«Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական հյուրերն են Հայաստանի Ճարտարապետների
միության նախագահ Մկրտիչ Մինասյանը եւ ՀՀ վաստակավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանը:
Քննարկման թեման թեժ քննարկումների առանցքում հայտնված «առաջին տպարանի» շենքի պայթեցումն է եւ դրան հետեւած արձագանքները:
Գոհար Հակոբյան.– Պարոնայք, արդարացվա՞ծ էր արդյոք հանրության դժգոհությունը, թե՞ ծայրահեղությունների մեջ ենք ընկել, ինչպես պնդում են ոմանք:
Մկրտիչ Մինասյան.- Իհարկե, արդարացված էր, որովհետեւ անկախ նրանից՝ շինությունը գտնվում է պետական ցանկերում, թե ոչ, քաղաքի կենտրոնում նման աղմուկը՝ պայթեցմամբ, այն էլ ոչ պատշաճ տեղեկացման պարագայում, բնական է, որ դժգոհության տեղիք տվեց, մարդիկ սթրես են ապրում, այն էլ հիմա՝ այս անհանգիստ ժամանակներում:
Գ. Հ.– Պարոն Շահումյան, արդարացվա՞ծ էր մարդկանց դժգոհությունը, որ հասավ մինչեւ վարչապետ, վարչապետն էլ հայտարարեց, թե սա պոլիգոն չէ, որ ով ինչ ուզի՝ անի:
Հաղթանակ Շահումյան.- Ուրախալի է, որ իշխանություններն արձագանքեցին ժողովրդի դժգոհությանը, թեեւ այս պարագայում էլ խոսքը գնում էր ընդամենը տեխնիկական կողմի մասին՝ ինչու այսպես քանդվեց: Հարց չբարձրացվեց՝ արդյոք նպատակահարմա՞ր էր քանդելը, թե՞ ոչ. չէ՞ քարը քարի վրա դնելով է տունը կառուցվում, եւ պետք է միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում ինչ-որ բաներ փոխվի, քանդվի… Թե չէ՝ այսպես քանդելով անհամաձայնություն է սկսվում քաղաքի հետ, դիսոնանս… ժամանակին մեր լավագույն ուժերն են ներգրավված եղել այդ շենքերը կառուցելուն:
Կարդացեք նաև
Միշտ էլ կարելի է սխալվել, բայց եթե սխալի վրա հետեւություններ չեն անում, նոր սխալներ են ծնվում, եւ դա դառնում է օրինաչափություն: Նման հարցերում մեղավորություն ունեն նաեւ մեր ճարտարապետները: Երբ մի 10-15 տարի հայտարարվեց, որ Երեւանը գլխավոր հատակագիծ չունի, ինչը կեղծիք էր, դա բացեց ամենաթողության ճանապարհը… Երեւանը միշտ էլ ունեցել է գլխավոր հատակագիծ, որի հետ միշտ էլ աշխատանք է տարվել, հատուկ արվեստանոց կար, որ ղեկավարում էին մեր լավագույն մասնագետները… Էլ չեմ ասում, որ 1988թ. երկրաշարժից հետո վերանայվեցին Երեւանի հարկային ծրագրային բաները, որ 10 հարկից բարձր շենքեր չպետք է կառուցվեն, սահմանափակում եղավ, հիմնականում կենտրոնը 7 հարկ պետք է ունենար, պարոն Մինասյանը կվկայի:
Գ. Հ.- Պարոն Մինասյան, դուք՝ ճարտարապետներդ, մեղքի բաժին ունե՞ք պարոն Շահումյանի նշած ամենաթողության մեջ:
Մ. Մ.– Նախ՝ գլխավոր հատակագծի մասին: Այո, գլխավոր հատակագիծը միշտ էլ եղել է, բայց գլխավոր հատակագծերը 20-25 տարվա ուժ են ունեցել, որից հետո կախված վիճակից՝ վերանայվել են: Ժամանակ եղավ, որ հուշարձանների ցանկը, որոնք պետական պահպանության տակ էին գտնվում, հաշվեցին, եւ դա չմտցրին հաստատման դեռեւս 90-ականներին, եւ այդ ցանկը մի քանի տարի բաց եւ անտեր մնաց: Այդ ցանկի գոյություն չունենալուց շատ հուշարձաններից զրկվեցինք, անընդհատ ասվում էր, որ դրանք հետո մտնելու են «Հին Երեւան» ծրագրի մեջ: «Հին Երեւան» ծրագիրը, փաստորեն, կատալիզատոր հանդիսացավ, որ մեր շատ հուշարձաններ չքանան: Մենք ինքներս մեզ զրկեցինք այն պատմությունից, որ ունեինք. դրանք փողոցներ էին, որոնց հետ մարդկանց հիշողություններն էին կապված, լավ շենքերն էին: Միջավայրը կորավ: Հիմա ունենք առանձին լավ շենքեր, որոնք հուշարձանների ցանկում են, բայց արդեն միջավայրը չկա:
Գ. Հ .- Խնդրում եմ մի քանի շենք թվարկեք, որոնք Հուշարձանների ցանկում չեն, եւ մտավախություն ունեք, որ դրանք էլ են մի օր քանդվելու:
Մ. Մ.- Եթե ցանկում չեն, դա դեռ չի նշանակում, թե պետք է անխնա ոչնչացվեն:
Գ. Հ.- Բայց չէ՞ որ այսօր այդ գործընթացն է գնում:
Մ. Մ.- Այո, կա այդ գործընթացը, օրինակ՝ հիմա ցանկի մեջ չէ բազմաթիվ մրցանակների արժանացած «Հրազդան» մարզադաշտը, բայց արդեն քանի տարի է՝ ցանկի մեջ ներառելու հայտ ենք ներկայացրել: «Հրազդան» մարզադաշտը փաստորեն մեր աչքի առաջ քայքայվում է: Այդպես կամաց-կամաց կքայքայվի, եւ մի օր մեզ կասեն, որ ռեսուրս չունի, եւ պետք է քանդել: Այն դեպքում, երբ ես խանդով եմ նայում, թե ինչպես Բաքվի մարզադաշտը վերակառուցեցին եւ հիմա սպասում են այնտեղ 2020թ. ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խաղ անցկացնելու: Ու ժամանակակից են վերանորոգել: Մյուսը մեր «Զվարթնոց» օդանավակայանն է, որ քանդման եզրին է: Մենք փաստորեն այդքան շռայլ ազգ են, որ կարող ենք ամեն ինչ քանդել, իսկ մեր հարեւանները աչքի լույսի պես պահում են իրենց ունեցածը: Եվ եթե մենք քանդում ենք այդ շենքերը, ստացվում է, որ Հայաստանը չի մասնակցել այդ շրջանի ճարտարապետական գործընթացներին: Ինչքան էլ գեղեցիկ լուսանկարներ լինեն, պետք է ցույց տաս, որ շենքերը կա՛ն, եւ դու պահել ես, որովհետեւ հիմա ամբողջ մշակութային քաղաքականությունը գնում է նրան, որ հնարավորը պահպանվի, եւ քաղաքները բարեկարգ վիճակում լինեն…
Հ. Շ.- Իմիջիայլոց, 70-ականներին, երբ ես անցա աշխատանքի ճարտարապետական վարչությունում, հուշարձանների հաշվեգրում անցկացվեց, եւ այդ ժամանակ քաղաքային հուշարձանների ցանկում տպարանն էլ էր: Եթե մենք ուզում ենք մեր երկիրը զբոսաշրջային հետաքրքրությունների միջավայր դարձնել, զբոսաշրջիկը, որ գալիս է, հաստատ եվրոպականին կամ Էմիրաթների շենքերին նմանակած շենքերով չի հետաքրքրվելու, իրեն հետաքրքրում է մեր ժողովրդի պատմությունը: Մինչդեռ մենք գիտակցաբար անցքեր ենք ստեղծում մեր պատմության մեջ, եւ դա շարունակական բնույթ է կրում…
Գ. Հ.- Տպարանի շենքի նոր սեփականատերը հայտարարեց, որ Երեւանում նայելու բան չկա, մենք Ամստերդամ չենք, դուք «կիսո՞ւմ» եք այդ կարծիքը:
Մ. Մ.- Ինչ էլ որ մնացել է քաղաքում, դարձյալ հետաքրքիր է: Նախ եւ առաջ մեր լանդշաֆտն է շատ լավը: Երբ գալիս են կոլեգաները, զարմացած հարց են տալիս՝ ինչո՞ւ եք դուք լանդշաֆտին հակառակ գնում: Մեր բոլոր հուշարձաններն այնքան ներդաշնակ են ներդրված լանդշաֆտի մեջ: Երեւանը եւս հրաշալի լանդշաֆտ ունի, բայց միայն Արարատ լեռն է մնացել, որ բոլորին պահում է ֆոկուսի մեջ: Ինչ վերաբերում է տպարանին, ես զարմանում եմ, թե ինչու նա ցանկերի մեջ չի եղել: Արտասահմանում նույնիսկ տաճարներ են սեփականաշնորհվում, բայց կնքվում է պայմանագիր, որ դու սա իրավունք չունես անելու: Տվյալ դեպքում սեփականատերը, որը երկրորդ ձեռքն է, շատ մեծ հնարավորություններ ուներ իսպառ քանդելու տպարանի շենքը, բայց չի արել: Այդ մարդկանց պետք է մի փոքր ուղղորդել: Ինձ թվում է՝ այն նախագիծը, որ պետք է արվի ապագայում, հիմնական շեշտադրումը պետք է դրվի երկու թեւերը պահելու վրա ու ցուցադրելու դա որպես քաղաքային կառույց…
Հ. Շ.– Մենք անընդհատ խոսում ենք դետալներից, ու ինձ հիմնականում մի բան է բերել այս զրույցին: Ինչի՞ համար է կառուցվում այս քաղաքը, ժողովրդի համար, չէ՞… Մենք հիմա խոսում ենք սեփականատիրոջ, ճարտարապետի ու այլնի մասին՝ մոռանալով ամենակարեւորը: Դա երեւանցու համար է կառուցվում, եթե ժողովուրդը տեղյակ չէ եւ համամիտ չէ այդ որոշումներին, ուրեմն պետք է ժողովրդի կարծիքի հետ հաշվի նստել…
Մանրամասները՝
Պատրաստեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ
«Առավոտ»
04.11.2016