Կարծում է ՀՀ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը
«Առավոտը» ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանից հետաքրքրվեց՝ ի՞նչն է պատճառը, որ ՀՀ պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկը 10 տարուց ավելի է, չի թարմացվում:
«Որպեսզի պետական ցուցակում հուշարձաններ ներառվեն, անհրաժեշտ է, որ նախարարությունում գործող փորձագիտական հանձնաժողովն այդ մշակութային օբյեկտներին տա հուշարձանի կարգավիճակ, դրանով իսկ փորձագիտական հանձնաժողովի եզրակացության համաձայն՝ օբյեկտը դառնում է նորահայտ հուշարձան: Օրենքը մեզ ասում է, որ նորահայտ հուշարձանն օգտվում է պահպանության նույն իրավունքներից, ինչ պետական ցուցակում գտնվողները: Իսկապես 2004-ից հետո ցուցակում խոշոր փոփոխություններ չեն եղել, եղել են մասնակի որոշումներ` հիմնականում կապված փոքր ծավալի ճարտարապետական ձեւերի հետ՝ որմնանկար եւ այլն, բայց խոշոր ներառում չի եղել: Վերջին տարիներին մենք նորահայտ հուշարձանների ցանկը բավականին համալրել ենք: Կառավարության որոշման մեջ փոփոխություն կատարելու համար, որ հիմնական ցանկում դրանք ներառվեն, որոշակի ցուցում կա, քանի որ մեզ մոտ համակարգային փոփոխություն է լինում Հուշարձանների մասին մայր օրենքում, մինչեւ այս տարվա վերջ պետք է ներկայացնենք այդ օրենքի նոր խմբագրություն, դրանից հետո պետք է մեր գործող կարգում փոփոխություն արվի, որտեղ ներառվեն չափորոշիչները, թե որ շինություններին, օբյեկտներին, կառույցներին կարող է տրվել հուշարձանի կարգավիճակ: Փաստացի այդ չափորոշիչները կան, սակայն իրավական հենք չկա, պետք է օրենք լինի, կարգ, որտեղ ներառված լինեն չափորոշիչները: Այդ ամենից հետո պարզ կլինի ընդհանուր ցանկը: Հայաստանի բոլոր մարզերով ներառյալ՝ մոտավորապես 600-ից ավելի նորահայտ հուշարձանների սպասման ցուցակ ունենք»,-նշեց տիկին Սամուելյանը:
Մեր հարցին՝ «առաջին տպարանը», որ քանդվեց պայթեցման միջոցով, կարելի՞ է հուշարձան համարել, փոխնախարարը պատասխանեց. «Որոշողը փորձագիտական հանձնաժողովն է, ես որպես պաշտոնյա՝ կդժվարանամ ասել: Իսկ որպես ճարտարապետ, ասեմ, որ տպարանի շենքն ինձ համար ճարտարապետական արժեք է ներկայացնում եւ կարելի էր ադապտացիոն նախագիծ անել՝ տեղում պահելով: Ծանոթ չեմ ծրագրերին, թե ինչ է տեղում կառուցվելու, բայց համոզված եմ, որ կարելի էր հարցին մասնագիտական լուծում տալ: Տեղյակ չեմ՝ վթարային վիճակո՞ւմ էր շենքը, թե՞ ոչ, սխալ է միանշանակ կարծիք հայտնելը, եթե հարցի բոլոր կողմերին ծանոթ չես»:
Կարդացեք նաև
Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ ԱԺ-ում մեկ տարուց ավելի գտնվող Երեւանի կենտրոնի հետ կապված օրինագծին:
«Չգիտեմ ինչքան ժամանակ է այդ օրինագիծն Ազգային ժողովում, բայց կառավորությունը հաստատել է եւ ուղարկել Ազգային ժողով, մշակույթի նախարարության մասնագետները, իսկ ավելի կոնկրետ՝ Երեւանի տարածքային բաժնի պետը գործուն մասնակցություն է ունեցել այդ օրենքի նախագծի մշակմանը»,-ասաց տիկին Սամուելյանը: Նաեւ հավելեց, թե համոզված չէր, որ տպարանի շենքը կմտներ հուշարձանների ցանկի մեջ, որովհետեւ, նրա ձեւակերպմամբ, այն հին ցուցակում էլ չի եղել:
«Չգիտեմ՝ դա փորձագիտական հանձնաժողովը կարժեւորե՞ր, թե՞ ոչ, բայց եթե Փոքր Կենտրոնի օրենքը գործեր, միգուցե զուտ համաձայնեցման փուլում շենքը ներկայացնեին մշակույթի նախարարության ուշադրությանը: Ամեն դեպքում, ցավում եմ, որ այդպես է ստացվել: Հաճախ մի բան հապշտապ արվում է, հետո մեղավորներ են փնտրում: Նաեւ պետք է խնդիրը երկու մասի բաժանենք, մեկը քանդման եղանակն է՝ պայթեցումը, որի վերաբերյալ հայտնի խորհրդակցությունն է եղել, իսկ երկրորդը արժեքն է, որը պարտադիր չի լինի գեղարվեստական ու ճարտարապետական, կա նաեւ պատմական արժեք: Ցանկալի է Երեւանի կենտրոնը զերծ պահել նման ուժգին նորամուծություններից»,-համոզված է մեր զրուցակիցը:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ հեղինակի:
«Առավոտ»
04.11.2016