Լրահոս
Օրվա լրահոսը

Շուշան Դոյդոյան. «Մեր բոլոր գործող անձինք պետք է ուղղված լինեն երեխայի շահի պաշտպանությանը»

Նոյեմբեր 06,2016 15:37

ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը մասնագիտական ուղեցույց է պատրաստում, թե ինչպես պաշտպանել երեխաների անձնական տվյալները՝ հիմնվելով միջազգային փորձի վրա:

Aravot.am-ի հետ զրույցում Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանը նշեց, որ շատ տարածված է երեխաների անձնական տվյալների տարածման խնդիրը. «Ընդ որում, տարածումը ոչ միայն երեխաների կողմից՝ որպես անչափահասներ, որոնք չեն գիտակցում իրենց գործողությունների խիստ վնասակար լինելը, բացասական ազդեցությունը, այլ նաեւ ծնողների կողմից, ինչը խիստ վտանգավոր է: Քանի որ երեխան չի կարողանում առարկել դրա դեմ, ուղղակի այդ տեղեկատվությունը հրապարակում են սոցիալական ցանցերում՝ չմտածելով, որ վաղը, երբ իրենց երեխան չափահաս կդառնա, ուղղակի ամաչելու է այդ տեղեկությունների համար: Պետք չէ մոռանալ, որ ինտերնետում ոչինչ չի մոռացվում, նույնիսկ եթե երեխան հետամուտ լինի դրանք ինչ-որ կայքերից հեռացնի, միեւնույն է, որ դրանք հավերժ մնալու են ինտերնետում»:

Շուշան Դոյդոյանը առանձնացրեց նաեւ կրթական հաստատությունների դերը, որոնք տեսահսկման համակարգի, լուսանկարներ հրապարակելու միջոցով երեխաների անձնական կյանք են ներխուժում. «Մենք այսքան կարեւորում ենք երեխաների անձնական կյանքը, քանի որ երեխան ինքն իրեն չի կարող պաշտպանել, եւ դրա համար է, որ երեխան հատուկ պաշտպանության կարիք ունի: Երեխայի կարծիքը ոչ ոք չի հարցնում, երբ որ դպրոցում դասասենյակում տեսահսկման համակարգ են տեղադրում, եւ երեխան նույնիսկ չի հասկանում, թե դա ինչ

ազդեցություն կարող է ունենալ ընդհանրապես, ինչպիսի միջամտություն է դա: Մյուս կողմից՝ ԶԼՄ-ները՝ որպես գործող կողմ, շատ կարեւոր դերակատարում ունեն, որովհետեւ ԶԼՄ-ները, լուսաբանելով իրադարձությունները, հաճախ կամա կամ ակամա հրապարակում են նաեւ դեռահասների, անչափահասների վերաբերյալ անձնական տվյալներ՝ դրանք դարձնելով հանրության սեփականություն: Իսկ երեխան վաղը շարունակելու է գնալ դպրոց, դուրս գալ բակ, կախված, թե  ինչքան բացասական լույսի ներքո է ներկայացվել երեխան, այդքանով վտանգի տակ ենք դնում այդ երեխայի հետագա կյանքը, բնականոն զարգացումը եւ այլն»:

Անդրադառնալով վերջերս համացանցում լայն շրջանառություն ունեցող անչափահասի տեսանյութին՝ Շուշան Դոյդոյանն ասաց, որ սոցիալական ցանցերում երեխաների անձնական տվյալների պաշտպանությունը խնդիր է ամբողջ աշխարհում: Նա ընդգծեց, որ երեխաները ծանոթ չեն սոցիալական ցանցերում գաղտնիության կարգավորումներին. «Մենք  այստեղ խնդիր ունենք աշխատելու նաեւ երեխաների հետ, որովհետեւ եթե երեխան մուտք է գործում սոցիալական ցանցեր, դառնում օգտատեր, ապա պետք է իմանա, թե ինչպես պետք է ապահովել գաղտնիության կարգավորումները, որպեսզի ապահովի իր անձնական կյանքի մինիմալ միջամտությունը: Դա դպրոցի խնդիրն է, եւ եթե դպրոցները խրախուսում են նոր տեխնոլոգիաներից օգտվելը, բայց առաջին դասը ոչ թե պիտի լինի, թե տեխնիկապես ինչպես օգտվել համակարգչից, այլ ինչպես ապահովել, որ մեր այս թվային համակարգում երեխան կարողանա անվտանգ օգտվել: Բայց մենք չենք կարող ակնկալել, որ երեխան կկարողանա իրեն անվտանգ պաշտպանել, դա առաջին հերթին ծնողի, ուսուցչի, պետական մարմինների պարտականությունն է: Մեր բոլոր գործող անձինք պետք է ուղղված լինեն երեխայի շահի պաշտպանությանը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930