Այսօր Շիրակի մարզպետարանում տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը հանդիպեց Շիրակի մարզի բոլոր համայնքապետերի հետ՝ հորդորելով համայնքների զարգացման հնգամյա ծրագիրը մշակելիս հետաքրքիր գաղափարներ մտածել ու մասնավոր ներդրողների հետ համագործակցելու ճանապարհներ գտնել։ Ըստ Վաչե Տերտերյանի, համայնքների զարգացման ծրագրերը պետք է ներդաշնակ լինեն մարզի զարգացման ծրագրի հետ։
«Մենք պետք է խնդրենք և հորդորենք ձեզ այս տարվա ծրագրերում որոշակի շեշտադրումներ անել, մասնավորապես շեշտադրումներ, որոնք պիտի ուղղված լինեն համայնքներում տնտեսական ակտիվության կամ հնարավոր տնտեսական նախաձեռնությունների խթանմանը, խրախուսմանը կամ դրա համար պայմաններ ստեղծելուն։ Եթե մենք ունենք փոքր գյուղական համայնքներում անասնապահության հետ կապված հնարավորություններ, զարգացումներ, ապա պիտի խնդրենք ձեզ, որ ձեր ծախսային հոդվածները, հատկապես ուղղորդեք այդ ուղղությամբ, որով կարելի է ինչ-որ աշխատանքներ, ինչ-որ կոմունիկացիաներ ստեղծել։ Միգուցե ծրագրերին ներգրավել, որպեսզի մասնավոր տնտեսությունները սկսեն աշխատել, որովհետև, վերջին հաշվով, դա մեր համայնքների հիմնական խնդիրը պետք է լինի, դրանից կբխեն ձեր հարկային եկամուտների ավելացումները, մարդկանց բարեկեցության բարձրացումը և էլի շատ ու շատ խնդիրներ», -ասաց Վաչե Տերտերյանը։
Շիրակցի համայնքապետերից մի քանիսը հետաքրքրվեցին, թե բավարար միջոցներ չունենալու դեպքում ինչպե՞ս ունենալ հնգամյա զարգացման լավ ծրագիր։ Օրինակ՝ Հայկավանի գյուղապետը հետաքրքրվեց, թե հնարավո՞ր չէ կառավարությունում քննարկվի բոլոր համայնքների հիմնախնդիրները և օրինակ ասենք նշվի՝ տվյալ ֆինանսական աղբյուրով հնարավոր է միայն այս գործն անել։ Այլապես, ըստ գյուղապետի, հնգամյա ծրագիրը կդառնա բարի ցանկությունների ծրագիր, չեն կարողանա իրականացնել։ Հայկավանի գյուղապետից զատ, հարցեր բարձրաձայնեցին Ազատանի, Հառիճի գյուղապետերը։ Վաչե Տետերյանն ասաց, որ իրենք գիտեն համայնքների բյուջեների փոքր լինելու մասին, այն բարձրացնել հնարավոր չէ, սակայն համայնքապետերը պետք է գրեն ծրագրեր ու իրենք իրագործեն՝ լրացուցիչ ռեսուրսներ գտնելով։
Կարդացեք նաև
Վաչե Տերտերյանը որպես օրինակ մեջբերեց Տաթևի վանքը, որը հիմա դարձել է համաշխարհային բրենդ, քանի որ մասնավոր ներդրող է հայտնվել՝ իր 30 միլիոնանոց ճոպանուղով։ Այնուհետ խոսեց Արենիի գինու փառատոնի մասին, ըստ փոխնախարարի, երբ առաջին անգամ փառատոն են անցկացրել, շատերը իրենց ձեռ են առել, իսկ այժմ դիվանագետները, քաղաքական ու հանրային գործիչներ են մասնակցում փառատոնի։ Այս տարի մասնակցել է մոտ 20 հազար մարդ։
Երբ գյուղապետերը շարունակեցին հարցեր ուղղել, Վաչե Տերտերյանը բարկացավ գյուղապետերի այսպես ասած ամբարտավան տոնի վրա՝ ասելով․«Դիմում եմ գյուղապետերին, էդ տոնը՝ ի՞նչ է մտածում կառավարությունը, կառավարությունը մտածում է ինչ անի, որ Սպանդարյանի բյուջեն 100 տոկոսով կատարվի, սա մեկ։ Կառավարությունը մտածում է Սպանդարյանի համայնքային ծառայողների աշխատավարձը չգիտեմ քանի տոկոսն է կազմում էդ բյուջեից, էֆեկտիվ լինի․․․Կառավարությունը մտածում է, որ ժամը 9-ին զանգի Սպանդարյանի գյուղապետին, նա ինչ-որ տեղից հեռախոսը վերցնի, լավ կլինի, իհարկե, իր աշխատատեղից։ Եվ կառավարությունը մտածում է, որ վերջին հաշվով մի անգամ գոնե պիտի հարցնի Սպանդարյանի գյուղապետին, որ դու ժամը 9-ից գալիս ես աշխատանքի մինչև ժամը 6-ը ի՞նչ ես անում, դա վերաբերում է բոլոր գյուղապետերին․․․ Էդ ամբարտավան ոճը՝ ճիշտ ոճ չէ՝ ի՞նչ է անում կառավարությունը․․․Էդ ոճը պետք է փոխել, մենք էսօր խոսում ենք ոչ թե նրա մասին, թե ի՞նչ է անում կառավարությունը, մենք խոսում ենք այն մասին, թե ինչ պետք է անեք դուք։ Ես ձեզ ընդամենը խնդրում եմ, որ ձեր բյուջեները կազմելուց փորձեք մտածել ու գրել բաներ, թե ինչ եք պատրաստվում դուք անել։ Հետո ես ձեր բյուջեները վերցնելու եմ, նայեմ, ձեր բյուջեներով ես հասկանալու եմ` դուք որևէ բան ընդունա՞կ եք անելու, թե՞ չէ։ Հասկացանք լավ նախընտրական ծրագրով գնում եք, ասում եք՝ ջուր կքաշեմ, գազ կքաշեմ, էս կքաշեմ, հետո պետական փողերով գնում քաշում են, դուք ասում եք՝ ես արեցի․․․Նայում ես էդ աչոտները ասում է՝ ես գյուղը գազաֆիկացրել եմ, ծրագիր եմ բերել, ի՞նչ է արել, գնացել էդ ծրագիրը մեջքի վրա դրել, բերե՞լ է»։
Վաչե Տերտերյանի այս խոսքերն էլ դուր չեկավ «Կոմպաս» գիտահետազոտական կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Կարեն Պետրոսյանին, որը նախ խնդրեց պարզաբանել, թե ի՞նչ է տվյալ դեպքում նշանակում ամբարտավան ոճը, այնուհետ նշեց, որ քառամյա կամ հնգամյա ծրագրերը պետք է հիմնված լինեն մարդկանց կարիքների վրա։ Նա հիշեցրեց, որ կառավարությունը պարտականություն ունի իր երկրի քաղաքացիների հանդեպ։ Կարեն Պետրոսյանը նաև հետաքրքրվեց, թե կառավարությունը ունի՞ արդյոք գնահատական, թե ինչպիսի՞ կարիքներ ունեն համայնքները զարգացման տեսանկյունից։ «Ասել զարգացում ու չասել ռեսուրսների աղբյուրը, դա մեղմ ասած միամտություն է», -ասաց Կարեն Պետրոսյանը։ Վաչե Տերտերյանի ու Կարեն Պետրոսյանի միջև փոքր վիճաբանություն ծագեց, Վաչե Տերտերյանն իր հերթին ասաց, որ համայնքի բնակիչների բարեկեցիկ կյանք ապահովելու համար ոչ միայն կառավարությունը, այլ համայնքն էլ որոշակի խնդիր ունի լուծելու։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ