Այսօր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Լեռնային Ղարաբաղի Տիգրանակերտի ամրոցում ասուլիսի ժամանակ անդրադարձավ հարկային օրենսգրքին: Պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին՝ հաշվի առնելով, որ այս կառավարությունը կառավարման նոր մոտեցումներ է որդեգրել, բացառո՞ւմ է արդյոք, որ Հարկային օրենսգիրքը փոփոխությունների կենթարկվի, չնայած նրան, որ ԱԺ կողմից ընդունվել է նրա պաշտոնավարման ժամանակ, վարչապետն ասաց.«Հարկային օրենսգրքի նկատմամբ իմ վերաբերմունքը երկակի է: Մի կողմից ինքն իրավունք ունի ապրելու և տրամաբանություն ունի դրա տակ, ուղղակի կա արձագանք բիզնես միջավայրի, որ ասում է գիտեք ինչ, ովքեր սպիտակ դաշտում աշխատում են, դուք իրենց պատժում եք դրա համար եւ իրենց բեռն ավելացնում, իսկ ստվերի հետ չեք աշխատում»:
Ըստ Կարեն Կարապետյանի, այս ամենում կա տրամաբանություն, բայց եթե կառավարությունը հնարավորություն ունենա տնտեսությունում արդար, հավասար պայմաններ ստեղծել, ինչպես գազի գնի դեպքում, եւ հասկանալ, որ հարկային բեռն իջեցնելով բիզնեսում աշխուժություն են ստեղծել, բիզնեսը վերարտադրվի եւ հոսքը շատացնի դեպի բյուջե՝ միանշանակ կանեն նման բան.«Բացառո՞ւմ եմ դա, չե՛մ բացառում, ինչքան արագ կլինի դրա հնարավորությունը՝ ցույց կտա մեր էֆեկտիվ աշխատանքից, ինչպես նաեւ նրանից, թե բիզնես մարդն ինչպես կարձագանքի մեր քայլերին»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ