Ինչքան հիշում եմ՝ մեր իշխանավորները մշտապես պայքարում են կոռուպցիայի դեմ: Հատկապես իշխանական կուսակցությունն է պայքարում: Հատկապես կառավարությունում են պայքարում : Հատկապես վարչապետներն են պայքարում: Հատկապես Տիգրան Սարգսյանն էր պայքարում: Հատկապես ու առանձնապես Հովիկ Աբրահամյանն էր անողոք պայքարում: Բայց վերջինիս կանխեցին. չթողեցին մինչև վերջ պայքարի:
Հիմա էլ Կարեն Կարապետյանն է պայքարում: Չի էլ կարող չպայքարել, որովհետև բոլորն են գտնում, որ մեր իրականության գլխավոր չարիքը կոռուպցիան է: Վերջերս էլ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ եթե Կարեն Կարապետյանը Հայաստանում կոռուպցիան արմատախիլ չանի, որևէ հաջողության չի հասնի:
Սա, իհարկե, անառարկելի ճշմարտություն է, և ոչ միայն առաջին նախագահը, այլև շատերն են այդ կարծիքին:
Չնայած կոռուպցիան մեր բառապաշարում միանգամայն նոր բառ է, իրականում չափազանց հին երևույթ ու չարիք է: Խորհրդային տարիներին այդ բառը չէինք օգտագործում, բայց դա չի նշանակում, որ այդ տարիներին կոռուպցիա չկար: Կոռուպցիա ասելով՝ հիմնականում կաշառակերություն ենք հասկանում, ընդ որում՝ ոչ միայն դպրոցներում ու հանրակրթական հիմնարկներում:
Կարդացեք նաև
Ժամանակին Ռոբերտ Քոչարյանից էլ էին կոռուպցիայի դեմ պայքար ակնկալում: Եվ Քոչարյանն էլ դպրոցներից սկսեց: Դպրոցներից սկսեց ու դպրոցներով էլ ավարտեց: Ճաղերի հետևում հայտնվեցին Աշոտ Բլեյանն ու իր հաշվապահը:
Կոռուպցիայի դեմ պայքար ասելով՝ շատերն ակնկալում են, որ պայքարի արդյունքում կոնկրետ մարդիկ պիտի հայտնվեն ճաղերի հետևում: Քոչարյանի օրոք էլ էին դա ակնկալում, բայց փաստը մնում է փաստ, որ Բլեյանի ու իր հաշվապահի ազատազրկման արդյունքում Հայաստանում ոչ միայն չպակասեց, այլև ավելի զարգացավ ու առավել մեծ չափեր ընդունեց կոռուպցիան: Արդի հայերենով ասած: Դասական հայերենով ասած՝ կաշառակերությունը:
Չնայած Սովետի օրոք կոռուպցիայի ու կաշառակերության դեմ պայքարը պետականորեն այսքան չէր կարևորվում ու թմբկահարվում, այդուհանդերձ, կաշառակերներից որոշներին զոլավոր շորեր հագցնում էին՝ հիմնականում ցածր ու միջին կարգի պաշտոնյաներին: Պաշտոնյան հատուկ ենք նշում, որովհետև եթե որոշ ու որոշակի պաշտոն չունենաս, կաշառք չես վերցնի: Չես վերցնի, որովհետև եթե որոշ ու որոշակի պաշտոն չունենաս, քեզ որևէ մեկը կաշառք չի առաջարկի:
Եթե Սովետի օրոք կոռուպցիայի ու կաշառակերության դեմ ավելի ուժեղ ու ավելի համատարած պայքարեին, Սովետը կքանդվե՞ր, թե, այնուամենայնիվ, ավելի երկար կգոյատևեր: Դժվարանում եմ միանշանակ պատասխանել: Բայց միանշանակ կարող եմ ասել, որ եթե խորհրդային ժամանակների չինովնիկը կաշառք չվերցներ, կարող էր գոյատևել: Առանձնապես բարեկեցիկ կյանքով չէր ապրի, բայց կապրեր: Այդպիսիք կային, և այդպիսիներից մի քանիսին պատիվ եմ ունեցել անձամբ ճանաչել:
Պատիվ եմ ունեցել անձամբ ճանաչել նաև անկախ Հայաստանի կրթության նախարար Վարդգես Գնունուն, ով ոչ միայն կոռուպցիայից ու կաշառակերությունից էր մղոններով հեռու, այլև բիզնես էլ չուներ: Բիզնեսը հատուկ նշում, որովհետև մեր ժամանակներում հարստացած շատ ու շատ նախարարներ ու պետական չինովնիկներ արդարանում են, ասելով, որ իրենց բարեկեցության աղբյուրը ոչ թե կոռուպցիան է, այլ՝ սեփական բիզնեսը: Բայց չեն ասում ամենակարևորը. եթե իրենք պաշտոն չունենային, արդյո՞ք բիզնես կունենային: Հարց է առաջանում. եթե բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց պաշտոնի ընձեռած հնարավորություններն օգտագործելով՝ բիզնեսի տեր են դառնում, դա կոռուպցիա՞է, թե՝ ոչ: Իրենց կարծիքով՝ ոչ: Մեր համեստ կարծիքով՝ այո:
Այսուհանդերձ, մեր օրերի նախարարներն աշխատավարձով բարեկեցիկ ապրելու ավելի քիչ հնարավորություն ունեն, քան՝ Խորհրդային միության նախարարները: Հենց թեկուզ՝ բնակարանային պայմանների իմաստով, ավելի ճիշտ՝ հարմարավետ բնակարան ունենալու իմաստով: Խորհրդային երկիրը ոչ միայն շարքային քաղաքացիներից շատերին, այլև առաջին հերթին իր բարձրաստիճան պաշտոնյաներին ու հատկապես նախարարներին էր հարմարավետ բնակարաններով ապահովում: Ընդ որում՝ միանգամայն անվճար:
Այսօրվա բարձրաստիճաններն ու նախարարները, ինչքան ինձ հայտնի է, պետության կողմից անվճար բնակարաններով չեն ապահովվում: Ստիպված իրենք պիտի իրենց գլխի ճարը տեսնեն: Կամ պիտի կոռուպցիոն ռիսկերի դիմեն, կամ էլ պիտի բիզնեսի միջոցով իրենց բնակարանային ու բարեկեցության հարցերը լուծեն: Իսկ դրանք բավական թանկ արժեն, մանավանդ, եթե նկատի ունենանք, որ նախարարին սազական չէ մասիվներում կամ Բանգլադեշում ապրել: Մեր Բանգլադեշը նկատի ունենք: Իսկ աշխատավարձով նույնիսկ Բանգլադեշում հնարավոր չէ բնակարան ձեռք բերել: Մեր Բանգլադեշը նկատի ունենք: Ստիպված պիտի սեփական բիզնեսի ընձեռած միջոցներով ձեռք բերի: Բայց դա էլ կարող է կոռուպցիայի երևույթ համարվել, եթե տվյալ նախարարի սեփական բիզնեսն առաջացել ու զարգացել է իր պաշտոնի ընձեռած հնարավորությունների շնորհիվ:
Բայց էս ասածս Կարեն Կարապետյանի կառավարության նորանշանակ նախարարներին գրեթե չի վերաբերում, որովհետև Կարեն Կարապետյանի նորանշանակներն էս գլխից՝ նախքան նախարար դառնալն արդեն սեփական բիզնեսի տեր են: Այսինքն, Կարեն Կարապետյանի համար կոռուպցիայի դեմ պայքարելն ավելի հեշտ է, քան՝ Հովիկ Աբրահամյանի ու նախորդ մյուս վարչապետների համար էր:
Կարեն կարապետյանին մնում է հետևել, որ իր նորանշանակները, իրենց բիզնեսներով հանդերձ, չճողոպրեն հարկային դաշտից: Սա մի քիչ ավելի բարդ գործ է, բայցև՝ հնարավոր ու իրականանալի:
Սպասենք և հուսանք:
ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ
«Առավոտ»
05.11.2016