Լրահոս
Օրվա լրահոսը

«Յուրաքանչյուր մարդ ի վերջո ցանկանալու է գտնել իր արմատները». (Ֆոտոշարք)

Նոյեմբեր 04,2016 22:15

Դերասանուհի Սվետլանա Գրիգորյանը, Արամայիս Սահակյանը, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, հայտնի շախմատիստ Լեւոն Արոնյանը, Ռուբեն Հախվերդյանը, Վանո Սիրադեղյանը, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը,  ինչպես նաեւ դերասանուհիներ Ջուլիետա Բաբայանը, Ջուլիետա Ստեփանյանը, կոմպոզիտոր Արզաս Ոսկանյանը, երգիչներ Նունե Եսայանը, Աննա Մայիլյանը, Ֆորշը, հեռուստահաղորդավարներ Նառա Շլեպչյանը, Գայանե Փայտյանը, Արտակ Հերիքյանը, հումորիստ, հաղորդավար Գարիկ Մարտիրոսյանը, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը արմատներով տավուշցի են: Այս մասին տեղեկանում ենք Լավրենտի Միրզոյանի հեղինակած «Տավշո արմատներ» գրքից, որի շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր` Հայաստանի ազգային գրադարանում:

Հեղինակը գրքի վրա աշխատել է 20 տարի, հավաքելով փաստեր, ուսումնասիրել արխիվներ, թե’ Երեւանում, Թբիլիսում եւ թե’ այլ քաղաքներում: Գրքում զետեղված են ոչ միայն տավուշյան արմատներ ունեցող գրական-մարզամշակութային հազարին մոտ անուն ազգանուններ, այլեւ տարածաշրջանի հին ու նոր պատմաճանաչողական հուշարձաններ: Հեղինակը նշեց, որ մտադրություն ունի նաեւ այս գրքի շարունակությունը` «Տավուշածին գիտնականներ» խորագրով գիրք հրատարակել, 2 հազար գիտնականի մասին, որոնց մասին  որոշակի տեղեկություններ արդեն ունի:

Լեզվաբան, խմբագիր, հրապարակախոս Լավրենտի Միրզոյանը Երեւանի պատմությունը` հիմնադրման օրվանից մինչեւ 2001 թվականը գրելուց հետո մտածել է` «Եթե ես որպես Երեւանի բնակիչ կարողացա այդ գիրքը պատրաստել, հրատարակել, իսկ ինչո՞ւ չհրատարակել իմ ծննդավայրի` Շամշադինի տարածաշրջանի մասին գիրք, որտեղ սարեր-ձորերում քարից հաց քամող հրաշալի մարդիկ են ապրում եւ որի ծոցից դուրս եկած` նաեւ բազում տաղանդավոր մարդիկ»:

Լավրենտի Միրզոյանը իր ելույթում նշեց, որ այդ գիրքը նաեւ հասցեագրված է ադրբեջանցիների նշանառության տակ գտնվող այն 21 սահմանամերձ համայնքների երեխաներին, որոնք հստակ չգիտեն իրենց գյուղերի պատմությունները եւ որ ծանոթանալով` տեսնեն, թե ինչ «հրաշալի մարդիկ են դուրս եկել իրենց գյուղից», սիրեն իրենց ծննդավայրը, ապրեն այնտեղ, քանի որ Հայաստանը սկսվում է սահմանից. «Այսօր մեր կարեւոր խնդիրն սահմանում զինվոր, բնակիչ պահելն է»:

1-1

3 4 5 6 7 8 9 10 11 12 2-1

Միջոցառմանը ներկա էր նաեւ Տավուշի թեմի հոգեւոր առաջնորդ Բագրատ սրբազան արքեպիսկոպոս Գալստանյանը, որն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ նմանատիպ գրքերը ընդհանրապես  համահավաք ներկայացվում են, թե’ տարածաշրջանի մարդուն, սովորույթները, պատմությունը եւ, թե’ ամեն անգամ նոր վերհիշեցման առիթ են դառնալու մեր ծագմանը, ինքնությանը, եկած շառավղին:

Թվարկելով տավուշցիներին առանձնահատուկ գծերից մի քանիսը, սրբազանը ասաց, որ մարդու արժանապատվությունը, պատիվն է, որ շատ բարձր է Տավուշում եւ այդ իմաստով է գնահատված այն. «Տավուշը ինձ համար մարդով է ներկայանում, մարդու նկարագրով, կերպարով, որից ավելի մեծ արժեք չկա: Տավուշեցին իսկատիպ հայի նկարագիրը պահած մարդն է եւ իր բարությամբ, հերոսությամբ, հայրենիքի եւ հավատքի նկատմամբ անսակարգ զգացմունքով»:

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի համար մեծ անակնկալ է եղել, երբ իմացել է, որ իր մասին եւս հիշատակվում է գրքում: «Զգացել եմ, որ արմատների կանչը շատ ուժեղ է դառնում, որը տարիքի հետ ուժգնանում է: Վերջին տարիներին, երբ ցանկանում էի իմ արմատների մասին տեղեկություն իմանալ` պարզվեց, որ գրականություն շատ քիչ կար եւ ես ուրախ եմ, որ Լավրենտի Միրզոյանը ստեղծել է այս գիրքը, որը չափազանց թանկ է յուրաքանչյուր տավուշցու համար»,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Խոսելով տավուշյան իր արմատների մասին, պարոն Սաֆարյանը նշեց. «Ես չեմ ասում, որ ոչինչ չէի լինի, բայց ես կարծում եմ, որ հաստատապես չէի լինի այն, ինչ կամ, ինչը որ դուր է գալիս ինձ, եւ այլոց, բայց տավուշյան ինքնությունը ինձ համար ե’ւ ողնաշար է, ե’ւ սնուցման մի ավազան է, որտեղից անընդհատ օգտվում եմ»:

Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանն էլ նշեց, որ վերջին ժամանակահատվածում տարբեր տարածաշրջանների մասին գրվել են նմանատիպ գրքեր, բայց այս` «Տավշո արմատներ»-ը` առանձնանում է իր պրոֆեսիոնալ եւ փաստարկված մոտեցումով. «Եթե սրա օրինակով մենք ունենանք տարբեր տարածաշրջանների մասին եւս` կստեղծենք մի նոր ազգային հանրագիտարան, որը նոր որակ եւ նվաճում կլինի մեր ժողովրդի համար»:

«Տավշո» հայրենակցական միության նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանն էլ իր ելույթում նշեց, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է իր արմատի տերը լինի. «Յուրաքանչյուր մարդ ի վերջո ցանկանալու է գտնել իր արմատները եւ դրանով ավելի մեծանալ»:

«Նոյեմբերյան» հայրենակցական միության նախագահ, տնտեսագիտության թեկնածու, պրոֆեսոր Հայկ Ղազարյանը, որը նույնպես արմատներով տավուշցի է` ասաց, որ միայն իր ծննդավայրը անսահման սիրող մարդը կաներ այն աշխատանքը, ինչը որ արել է գրքի հեղինակը:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930