Լրահոս
Օրվա լրահոսը

Կրտսեր սերժանտ պահեստապետը  զորամասի փամփուշտները վաճառել է հատը մոտ 43 դրամով

Նոյեմբեր 05,2016 19:13

Դիլիջան քաղաքում բնակվող, 1992թ. ծնված Արմեն Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել այն  բանի համար,որ նա հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, պահեստապետ, կոչումով կրտսեր սերժանտ, պաշտոնական դիրքն օգտագործելով՝ 2014թ. դեկտեմբերի ամսից մինչեւ 2015թ. մարտ ամիսն իրեն վստահված, նշված զորամասի պահեստից հափշտակել է  ռազմամթերք հանդիսացող տարբեր տրամաչափի փամփուշտներ, դրանք ապօրինի փոխադրել է Լոռու մարզի Ստեփանավան քաղաք եւ այնտեղ իրացրել:

Ա. Մուրադյանին 4 դրվագով  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-րդ մասով («Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր  կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը») եւ 4 դրվագով՝ 235 հոդվածի 2-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր  կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ»), 7 դրվագով՝  238 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով («Զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը, որոնք կատարվել են պաշտոնական դիրքն օգտագործելով»):

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝  Արմեն Մուրադյանն առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է  ճանաչել, հրաժարվել է դատարանում  ցուցմունք տալ, սակայն նախաքննության ընթացքում  ցուցմունք է տվել: Նա մասնավորապես ցուցմունք է տվել այն մասին, որ 2014թ. դեկտեմբերին Ստեփանավանում, այդ քաղաքի բնակչին    1000 հատ 7.62 մմ տրամագծով փամփուշտը վաճառել է  80  հազար դրամով, նույն ամսում նույն տրամաչափի  1400 հատ փամփուշտը վաճառել  60 հազար դրամով եւ այլն:

Ա.Մուրադյանի   նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:  2016թ. հոկտեմբերի 20-ին Տավուշի մարզի  առաջին ատյանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վճռել է Ա. Մուրադյանին մեղավոր ճանաչել նրան առաջադրված հոդվածներով եւ ՀՀ քրեական  օրենսգրքի 66 հոդվածի կիրառմամբ՝ նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով նրան դատապարտել 7 տարի ժամկետով ազատազրկման: Դատարանը  վճռել է  Ա. Մուրադյանից  հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 253 հազար 935 դրամ՝ որպես պետությանը պատճառված նյութական վնասի փոխհատուցում:  Դատավճռով իրեղեն ապացույց ճանաչված, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչությանը ի պահ հանձնված 8720 հատ 7.62 մմ տրամաչափի եւ 1412 հատ 5.45 մմ տրամաչափի փամփուշտները եւ  այլ  ռազմամթերքը  հանձնվել  է  վերոնշյալ  զորամասի տնօրինմանը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930