Լրահոս
Օրվա լրահոսը

«Էրազմուս+» ծրագրի տեղեկատվական օրեր Երևանում

Նոյեմբեր 05,2016 13:30

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) մեկնարկել են Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի կազմակերպած  տեղեկատվական օրերը, որի ընթացքում ներկայացվել է  «Էրազմուս+»  ծրագրի Հիմնական գործողություն 1-ը (Միջազգային կրեդիտային շարժունություն և «Էրազմուս Մունդուս» համատեղ մագիստրոսական ծրագրեր):

Ողջունելով միջոցառման մասնակիցներին` ՀՀ կրթության և գիտության  նախարար Լևոն Մկրտչյանը  կարևորել է «Էրազմուս+» երևանյան գրասենյակի այս տարիների ընթացքում  կատարած լուրջ աշխատանքը, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել մեր երկրի կրթական համակարգի   որոշակի հատվածի ներկայությունն ապահովել  միջազգային համագործակցության հարթակներում: Նախարարն ընդգծել է, որ շարժունության ծրագրի մասնակիցը կրթություն ստանալուց զատ` նաև ծրագրի մասին տեղեկատվության կրողն ու փոխանցողն է` հանգամանք,  որն անհրաժեշտ է բարձրագույն կրթության համակարգի բարեփոխման գործում: «Բարձրագույն կրթության համակարգը շատ արագ է զարգանում և միտումների վեկտորն ուղղված է դեպի կրեդիտային համակարգ: Մեր երկրի կրթական ոլորտում կրեդիտային համակարգի վերջնական կայացման գործում դեռևս շատ անելիքներ ունենք: Մեր խնդիրն է  առաջին հերթին,  Հայաստանի համալսարանների միջև ապահովել  ներքին ուսանողական շարժունություն: Եթե ուզում ենք միջազգային գիտակրթական որակ ունենալ`  հատկապես մագիստրոսական մակարդակում, և բակալավրի ավարտական փուլում` պարտավոր ենք միավորել համալսարանական բազաները, ստեղծել համալսարանական համագործակցության այնպիսի հարթակ, որ ուսանողը կարողանա նկարագրված կրեդիտներով ազատ տեղաշարժվել Հայաստանի գիտական, կրթական հաստատություններում, ինչպես նաև իր գիտելիքները հարստացնել միջազգային կրթական կենտրոններում: Դրան հասնելու  կարևոր քայլերից մեկը, թերևս մասնագիտությունների նկարագրի ամրագրումն է, որը պետք է ընթեռնելի և համադրելի լինի բոլոր բուհերի համար»,- շեշտել է Լևոն Մկրտչյանը: ԿԳ նախարարը  ծրագրի մասնակիցներին հորդորել է,  հաշվի առնելով Էրազմուսի փորձը, իրենց առաջարկություններով ակտիվ մասնակցություն ունենալ  Հայաստանի համալսարանական համակարգի, ուսանողության ներքին շարժունության ձևաչափի մշակման գործում:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կ. Աթոյանը, շնորհակալություն հայտնելով «Էրազմուս+» ծրագրի տեղեկատվական օրերը իրենց ուսումնական հաստատությունում անցկացնելու համար, նշել է, որ կարճ ժամանակահատվածում համալսարանը ծրագրի շրջանակում կարողացել է որոշակի հաջողություններ արձանագրել: Հայաստանում «Էրազմուս+» ազգային գրասենյակի տնօրեն Լանա Կառլովան իր խոսքում ընդգծել է, որ թեև ծրագիրը զարգացման երկար ճանապարհ է անցել և այսօր արդեն ունի գործընկեր 183 երկիր, այդուհանդերձ համագործակցության առումով առկա խնդիրները շատ են: ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի փոխտնօրեն Գրիգորի Թյուրիսը միջոցառման մասնակիցներին ներկայացրել է ծրագրի նպատակը, ուղղություններն ու ընձեռած հնարավորությունները:

ՀՀ կրթության և գիտության  նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930