Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե ԼՂՀ անկախությունը ճանաչվի, ձեւավորվի պետություն, մենք 20 տարի հետո խնդիր ենք ունենալու, իրար փրթելու ենք»

Նոյեմբեր 05,2016 19:00

Երեկ այսպիսի կարծիք հայտնեց «Մոդուս Վիվենդի»
կենտրոնի հիմնադիր եւ ղեկավար Արա Պապյանը

«Արցախը Հայաստանի կազմում ներառելու հարցն արդեն լուծված է հանրային գիտակցության մեջ, մնում է սա լուծվի քաղաքական եւ պաշտոնական շրջանակներում, որոնք դեռ նախկին դիրքորոշումները պահպանում են: Քաջություն է պետք, որ ասեն՝ այո, դա է ճիշտ ճանապարհը, եւ նրանց լուրջ աջակցություն կցուցաբերի հանրությունը»,- երեկ այսպիսի կարծիք հայտնեց «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Աղայանը, որը մասնակցում էր Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում «ԼՂՀ կարգավիճակ արցախյան հիմնախնդրի միջազգային կարգավորման համատեքստում» թեմայով քննարկմանը: Պարոն Աղայանի դիտարկմամբ՝ եթե նախկինում Արցախի բնակչությունը անտարբեր էր Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների նկատմամբ, ապա ապրիլյան պատերազմից հետո այդպիսի տրամադրությունները փոխվել են:

«Արցախի միասնությունը Հայաստանին ամենաճիշտն է»,- քննարկման ժամանակ նման կարծիք էլ հայտնեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի հիմնադիր եւ ղեկավար Արա Պապյանը: Նրա ներկայացմամբ՝ կասկած չկա, որ Արցախը Հայաստանի Հանրապետության դե յուրե եւ դե ֆակտո մասն է: Պարոն Պապյանն օրինակներ բերեց՝ ՀՀ-ի եւ Արցախի բնակիչների անձնագրերը նույնն են, եթե Ստեփանակերտի բնակիչը գալիս է Երեւանի որեւէ հիվանդանոց, նա այստեղ ծառայություն է ստանում նույն սակագներով, ինչ հայաստանցին, այսինքն՝ օտարերկրացիների համար սահմանված ավելի բարձր գներով չի բուժվում, ԼՂՀ պետհամարանիշներով ավտոմեքենաների վարորդներին ճանապարհային ոստիկանները որպես օտարերկրացու չեն դիտարկում. «Այսինքն՝ միեւնույն երկիրն է դե ֆակտո»:

Պարոն Պապյանը ներկայացրեց, թե ինչ ձեւաչափով պետք է Արցախի միավորման հարցը առաջ տանել. «Մենք ունենք Ազգերի լիգայի որոշումը, որով Հայաստանը 70 հազար քառակուսի կիլոմետր էր, Ազգերի լիգան այն ժամանակվա գործող ամենահեղինակավոր մարմինն էր: Վրաստանը եւ Ադրբեջանը պաշտոնապես սովետական շրջանը ճանաչել են օկուպացիոն շրջան, այսինքն՝ հանցագործության վրա չի կարող իրավունք խարսխվել, իրենք ընդունել են, որ դա հանցագործության շրջան է, հետեւաբար որեւէ վարչատարածքային փոփոխություն այդ օկուպացիայի շրջանից՝ 1920 թվի ապրիլից մինչեւ 1991 թիվը, անօրինական է: Մենք կարող ենք ԼՂԻՄ-ից դուրս ազատագրված տարածքները համարել Հայաստանի Հանրապետության մաս, դա Ազգերի լիգայի որոշումն է, եւ այս հարցերը միջազգային հանրությունը վաղուց քննարկել է: Եթե ասվի, որ սա անօրինական է, ապա ամբողջ Մերձավոր Արեւելքն էլ անօրինական է, իրավաբանական հիմք չունեն Լիբանանը, Սիրիան, Իրաքը, Իսրայելը: Ո՞նց եղավ, որ բոլորի համար այն ժամանակվա որոշումը ճիշտ է եւ օրինական, հիմք է, մեզ համար՝ ոչ, մեզ համար էլ է հիմք»:

Պարոն Պապյանի խոսքով՝ «Այն, որ ասում են՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը պետք է լուծվի փոխզիջումների հիման վրա, ու կային մարդիկ որոնք դեմ են, ես համաձայն եմ դրան էլ: Փոխզիջումների մասին, որ ասում էին այն, ինչ կար՝ պահում ենք, Նախիջեւանն էլ ներառյալ, ասում էին՝ դաշտային Ղարաբաղը, հայաբնակ շրջանները իրենք են վերահսկում, մենք դա էինք փոխզիջում, սա էլ է փոխզիջում: Ըստ էության, Հայաստանի Հանրապետությունն անգամ այս տարբերակով, պահելով ամբողջ տարածքը եւ ներառյալ Նախիջեւանը, ինքն էլի 12 հազար տարածք է զիջում: Այսինքն՝ Ազգերի լիգայի որոշման հիմնավորումներով է պետք խնդրի լուծմանը գնալ, կարեւորը, թե ինչպես ենք ներկայացնում հիմնախնդիրը. եթե մենք ներկայացնում ենք, որ այս գործընթացը Հայաստանի Հանրապետության ամբողջականության վերականգնման ծրագրի մեջ է եւ հիմնված է միջազգային հանրության որոշման վրա, կա փաստաթուղթ, այդ շրջանում դնենք, որ միեւնույն ժամանակ պատրաստ ենք փոխզիջելու այն տարածքները, որոնք մենք չենք վերահսկում, հանդես ենք գալիս, այսպես ասած՝ լավ տղայի տեսքով, հանուն եղբայրության, խաղաղության. սա միակ ճանապարհն է»:

Պարոն Պապյանը Արցախը Հայաստանին միավորելու անհրաժեշտության այլ հանգամանքներ էլ ներկայացրեց. օրինակ՝ Հայաստանը տարեկան հսկայական գումարներ է հատկացնում Ղարաբաղին: Հենց Ղարաբաղում էլ քաղաքական գործիչները կարծիքներ են հայտնում, որ Ղարաբաղի վարչական կազմը՝ նախագահի, Ազգային ժողովի ապարատի ծախսերը, ինչպես ասաց Պապյանը, 2 «պոլկի» ծախս է. «Ասում են՝ այդ գումարներով պրոֆեսիոնալ 2 գունդ կունենայինք: Բացի այս, այստեղ էթնոգենի պրոցես է գնում. աշխարհում չկա մի դեպք, երբ նույն ազգի 2 կայացած պետություններ, որ հաջող միավորվել են, այսինքն՝ կայանան պետություններ ու հաջող միավորվեն: Եթե Ղարաբաղի անկախությունը ճանաչվի եւ ձեւավորվի պետություն, մենք 20 տարի հետո խնդիր ենք ունենալու Ղարաբաղի հետ, իրար փրթելու ենք: Ինչպես Սաուդյան Արաբիան եւ սիրիացիները, եթե չապրենք նույն քաղաքական միավորի մեջ, վատ է լինելու: Բացի այս, հարց է առաջանում՝ ես ինչո՞ւ եմ իմ բյուջեից տարեկան 100 միլիոն տալիս Ղարաբաղին, ինչո՞ւ եմ իմ զորակոչիկներին ուղարկում Ղարաբաղ: Ժողովրդի մեջ այս հարցերն են առաջանում. ինչո՞ւ եմ իմ երեխուն ուղարկում այնտեղ կոտորվելու: Գիտե՞ք, որ ապրիլյան պատերազմի ժամանակ 96 զոհերից 14-ը Ղարաբաղից էին, բայց ոչ մի զորակոչիկ Ղարաբաղից չի զոհվել, պայմանագրային զինծառայողներ են եղել: Այս խնդիրներն արտահայտվում են բանակի ներսում, սա լուրջ պառակտման է բերելու: Կան բոլոր իրավական հիմքերը, որ կարող ենք Արցախը միավորել Հայաստանին»:

Պարոն Պապյանի պատմելով՝ Ղարաբաղում հանրությունը տեղյակ չէ, որ 160 միլիոն բյուջեից 100 միլիոնը, առանց ռազմական ծախսերի, Հայաստանն է տալիս. սա իշխանությունները թաքցնում են, որովհետեւ հարց է առաջանում՝ դե լավ, որ Հայաստանն է տալիս, միավորվենք. «Ես հարգված մի խումբ ղարաբաղցիների խոսքը բառացի եմ ասում՝ բացառությամբ 200-300 հոգու, որոնք շահագրգռված են պետական ապարատում դիրքեր ունենալու, այդ փողերից եւ աշխատավարձի եւ ոչ աշխատավարձի ձեւով շահ ունենալու, ժողովրդի մեծ մասը կողմ է միանալուն: Անգամ նրանք, որոնք ասում են՝ անկախություն, իրենք ասում են՝ անկախություն, հետո միանանք: Եթե իրենց բացատրվի, որ անկախությունը կարող է հետո հավերժական դառնալ եւ այլն, նրանք էլ կհրաժարվեն դրանից, իսկ բյուրոկրատական այդ 200 հոգանոց խմբին կարելի է շահագրգռել»:
Պապյանի ներկայացմամբ՝ Արցախի բանակում էլ նշանակումները Հայաստանից են լինում, օրինակ՝ Հայաստանի մի մարզից սպային կարող են նշանակել Քարվաճառում, եւ պատահական չէ, որ Լեռնային Ղարաբաղում պաշտպանության նախարար չկա, այլ պաշտպանության բանակի հրամանատար է. «Ի վերջո՝ Բակո Սահակյանը հարց լուծող չի, հիշեք ապրիլյան պատերազմը, հարցրեք զինվորականներին, երբ որ Բակո Սահակյանին զանգում էին, հարցնում՝ ի՞նչ անենք, ասում էր՝ չգիտեմ, Խաչատուրովին զանգեք: Նա եթե գերագույն գլխավոր հրամանատար է, նա պիտի հրաման տար: Այնպես որ՝ Արցախի միասնությունն ամենաճիշտ ձեւն է»:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

04.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Մի քանի հետաքրքրի բաներ ասում է այստեղ Պապյանը. սակայն ըստ իր տիպական մօտեցումին, միակողմանի կերպով է կատարում իր «վերլուծումը». ոնց որ՝ դիմացի կողմ վաբշե չկա, հակառակորդ չկա, մեր ցանկությունը նկատի առնվելիք միակ ու միակ տվյալն է, եւ դաւայ, մենք մեզի, դատարկության մէջ, անենք ինչ որ կ’ուզենք, եւ մնացեալ համայն աշխարհին կը մնա միայն մի բան՝ անմիջապէս ընդունիլ մեր կամքը, մեր օրինական հիմնավորումները, եւ հանգիստ թողել մեզ:

    Օրինակի համար, իր ամբողջ բացատրության մէջ, կը պակսի գոնէ մի տվեալ՝ թէ որ պաշտօնապէս միացնենք Արցախը Հայաստանին, ի՞նչ են լինելու հետեւանքները ռազմաճակատի վրա. կարծես թէ երկրորդական, անկարեւոր կէտ մըն է այս, որ չի նշում անգամ…

    Կարծես թէ պատերազմ չկա, Ադրբեջան եւ Թուրքիա չկա, ասոնց միջազգային դաշնակիցները չկան, մեր միակ դաշնակիցի հաշիվներն ու կարծիքը ոչ մի նշանակություն չունեն, եւ ահա, միայն մենք մեզի, կը հռչակենք սա, կը հաստատենք նա, եւ սյո՛, վերջ, բոլոր հարցերը լուծված են…

    Ի դէպ, այս պարոնը նոյն ձեւով կը մօտենա նաեւ Արեւմտյան Հայաստանի հիմնախնդրին: Այդ պատճառով ալ լուսանցքային դարձած է:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930