«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում նոյեմբերի 3-ից մեկնարկած միջազգային գիտաժողովը նվիրված էր Հայաստանի պատմության եւ հնագիտության XX դարի սկզբի ամենանշանակալի իրադարձություններից մեկին՝ Առաջին աշխարհամարտի ժամանակ՝ 1916 թ., Նիկողայոս Մառի եւ Հովսեփ Օրբելու գլխավորությամբ Վանում իրականացված պեղումների 100-ամյակին: «Հայաստանի հնամարդաբանության եւ հնաժողովրդագրության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողովն անցկացվել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի եւ «Էթնոս» էթնոմշակութային գիտական հետազոտությունների կենտրոնի նախաձեռնությամբ ու ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի ֆինանսական աջակցությամբ։
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանն իր ելույթում նշեց. «Միջազգային գիտաժողովի անցկացումն այս հնավայրում խորհրդանշական է, քանի որ ինքնին ցույց է տալիս, որ անցյալ դարի սկզբին, դժվար պայմաններում ձեռնարկված ուսումնասիրությունների արդյունքներն այսօր էլ արդիական են եւ գիտական ուսումնասիրությունների տեսանկյունից քննարկման ու վերաարժեւորման առումով կարեւոր»։
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն՝ գիտական աշխատանքների գծով տեղակալ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանի համոզմամբ՝ երկու նշանավոր հայագետների՝ Նիկողայոս Մառի եւ երիտասարդ Հովսեփ Օրբելու Վանում կատարած պեղումները պատմական նշանակություն ունեն։ «Պահպանվել են հին լուսանկարներ, որտեղ երեւում է, թե ռուս զինվորներն ինչպես են պեղում հուշարձանը։ Հենց այդ ընթացքում էր, որ պեղումների ժամանակ գտնվեց այն նշանավոր արձանագիր կոթողը՝ Սարդուր II-ի սեպագիր տարեգրությունը, որը այսօր էլ շատ կարեւոր է Վանի թագավորության (Ուրարտուի) բազմաթիվ պատմական անցքերին լույս սփռելու առումով։ Ռուսական բանակների հետ Հայաստան է գալիս նաեւ նշանավոր մարդաբան Վիկոտր Բունակը, որին հաջողվում է պեղումների ընթացքում Բիթլիսի վիլայեթի Մշո սանջակում բացել խոշտանգված հայերի մի մեծ դամբարան։ Այդ ամբողջ հնամարդաբանական նյութը տեղափոխվում է Մոսկվա, ինչը հետագայում դառնում է ուսումնասիրությունների կարեւոր սկզբնաղբյուր, ցեղասպանության ընթացքում հայերի խոշտանգման կարեւոր փաստ»,- ընդգծեց պարոն Փիլիպոսյանը։
Կարդացեք նաև
ԵՊՀ հնագիտության եւ ազգագրության ամբիոնի վարիչ Հայկ Ավետիսյանը գիտաժողովը կարեւորեց Հայկական լեռնաշխարհի խնդիրների ներկայացման առումով: Նրա ձեւակերպմամբ. «Գիտաժողովի անցկացումը շատ արդիական է եւ ներկայացված թեմաները բավականին կարեւոր, վստահ եմ, որ ցանկացած ժողովուրդ իր նյութական մշակույթի ժառանգորդը լինելով, չբացառելով նաեւ նոր իրողությունները, իր ինքնությունը խարսխում է գենետիկ ժառանգության վրա։ Այդ տեսանկյունից այս գիտաժողովը շատ կարեւոր է»։
Հավելենք, որ Վանի պեղումների 100-ամյակին նվիրված գիտաժողովի հայ եւ օտարազգի գիտնականների բոլոր զեկուցումները տպագրվել են «Հայաստանի հնամարդաբանության եւ հնաժողովրդագրության հարցեր» գրքույկում։ Միջազգային գիտաժողովի հիմնադրույթների ժողովածուն նախատեսված է մասնագետների, բուհերի հումանիտար ֆակուլտետների ուսանողների եւ Վանի թագավորության պեղումներով հետաքրքրվողների լայն շրջանակի համար։
ՆԱՐԱ ԵՓՐԵՄՅԱՆ