեղասպանության վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, «Ավրորա» մրցանակի դափնեկրին ամեն տարի շնորհվելու է 100.000 դոլար պարգեւ եւ բացառիկ հնարավորություն շարունակելու նվիրատվության շղթան՝ 1.000.000 դոլարի դրամաշնորհի առաջադրելով իրեն ոգեշնչած եւ գործի մղած կազմակերպություններին։ Մրցանակի դափնեկիրները ճանաչման են արժանանում այն բացառիկ ազդեցության համար, որ նրանք իրենց գործողություններով ունեցել են մարդկային կյանքի պահպանման եւ մարդասիրություն առաջ մղելու վրա։
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին
«Ավրորա» նախաձեռնության նպատակն է ստեղծել համաշխարհային մարդասիրական շարժում։ Այն իր արմատներով հասնում է Հայոց ցեղասպանություն, որին զոհ գնաց ավելի քան մեկուկես միլիոն հայ, ու հիմնված է այդ տարիներին տեղ գտած խիզախության ու վերապրումի ոգեշնչող պատմությունների վրա։ Սակավաթիվ հաջողակներ փրկվել են բացառապես խիզախ անհատների եւ մարդասիրական կազմակերպությունների միջամտության շնորհիվ։ Մեկ դար անց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը երախտագիտությամբ ներկայացնում է փրկվածների ու նրանց փրկողների պատմությունները՝ մեծարելով մարդկային ոգու տոկունությունը եւ փառաբանելով մարդասիրությունը։
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ստեղծում, ներառում եւ օժանդակում է նախագծեր, որոնց նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունն աշխարհի առավել հրատապ մարդասիրական հիմնախնդիրներից շատերի վերաբերյալ եւ քայլեր ձեռնարկել դրանց լուծման ուղղությամբ։ Այդ նախագծերից են «Ավրորա» մրցանակը, Aurora Dialogues քննարկումները, «Ավրորա» մարդասիրության ցուցիչը, Երախտագիտության նախագծերը եւ 100 LIVES նախաձեռնությունը։ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը IDeA (Հայաստանի Զարգացման Նախաձեռնություններ) բարեգործական հիմնադրամի ձեռնարկումն է։
Ավելին՝ www.auroraprize.com