Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԻՊ-ը դիմում է Հովհաննես Հարությունյանի փաստաբանին կամ նրա որեւէ այլ իրավասու ներկայացուցչին

Նոյեմբեր 05,2016 14:30

Երեկ երեկոյան ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին փոխանցել է տեղեկություններ Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում հրազենային վիրավորում ստացած՝ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակի վատթարացման վերաբերյալ: Այս մասին տեղեկություններ են հրապարակվել նաեւ զանգվածային լրատվության միջոցներով:

Այսօր վաղ առավոտյան ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության բժիշկ-մասնագետը եւ Արագ արձագանքման վարչության մասնագետը ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում առանձնազրույց են ունեցել Հ. Հարությունյանի հետ եւ մանրամասն ուսումնասիրել նրա վերաբերյալ բժշկական փաստաթղթերը: Այս հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի մշտական հսկողության ներքո:

Արդյունքում՝ Հ. Հարությունյանի առողջական վիճակի, մասնավորապես՝ նրա ոտքի սեւանալու, անզգայանալու եւ սառչելու վերաբերյալ տվյալները չեն հաստատվել:

Այսպես՝

Պաշտպանի աշխատակազմի բժիշկ-մասնագետի կողմից Հ. Հարությունյանի ոտքի զննության արդյունքում պարզվել է, որ վերջինս ազատ ծալում եւ բացում է կատարում աջ ոտքի ծնկային հոդում, իսկ ոտնաթաթն ազատորեն կարողանում է շարժել:

Արտաքին բժշկական զննման արդյունքում պարզվել է, որ ոտքի մաշկը գունային փոփոխության ենթարկված չէ: Կախված դիրքում երկար ժամանակ գտնվելիս նկատվում է ոտնաթաթի թեթեւ արտահայտված կարմրություն:

Ոտքի ջլային եւ ներբանային ռեֆլեքսները, զգայունությունը պահպանված են, ազատորեն շարժում է ոտքի մատները, արձագանքում հպումներին:

Այցի պահին Հովհաննես Հարությունյանը գուլպաներ չի կրել, եւ նույնիսկ այդ պարագայում հենց ինքը Հ. Հարությունյանը պնդել է, որ իր ոտքերը սառած չեն:

Հ. Հարությունյանի հետ առանձնազրույցի ընթացքում նա հենակների օգնությամբ,  ոտնաթաթը հատակին թեթեւ հենելով, տեղաշարժվել է սենյակում:

Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները, Հ. Հարությունյանի համաձայնությամբ, լուսանկարահանել եւ տեսանկարահանել են Հ. Հարությունյանի ոտքի շարժումները:

Հ. Հարությունյանի բժշկական փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նա նոյեմբերի 2-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկ-վնասվածքաբանների կողմից ենթարկվել է բժշկական զննության, ինչի արդյունքում
Հ. Հարությունյանի ընդհանուր վիճակը գնահատվել է բավարար, վերքից արտադրություն չի եղել, արձանագրվել է վիրահատությունից հետո ոտքի անշարժացման արդյունքում աջ քառագլուխ մկանի ատրոֆիա, որի վերականգնման համար Հ. Հարությունյանին նշանակվել են բուժական ֆիզիկական վարժություններ: Խորհուրդ է տրվել նաեւ քայլել հենակներով՝ վերջույթի վրա քիչ ծանրաբեռնելով:

Բժշկական փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է նաեւ, որ Հ. Հարությունյանը հոկտեմբերի 27-ին հրաժարվել է բժշկական ցուցումներով՝ բուժման հետագա տակտիկան որոշելու նպատակով իրականացվող ռենտգենոգրաֆիկ հետազոտությունից՝ պատճառաբանելով, թե չի ցանկանում ավելորդ անգամ ճառագայթվել:

Բժշկական փաստաթղթերում բուժող, հետազոտող եւ հերթապահ բժիշկների գրառումներից բացի, բժշկական եզրակացություն պարունակող այլ փաստաթուղթ՝ այդ թվում՝ Հ. Հարությունյանի վերաբերյալ Նիդերլանդների բժշկական գիտությունների դոկտորի կողմից տրված որեւէ եզրակացություն (ինչպես նշվում է հրապարակային մի շարք աղբյուրներում) չի հայտնաբերվել: Փաստաբան Հայարփի Սարգսյանի կողմից Պաշտպանի աշխատակազմ բժշկական եզրակացություն պարունակող որեւէ փաստաթուղթ դեռեւս չի ներկայացրել, չնայած մեր կողմից նրան ուղղված խնդրանքին:

Հ. Հարությունյանի վերաբերյալ բժշկական փաստաթղթերի մանրամասն ուսումնասիրությամբ պարզվել է, որ նա գտնվում է  ամենօրյա բժշկական հսկողության ներքո:

Այդուամենայնիվ, Հ.Հարությունյանը պնդել է, որ ունի վիրահատության կարիք եւ նշել է, որ ոտքը ձգելու ժամանակ ունենում է ցավեր: Ըստ նրա՝ ինքը չի ցանկանում այլեւս կրել ծնկահոդի պահիչը (ֆիքսատոր), ինքնուրույն կատարում է բժշկի կողմից նշանակված վարժությունները: Հ. Հարությունյանն առողջության հետ կապված այլ գանգատ չի ներկայացրել:

Սույն հաղորդագրությամբ եւս մեկ անգամ դիմում ենք Հովհաննես Հարությունյանի փաստաբանին կամ նրա որեւէ այլ իրավասու ներկայացուցչի՝ մեզ ներկայացնելու Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակի վերաբերյալ փաստաթղթերը, որոնք տարածվել են լրատվամիջոցների երեկվա հրապարակումներում: Փաստաթղթերի բժշկական գաղտնիությունը երաշխավորվում է: Դրանք մեզ անհրաժեշտ են ուսումնասիրության եւ պրոֆեսիոնալ հետազոտությունների հիման վրա համապատասխան քայլեր ձեռնարկելու համար:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930