Քաղաքական ուժերն իրենք էլ դեռ չեն կողմնորոշվել, իսկ ավելի ստույգ` դեռ նրանց չեն ասել, թե ո՞վ է գնալու խորհրդարան ու քանի՞ հոգով, իսկ ներկա պատգամավորների հետ էլ ոչ ոք պայմանագիր չի ստորագրել, որ հետո նրանք էլի պատգամավոր են լինելու:
Անգամ լրատվամիջոցների պահվածքում է երեւում այդ շփոթվածությունը, նրանք առաջ ամեն օր քաղաքական գործընթացներից էին խոսում, հիմա ստիպված են լինում մտնել անկողինները, կամ երկու բարձրաստիճանի անվկա հանդիպման անտեսանելի վկան լինել`ոչնչից սենսացիա պեղելով, քանի որ նրանց մեծ մասին ասված է` դեռ սպասեք, չգիտենք ով է մրցակից, ով դաշնակից, որ վրա տաք:
Ընդհանրապես` լրատվամիջոցներն աստիճանաբար անհետաքրքիր եւ անվստահելի են դարձել: Ախ, ինչ երանելի ժամանակներ էին, երբ ամեն օր կարելի էր մի բան կազմակերպել խորհրդարանում, ասենք` հրահրել Թոխմախին ու մյուս մականանունավորներին ու, կներեք արտահայտությանս, «տժժալ»: Դե` եթե այդպիսիներին խորհրդարան են բերու, նրանց սադրելը հո մեղք չէ, եթե անգամ քո լրատվամիջոցի տերը նույն մականունավորներից է:
Բայց հիմա ԶԼՄ-ների տերերը զգուշանում են աչքի ընկնելուց, փարախ են մտել, հրահանգել են իրենց ձայնասփյուռներինՙ կենտրոնանալ սպանությունների, հանցագործ ու կաշառակեր որսալու տեսարանների վրա: Մենակ ինչ արժեր դատավորին կաշառք վերցնելու պահի նկարագրությունը բառերով, լուսանկարներով, տեսանյութերով, կլաս, իսկ որ այդ նյութերով անմեղության կանխավարկած են խախտում, սա ոչ ոք չի հիշում: Էլ չասած, որ կալանված դատավորի վերաբերյալ իրավական թեմայով գրող լրագրողները կարծում են, որ նա ավելի մարդկային կերպարի կրող էր, քան շատուշատ այլ դատավորներ, ու միգուցե նրանից իր մարդկային կերպարի համար վրեժ լուծողեր կան ` լավ կազմակերպված փորձանքի մեջ գցելով նրան: Տեսարաններ, օ , այո: Բայց բարեփոխումների «դրբի» տակ հանկարծ չընկնեն պատրոնները: Էն որ ասում են` հավասար մրցակցային դաշտ, նոր կերպարով պատգամավոր ու պաշտոնյա, բա լրատվամիջոցներից շատերի պապաների դեմ էլ դա կարող է շուռ գալ, չէ՞ որ լրատվամիջոց ունենալը դեռ չի նշանակում նոր կերպար: Մեր տնտեսությունը մենաշնորհած շատ օլիգարխներ, որոնց նոր վարչապետն ուզում է հավասար մրցակցային դաշտ բերել (տեսնեմ` չեմ հավատա), ամեն մեկը մի քանի լրատվամիջոց է հովանավորում: Իսկ այն, որ քաղաքական դաշտը փորձում է մարդկային կերպար ձեռք բերել` ի վերջո կարող է վերաբերել նաեւ քաղաքական դաշտի տիրապետած լրատվամիջոցներին: Թե չէ` ի՞նչ է ստացվում, ասենք մեկը բացահայտում է այս կամ օլիգարխի «գեղեցկագույն» կերպարի որեւէ կնճիռ, հաջորդ օրն այդ օլիգարխի տիրապետած միանգամից հինգ լրատվամիջոց մի այնպիսի հուժկու հակահարված են հասցնում բացահայտողին, որ միանգամից`
Կարդացեք նաև
ա) անիմաստ է դառնում ԶԼՄ հասկացությունն ինքնին,
բ) ավելորդ անգամ ընդգծվում է լրատվամիջոցների պատկանելությունը: «Սիրուն չի»:
Հիմա պատկերացրեք` ի՞նչ կստացվի, եթե ասենք վարչապետն ինքնուրույն, առանց որեւէ մեկին զգուշացնելու փորձի մեկին (այդ լրատվամիջոցները տիրապետողներին) ստիպել բյուջե վճարել չվճարած հարկերը, կամ բացի նրանց ստվերի պանդորայի տուփը: Միանգամից նրա սնուցած ԶԼՄ-ները կսկսեն կոմպրոմատների մի այնպիսի հեղեղ արձակել վարչապետի վրա, որ նա փոշման կմնա արածին:
Այսպես չեզոքացվում էր Սեյրան Օհանյանը, որ մի պահ մրցակից էր թվացել առաջին դեմքերին, դե գոնե նրա կնոջ հավակնությունների մակարդակով (այդ հավակնություններն ու դրանց ոչ ադեկվատ արտահայտումն առանձին խոսակցության նյութ են): Այսպես մի ավելորդ անգամ, կարծես չգիտեինք, հայտնի են դառնում Կարեն Կարապետյանի ազգուտակն ու նրանց տիրապետած միլիոնները, այսպես Սամվել Ալեքսանյանը կարող է կոմպրոմատներ նետել իր կողմը բանանի կեղեւ նետողների (փոխաբերություն) վրա, կամ հայտնի կդառնա, որ կարմիր գծերի միլիոնները քաղաքապետարանին նվիրելով` ինդուլգենցիա է տրվում ոչնչից միլիարդներ բերող այդ բիզնեսի տիրոջը` նրա ստվերը ներելու առումով, եւ այդպես շարունակ:
Միգուցե ա՞յս ծայրից սկսվեին բարեփոխումները` արգելվեր ԶԼՄ-ներով տարվող կոմպրոմատային պատերազմը, խոսքը ոչ թե ԶԼՄ-ներին կամ լրագրողներին է վերաբերում, այլ դրանց տիրապետողներին, չէ՞ որ հայտնի է` ով-ով է, այդ պատերազմը եւս համարվեր կոռուպցիա: Իսկ խեղճ ժողովուրդն էլ կարծում է, թե հայրենի էս ու էն մեծահարուստը, օյ, բարերար ու գթասիրտ է, իսկ էն մեկելը սեւսիրտ ու դաժան: Նայած նրանց տիրապետած ԶԼՄ-ների ճարպկությանը` ով ավելի պերճախոս կլինի: Բայց չէ՞ որ կլինեն այնպիսիք, որ կասեն` այս բոլորը դիմակախաղ է, ժողովուրդ, հանգիստ, ոչ մեկին էլ սուրբ մի սարքեք, նրանք բոլորն արժանի են իրար:
Թե չէ, եթե ուզում եք բարեփոխումներ անել, նախ արդար մրցակցային դաշտ ստեղծեք ԶԼՄ-ների համար, մի թողեք անգրագետներին ԶԼՄ-ներ տիրապետեն` իրենց քիմքին հարմար պատվերներ իջեցնելով, մեդիաանգրագետներին` մեդիագրագիտության դասեր տալ: Եվ առհասարակ` իրեն հարգող պետությունը կխթաներ իսկական լրագրությանն ու իսկապե՛ս լրատվամիջոցներին: Կամ գոնե ուղղություն մի տվեք` գովազդային քվոտաներ նվիրելով ու այդպես այլանդակելով լրատվական մրցակցությունը: Է, դրանից էլ լավ կոռուպցիա: Թողեք զարգանա իրական լրատվական դաշտը` ըստ որակի, ոչ թե ըստ անկողնասեքսաբամբասային «լրատվության», դաժան սպանությունների մանրամասների նկարագրության կամ «աղբյուրագիտության»:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում