Ի՞նչ գործոնների հաշվին է Հայաստանում գազի գինը նվազելու, անցյալ տարի ավելի բարձր գների պայմաններում «Գազպրոմ Արմենիան» 10 միլիարդ դրամի վնասով է աշխատել, արդյոք գինը նվազեցվելով կրկին վնասներ չե՞ն լինի, եւ արդյոք նվազեցման դիմաց Երեւանի ՋԷԿ-ը չի՞ անցնելու «Գազպրոմ Արմենիային», Aravot.am-ն այս հարցն ուղղեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին այսօր Լեռնային Ղարաբաղի Տիգրանակերտ քաղաքում ՀՀ եւ ԼՂՀ վարչապետների ասուլիսի ժամանակ:
Մեր հարցին ի պատասխան՝ պարոն Կարապետյանն ասաց. «Աղբյուրները չորսն են եւ շատ տրամաբանական, աղբյուր համար առաջին՝ տրանզիտի հնարավոր գնի նվազեցումը Վրաստանով, որովհետեւ տրանզիտի պայմանագիրն ավարտվում է հունվարի մեկին: Աղբյուր երկրորդ՝ «Գազպրոմ Արմենիան» ունենալով վարկային բեռ՝ այս տարիների ընթացքում մաշեցնում է եւ իրեն բեռը նվազեցնում է: Աղբյուր երրորդ՝ փորձ է կատարվում գազի գնի նվազեցմամբ շուկան մեծացնել, որի պարագայում այն սպասվելիք մարժաները, մուտքերը կավելանան: Աղբյուր չորրորդ՝ շուկայի կայունացման եւ մեծացման համար հիմնադիրը «Գազպրոմ Արմենիայի» ասել է, որ ես ձեր ֆինանսական ռիսկերին տեր կկանգնեմ»:
Լրագրողների տարակուսանքին ի պատասխան՝ վարչապետն ասաց՝ «Չե՞ք հավատում»: Դիտարկմանը՝ մոտիվացիան պարզ չէ, վարչապետն այսպես պատասխանեց. «Շուկայի մեծացման խնդիր կա, տնտեսական աշխուժացման խնդիր կա: Մենք նստել ենք «Գազպրոմ Արմենիայի» հետ բանակցել ենք որպես բիզնեսմենը բիզնեսմենի հետ: Ես որպես վարչապետ շահագրգռված եմ բիզնեսին մաքսիմալ առավելություն տալ, բայց որեւէ կամպանիայի հաշվին ես դա չեմ անի, որովհետեւ դա նշանակում է մեկին խեղդեմ, մյուսին՝ անհասկանալի է՝ կլավացնեմ, թե՝ չէ: Ասել եմ՝ եկեք նստենք թուղթ ու գրիչով մտածենք. Ձեր շուկան կրճատվում է, տնտեսական ակտիվությունը պակասում է, շուկայի կրճատման դեպքում դուք ամեն անգամ գալու եք նոր մարժա ուզեք, որովհետեւ քիչ ծավալի վրա ձեր մարժան պետք է մեծանա: Բիզնես տրամաբանական առաջարկ ենք արել»:
Կարդացեք նաև
Պարոն վարչապետն ասաց, որ այս որոշումը կախված է նրանից, թե շուկան ինչպես կարձագանքի. «Եթե էքսպերիմենտը հաջողի, եթե շուկան մեծանա, եթե «Գազպրոմ Արմենիան» եւ իր հիմնադիրը տեսնեն, որ շուկան արձագանքում է եւ մեծանում է, այդ էքսպերիմենտը կշարունակենք»:
Մեր դիտարկմանը՝ եթե «էքսպերիմենտը» չհաջողվի՞, պարոն վարչապետն ասաց՝ «Կատաստրոֆա կլինի»:
Մեր ճշտող հարցին էլ՝ տրանզիտի հնարավոր նվազեցման մասին արդեն կա՞ որոշակի պայմանավորվածություն, պարոն Կարապետյանն ասաց, որ բանակցողը «Գազպրոմն է», որը բանակցում է վրացական կողմի գործընկերների հետ. «Եթե դիմեն հայկական կողմին աջակցության համար, ապա մենք էլ կմասնակցենք»:
Ինչո՞ւ է հենց հիմա նվազեցվում, հարցին էլ վարչապետը պատասխանեց. «Ամեն կամայական քայլին, ասելու էին՝ ինչու նախկինում չէին անում, կամ՝ նախընտրական քայլ է, պոպուլիստական քայլ է: Նախընտրական չէ, ես այսօր ստանձնել եմ վարչապետի պարտականությունները եւ իմ առաջին նպատակային ֆունկցիան տնտեսության մեջ ակտիվություն մտցնելն է: Եթե որեւիցե մեկն ուզում է մեկնաբանել որպես նախընտրական, թող մեկնաբանի, եթե նույնիսկ նախընտրական է, լա՞վ է, թե վատ է»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
<> Միանշանակ վատ է, քանի որ մեր դառը փորձը մեզ հուշում է,որ գազպրոմի վատ կառավարման պատճառով, հիմա էլ անհաջող էքսպերիմենտների պատճառով, ընտրություններից հետո առաջացած պարտքերը մենք ենք վճարելու: