Որն է ամենադժվար հաղթահարելի խնդիրը վարչապետ Կարեն Կարապետյանի համար. կոռուպցիան, մենաշնորհներ, բյուջեի դեֆիցիտը, եւ այս խնդիրներից, որոնք են բնորոշ նաեւ Արցախին: Այսօր ԼՂՀ Տիգրանակերտի ամրոցում Արցախի եւ Հայաստանի վարչապետների ասուլիսի ժամանակ հետաքրքրվեց լրագրողներից մեկը: Հարցին ի պատասխան պարոն Կարապետյանն ասաց.«Ամենադժվար խնդիրը, որ մեզ հավատան, եւ տակը ենթատեքստ չփնտրեն: Ճիշտն ասած շուկայի բաժանվածությունը չգիտեմ, բայց Արցախի կոռուպցիոն ռիսկերը մինիմումի են բերված: Մոնոպոլիա կա, թե չէ, չգիտեմ, բայց շուկայի փոքրությունը բերում է նրան, որ գերիշխողներ լինեն, բայց ավելի քան համոզված եմ, եթե գերիշխող էլ կա, գործում է մրցունակ դաշտում»:
Վարչապետներն այցելել էին առաջնագիծ: Կարեն Կարապետյանն իր այցի մասին ասաց՝ այն, ինչ տեսել է, շատ ոգեւորիչ էր. «Տեսել ենք կամքը, «դուխը», համեստությունը նրանց»: Հարցին՝ արդյոք նկատել է, որ առաջնագծում հիմնականում անապահով ընտանիքների երեխաներն են, ՀՀ վարչապետն ասաց, որ լսել է, որ նման վիճակագրություն կա. «Լսել եմ, որ նման վիճակագրություն կա, որն անարդարացի է… եթե այդպես է, խոսել ենք, թե ծրագրի մեջ ինչ նպատակներ ունենք: Մեր հասարակության մեջ արդարության դեֆիցիտ կա, մեր ազգի լավագույն հատկությունը անարդարության դեմ ըմբոստությունն է»:
Իսկ ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանն էլ ասաց, որ ապրիլյան պատերազմից հետո կատարվել է հսկայական աշխատանք. ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ, բացվել հաշվեհամար եւ հավաքված գումարի մասին մանրամասն հաշվետվություն է ներկայացվում. «Այսօր սահմանն ավելի շատ է համալրված սարքավորումներով, ինժեներական աշխատանք է կատարվել: Պատրաստվում ենք 17 եւս մեծ մասնակցություն ունենալ մարտունակությունը բարձրացնելու համար»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ