Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքե՞ր են ՀՀԿ-ականները

Նոյեմբեր 05,2016 19:30

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը`
կուսակցության ծրագրային եւ կանոնադրական փոփոխությունների մասին

– Իշխող ՀՀԿ-ի անդամները խոստանում են, որ նոյեմբերի 26-ին կայանալիք համագումարը շրջադարձային է լինելու: Ո՞րն է լինելու շրջադարձը:

– ՀՀԿ համագումարները միշտ եղել են իրադարձային եւ միշտ պայմանավորել են Հայաստանի քաղաքական կյանքի զարգացումը դրանից հետո, որովհետեւ ՀՀԿ-ն, որպես առաջատար քաղաքական ուժերից մեկը, միշտ փորձել է նպաստել երկրում քաղաքական օրակարգի ձեւավորմանը: Այնպիսի օրակարգի, որը համարժեք լինի իրականության հետ, ապագայի հորիզոն բացի: Այս տեսանկյունից զարմանալի չէ հանրային մեծ ուշադրությունը, որը կա ՀՀԿ-ի գալիք համագումարի հանդեպ, որը թեպետ հերթական է, բայց հաշվի առնելով մեր երկրի արտաքին եւ ներքին օրակարգերը՝ նաեւ պետք է մոտեցումներ բանաձեւի երկրի ապագայի հանդեպ, նաեւ լուծումներ առաջարկի:

Կուսակցության էվոլյուցիոն զարգացման ճանապարհին, այո, ՀՀԿ համագումարները շրջադարձային են եղել: Գալիքը նույնպես բացառություն չի լինելու:

– Խոսակցություններ կան կանոնադրական, ՀՀԿ ղեկավար կազմի փոփոխությունների մասին. արդեն հստա՞կ է` ի՞նչ է նախատեսվում:

– Երբ մենք խոսում ենք փոփոխությունների մասին, կարեւորում ենք դրանք, նախ՝ պետք է շեշտադրենք դրանց գաղափարական հիմքը: Մնացյալ ամենը կարեւոր է, բայց այս պարագայում ստորադասվում է ընդհանուր մոտեցումներին ու տեսլականին, որը մենք պետք է բանաձեւենք միասին՝ որպես կուսակցականներ: Անձնավորված մոտեցումները նպատակը չեն, դրանք լուծումներն են: Ես հասկանում եմ լրատվական դաշտի հետաքրքրությունը, բայց չեմ կիսում անհատականացված մոտեցումները: Ես կարծում եմ, որ Աշոտյանը, Շարմազանովը, Ավագյանը, Նաղդալյանը կարեւոր քաղաքական գործիչներ են կուսակցության համար, սակայն որեւէ մեկը չի կարող իրեն դիտել որպես անփոխարինելի, եւ այդ մարդկանց ներկայությունը քաղաքական ներկապնակում չի կարող դիտել որպես նպատակ:

Այս տեսակետից ՀՀԿ գալիք համագումարում դրված են մի շարք կարեւորագույն հարցեր: Իհարկե, քաղաքական օրակարգի սերուցքը հնչելու է կուսակցության ղեկավարի, երկրի նախագահի ելույթում: Բացի այդ ելույթից, մենք պատրաստվում ենք բաց եւ անկեղծ քննարկմանը մարզային եւ կառուցվածքային այլ ստորաբաժանումների պատվիրակների ներգրավմամբ: Օրակարգում դրված է նաեւ կուսակցության ծրագրի փոփոխության հարց: Ծրագիրը փոփոխությունների եւ լրացումների է ենթարկվելու` պահպանելով Գարեգին Նժդեհի ուսմունքի հիմնական դրույթները, հարստացնելով ծրագիրը ազգային-պահպանողական գաղափարախոսությամբ` բացատրելով, թե ի՞նչ ենք հասկանում դրա տակ. ի՞նչ է մեզ համար պահպանողականությունն առհասարակ եւ ինչպիսի՞ն է դրա ազգային-հայկական ընկալումը մեզ համար: Ծրագիրը մենք շատ ուշադրության ենք արժանացնում՝ ի տարբերություն շատ ու շատ այլ քաղաքական ուժերի, որոնց ծրագրերը, ցավոք, շատ հաճախ իրարից չեն տարբերվում: ՀՀԿ ծրագիրն ի սկզբանե էր ճանաչելի, որովհետեւ կուսակցությունը ձեւավորվել է գաղափարական հենքի վրա: Հայաստանի այսօրվա քաղաքական դաշտում եթե փորձեք ըստ գաղափարական տիպաբանության դասակարգել 80-ից ավելի կուսակցությունների, ապա խնդիր կունենաք դրանցից մի քանի տասնյակի հետ: Կուսակցությունների մի զգալի մասը, ցավոք, այս կամ այն քաղաքական լիդերի շուրջ ստեղծված քաղաքական խմբավորումներ են, որոնք ընթացիկ քաղաքական նպատակների հորձանուտում են հայտնվում եւ ոչ թե քաղաքական հեռանկար են բացում, հասարակական զարգացման մոդել են տալիս:

Այս տեսանկյունից էլ ՀՀԿ-ում մեծ ուշադրության ենք արժանացնում մեր ծրագրային դրույթները՝ որպես մեր հավատամք. ովքե՞ր ենք մենք` ՀՀԿ-ականներս, ինչի՞ն ենք հավատում, ի՞նչն ենք արժեւորում, ինչպիսի՞ն ենք պատկերացնում հային` իր հայրենիքում, ինչպիսի՞ն ենք պատկերացնում այդ հայրենիքի պետականությունը` Հայաստանի Հանրապետությունը:

Ծրագիրը նաեւ փոփոխվում է 2006 թվականի փոփոխություններից հետո, որովհետեւ անցած տասը տարիների ընթացքում բազմաթիվ ներքին եւ արտաքին փոփոխություններ են եղել, այդ թվում նաեւ` քաղաքական, քաղաքագիտական: Կուսակցությունը բուռն համագործակցությունների մեջ է իր միջազգային գործընկերների հետ: Այս համատեքստում էլ ծրագրում որոշակի նոր ամրագրումներ են արվել մարդու արժեւորման, ազատությունների եւ պատասխանատվության չափի համամասնության, մարդկանց միջեւ փոխհարաբերությունների մասին մեր տեսլականի` հասարակության ներսում եւ պետության ներքո: Ուստի կարելի է ասել, որ ՀՀԿ ծրագիրը միաժամանակ դառնում է ավելի քրիստոնեա-դեմոկրատական:

– Որքան էլ Դուք չեք ցանկանում անձնավորել, այնուհանդերձ, հանրության շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացնում հարցը` արդյոք վարչապետ Կարեն Կարապետյանը կհամալրի՞ ՀՀԿ շարքերը: Մանավանդ, որ խոսակցություններ կան, որ Կարեն Կարապետյանը ղեկավարելու է ՀՀԿ խորհուրդը: Այդ դեպքում խորհրդի եւ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն ի՞նչ է անելու:

– Եթե կուսակցության ծրագիրն արդեն մշակվել է եւ ներկայացվել է գործադիր մարմնի դատին, հիմա էլ այլ կառույցներում է քննարկվում, ապա կանոնադրության փոփոխությունների փաթեթը դեռ մշակվում է: Հաշվի առեք, որ նոր Սահմանադրությունից հետո Հայաստանում պետք է քննարկվի եւ ընդունվի կուսակցությունների մասին նոր օրենք, որի նախնական նախագիծը խորհրդարանում է: Դժվարանում եմ ասել` մինչեւ նոյեմբերի 26-ը ԱԺ-ն կքննարկի՞ այդ նախագիծը, ինչպիսի՞ տեսքով այն կընդունի, արդյոք կուսակցությունները, այդ թվում ՀՀԿ-ն կանոնադրական փոփոխությունների կգնա՞ն` ելնելով նաեւ նոր օրենսդրական պահանջներից:

Ձեր ասած տեղեկությունը ինձ հասել է մամուլից: Հետեւաբար մեկնաբանել այն, ինչ որ գրում է լրատվական դաշտը մեր մասին, երբ ինքներս նման քննարկումների հանրային փուլ դեռեւս չենք թեւակոխել, կարծում եմ՝ կոռեկտ չէ:

Ինչ վերաբերում է անձերին, վերջերս մի շարք լրատվամիջոցներին տված հարցազրույցում վարչապետը հաստատեց մի կարեւոր բան, ինչը մեզ համար պարզ էր ի սկզբանե, եւ ինչը լրատվամիջոցների շնորհիվ կամ պատճառով դառնում է քննարկման առարկա` արդյոք նոր կառավարությունը, Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ի քաղաքական գործունեության հետեւա՞նք են: Այս տեսակետից այդ օրգանական, տրամաբանական, քաղաքական կապը վերահաստատվեց վարչապետի հարցազրույցում:

Եթե փոխաբերական օրինակներով խոսենք, իհարկե, գուցե շատ հետաքրքիր է, թե որտե՞ղ են խաղալու Լեոնել Մեսսին կամ Քրիստիանու Ռոնալդուն, բայց առավել կարեւոր է, թե ո՞վ է դառնալու չեմպիոն: Անհատական կազմերը, այո, կարեւոր են: Բայց գերնպատակն է, որպեսզի մենք, որպես քաղաքական թիմ, կարողանանք մրցունակ, մարտունակ եւ առաջադեմ մնալ Հայաստանի ներքաղաքական կյանքում: Այն, ինչը մեզ հաջողվում է երկար տարիներ, քանի որ ՀՀԿ-ն լինելով նաեւ ավանդական քաղաքական ուժ՝ միաժամանակ ցուցաբերում է փոփոխությունների եւ ճկունության ֆենոմենալ հատկություն:

Դեռեւս մարտ ամսին «Առավոտ» օրաթերթում ես մի ծրագրային հոդվածով  հանդես եկա, որում փորձեցի շարադրել իմ մոտեցումներն այն մասին, թե այս փոփոխվող աշխարհում ինչպիսի՞ն պիտի լինի քաղաքական կուսակցությունը, եւ մասնավորապես՝ ինչպիսի՞ հեռանկար ունի ՀՀԿ-ն: Թեզը, որն առաջադրեցի որպես կարգախոս, այսօր էլ ապացուցում է իր կենսունակությունը` որպեսզի քաղաքական ուժերը լինեն մրցունակ, նրանք պետք է լինեն շարժունակ` շարժուն միջավայրում: ՀՀԿ-ում փոփոխությունների մասին սկսեցին խոսել նախագահի փետրվարյան հայտնի ելույթից հետո, եւ մարտին լույս տեսած այս հրապարակումը կարող եք դիտարկել որպես կուսակցական փոփոխությունների նախերգանք:

– Հիմա կարո՞ղ եք ասել՝ նոյեմբերի 27-ին ինչպիսի՞ ՀՀԿ կունենանք:

– Մամուլը փորձում է օգտագործել «ռեսթարթ» բառը` համեմում է իր վերլուծությունները IT ոլորտի անգլալեզու տերմինաբանությամբ: Եթե այդ ճանապարհով գնանք, այս պարագայում «ռեսթարթը» ճիշտ բառ չէ: Մենք «ռեսթարթի» կարիք չունենք: ՀՀԿ-ն այն բացառիկ քաղաքական կառույցներից է, որն աշխատում է միշտ, ոչ թե ընտրությունից ընտրություն: Մենք ունենք ամենաշատ ներկայացվածությունը տեղերում, սկզբնական կառույցներ, ամենօրյա քաղաքական, կուսակցական գործունեություն, ամենօրյա հոգսեր եւ առաջադրանքներ: Մենք չենք ակտիվանում ընտրությունից ընտրություն: Մեզ համար կուսակցությունը կենդանի օրգանիզմ է, ոչ թե պատյան` ընտրություններին ներկայանալու համար: ՀՀԿ-ն միշտ միացած է, վերամիացվելու խնդիր չկա: Խնդիրը թարմացման, համալրման եւ հարստացման մեջ է, որպեսզի կարողանանք սպասարկել նոր մարտահրավերները` թե՛ ներքին, թե՛ արտաքին: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, ՀՀԿ-ն ունակ է թարմացման եւ հերթական անգամ թարմացվելու է:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ.Գ. Խոսելով առաջիկա խորհրդարանական ընտրություններից, Արմեն Աշոտյանը նկատում է`քաղաքական դաշտում ընթացող վերադասավորումներում ամենակարեւորը եւ աքսիոմատիկն այն է, որ չպետք է լինեն քաղաքական ուժեր, որոնք սպասարկում են այլ երկրների քաղաքական շահերը. «Մենք չպետք է թույլ տանք, որպեսզի խորհրդարանական ընտրությունները դառնան աշխարհաքաղաքական բնույթի ընտրություններ, հասարակության ներսում նոր ջրբաժանների, գծերի եւ բախումների ընտրություններ»: Այս իմաստով ՀՀԿ-ում կարեւորում են ԸՕ-ի բարեփոխումները, որոնց շուրջ ակտիվորեն բանակցել են հասարակական եւ քաղաքական շրջանակների հետ: Եվ քանի որ ներդրվող ընտրական համակարգը պահանջում է պատշաճ եւ պատկառելի մասնակցություն բոլոր քաղաքական դերակատարներից, Արմեն Աշոտյանը հույս ունի, որ հիմնական քաղաքական ուժերը գոնե կունենան այնքան մարդկային ռեսուրս, որպեսզի կարողանան լավագույնս կիրառել այն գործիքակազմը, որը տալիս է ԸՕ-ն`ընտրությունների թափանցիկությունը, ազատությունը եւ արժանահավատությունը վերահաստատելու համար:

 

«Առավոտ»

04.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ says:

    Անկեղծ ասած ես մեծ ցավ կապրեմ եթե Կ.Կարապետյանն անդամակցի ՀՀԿ-ին, որովհետև այս կուսակցությունն այնքան է ստորացել, որ պլենտուզի հետ համեմատելը նույնիսկ պատիվ կլինի ՀՀԿ-ի համար, և այս առումով Կ.Կարապետյանը միայն կվարկաբեկվի՝ անդամակցելով ՀՀԿ-ին:
    Ասել, որ Կ.Կարապետյանի մոտ չկա ցանկություն լուրջ բարփոխումներ անելու և իրական առաջընթաց ապահովելու համար, մեղմ ասած լուրջ չի, բայց ՀՀԿ-ն նրա արած ողջ դրականը կվերագրի իրեն՝ որպես ,,կուսակցության ծրագրերի իրականացում,, դրանով պայմանավորելով 2017թ. ընտրություններում կեղծիքների միջոցով ,,հաղթանակը,,:
    Ուստի Աշոծյանի ,,գաղափարական,, հեքիաթները 2017-ի նախերգանքն է, դեռ ինչպիսի ,,գլուխգործոցների,, ենք հանդիպելու: Ժողովուրդը վերջապես պետք է ցույց տա, որ այլևս չի յանդուրժելու սուտն ու կեղծիքը՝ ասել է թե ՀՀԿ-ի հեքիաթները և կուլ չի տա ՀՀԿ-ի խայծը՝ հանձինս Կ.Կարապետյանի, քանի որ ՀՀ Սահմանադրությունը թույլ չի տալիս, որ վերջինս մասնակցի ԱԺ ընտություններին, հետևաբար չի կարող շարունակել իր գործունեությունը, և այն դրականը ինչ որ կհաջողվի անել Կ.Կարապետյանին, ՀՀԿ-ի կողմից կօգտագործվի որպես նախընտրական քարոզարշավի ,,մատերիալ,,:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930