Լրահոս
Օրվա լրահոսը

Հայարփի Սարգսյան. «Հովհաննես Հարությունյանի ոտքը մգանում է»

Նոյեմբեր 06,2016 14:20

Մարդու իրավունքի պաշտպանի աշխատակազմից «Առավոտ»-ին տեղեկացրել են, որ հոկտեմբերի 26-ին այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Հովհաննես Հարությունյանին:

«Այցի պահին Հովհաննես Հարությունյանի ոտնաթաթի շրջանում նկատվել է թույլ արտահայտված կարմրածություն, սրունքի հատվածի մաշկի գույնը եղել է անփոփոխ, ծնկային հոդի և սրունքի վերին հատվածում վնասվածքի մասում նկատվել է այտուցվածություն: Ոտնաթաթի շարժունակությունը եղել է ազատ, առանց սահմանափակման և Հովհաննես  Հարությունյանը քայլելիս փորձել է հենվել ոտնաթաթին:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակիցների հետ առանձնազրույցի ընթացքում Հովհաննես Հարությունյանը հայտնել է, որ այլ բժշկի խորհրդատվությամբ իրեն  ցուցվել է ևս մեկ վիրահատական միջամտության անհրաժեշտություն: Պաշտպանի ներկայացուցիչների կողմից իրականացված ուսումնասիրության ժամանակ, սակայն, Հովհաննես Հարությունյանի բժշկական փաստաթղթերի շարքում նման փաստաթուղթ կամ տվյալ չի հայտնաբերվել: Ուստի, Պաշտպանի ներկայացուցիչը կապ է հաստատել Հովհաննես Հարությունյանի փաստաբանի հետ և խնդրել տրամադրել այդ փաստաթղթերը, սակայն վիրահատության անհրաժեշտության վերաբերյալ բժշկական փաստաթուղթ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին այդպես էլ չի տրամադրվել»:

Այս մասին Aravot.am-ը զրուցեց փաստաբան Հայարփի Սարգսյանի հետ, վերջինս ասաց, որ նոյեմբերի 5-ին հանդիպել է Հովհաննես Հարությունյանի հետ. «Վիճակը նույնն էր, ինչպես միշտ: Այսինքն՝ ինչ, որ ասվում էր ճիշտ էր, ուղղակի ՄԻՊ-ը չգիտես, թե ինչու նման հայտարարությամբ է հանդես եկել: Այսինքն՝ չգիտեմ, թե ինչու է նման հայտարարություն տարածել՝ առանց ինձ տեղեկացնելու: Ինձ համար անհասկանալի է, որ ասում են Հայարփի Սարգսյանից փաստաթուղթ ենք պահանջել, Հայարփի Սարգսյանը չի տրամադրել: Հայարփի Սարգսյանը նոր է տեղեկանում, որ իրենքի ինձնից ինչ-որ փաստաթուղթ են պահանջում»:

Նա Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հերքում է պահանջում, որ նման փաստաթուղթ են պահանջել. «Թո՛ղ ինձ տրամադրեն հիմքերը, որ ինձնից որեւէ փաստաթուղթ են պահանջել: Ես հերքում եմ պահանջում»:

Անդրադառնալով Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակին՝ Հայարփի Սարգսյանն ասաց, որ երեք օր առաջ իր պաշտպանյալի քույրը հուզական ֆոնով գրառում էր կատարել, եւ անդամահատության պահանջ Հովհաննես Հարությունյանը իրեն չի ներկայացրել. «Այո՛, Հովհաննես Հարությունյանի ոտքը մգանում է, երեկ եւս ես դրան ականատես եղա ես դրան՝ կանգնած վիճակում ակնհայտ զգալիորեն ոտքի գույնը փոխվել էր, իսկ երբ ոտքը ցանկանում էր գետնին դնել չէր ստացվում, որովհետեւ ուժեղ ցավում էր: Ո՞նց են իրենց քայլեցրել, կարող է ոտքը մի կերպ ցավելով հազիվ դրել է գետնին, դա նկատի՞ ունեն»:

Հայարփի Սարգսյանն ասաց, որ իր հետ Հովհաննես Հարությունյանը խոսել է բուժման մասին. «Եթե ճիշտը խոսենք՝ առողջությունը իրեն չի հետաքրքրում, բայց ես որպես պաշտպան, տեսնելով իր վիճակը, պարտավոր եմ, տեսնելով իր նման վիճակը, քայլեր ձեռնարկել, որպեսզի իր առողջական վիճակը կարգավորվի: Իր բժշկական փաստաթղթերը ուղարկել եմ դուրս, որովհետեւ Հայաստանում չգտնվեց որեւէ բժիշկ, որը օբյեկտիվ եզրակացություն կտրամադրեր:

Ուղարկեցի, ստացա եզրակացություն, որտեղ նշված է, որ վիրահատության անհրաժեշտություն կա, քանի որ նմանատիպ վնասվածքների դեպքում վիրահատում են, հարցեր են առաջադրվել, ես այդ հարցերը ուղղել եմ բժիշկներին, պատճենը ուղարկել եմ առողջապահության նախարարին: Առողջապահության նախարարը բժիշկներին ցուցում է տվել բժիշկներին, որ հարցերին պատասխանեն, բայց իրենք թերի են պատասխանել՝ ընդհանրապես չեն անդրադարձել, թե ինչու չեն վիրահատել: Ես կրկին այդ հարցերն առաջադրել եմ, առ այսօր պատասխան չունեմ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Այս մէկ հատը հատկապէս անտանելի փաստաբանուհի մըն է… Այդ պակասող բժշկական փաստաթուղթի նյութով, տակավի՛ն չի հաստատում թէ զայն հայթայթելու է: Աւելի հետաքրքրված է խօսելով ինքն իր մասին, թատերական ձեւակերպություններով ասելու թէ ինք երբեք չի թերացել, եւայլն. Այդ ամենը շատ բարի, սակայն այդ բժշկական վաւերաթուղթը հանձնելո՞ւ ես, թէ ոչ ! Շտապ կերպով, եթէ այդքան վատ է հաճախորդիդ ոտքին վիճակը: Յետոյ գնա հաշիվներդ մաքրէ այս կամ այն ծառայության հետ, եւ ինքզինքդ ցուցադրէ աջ ու ձախ, որքան որ ցանկանաս:

  2. Հ.Շ. says:

    (Այս տեսակի փաստաբանի պարագային, իրավունք ունիք զգոյշ լինելու մեկնաբանությունների հարատարակման գծով, ի գին մի քիչ տեղի տալու՝ արատահայտության ազատության գետնի վրայ: Որովհետեւ, ինքնածանուցման նպատակներով, պատեհությունը կը փնտռեն – ի հարկին, կը ստեղծեն -, դատ բանալու թերթին դէմ… Նոյնիսկ եթէ դատը կորսնցնեն, ոչինչ, այդ չէ հիմնական նպատակը…)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930