Նոյեմբերի 4-ին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում տեղի ունեցավ հանդիպում գերմանաբնակ հռչակավոր ծաղրածու, Գագիկ Ավետիսյանի` Չառլիի հետ: Հանդիպման ընթացքում ուսանողները հնարավորության ունեցան ծանոթանալ ոչ միայն կրկեսի առանձնահատկություններին՝ փորձառու մասնագետի մեկնաբանմամբ, այլև տեղեկացան նրա կյանքի հետաքրքիր դրվագներին՝ դիտելով հատվածներ Չառլիի ներկայացումներից:
Չառլիի խոսքով, կրկեսը այն վայրն է, որտեղ նշանակություն չունի տարիքը. «Ես կրկես եմ մտել 27 տարեկանից սկսած, մինչ այդ դարձյալ բեմում եմ եղել՝ 12 տարեկանից սկսած: Օլեգ Պոպովը 87 տարեկան էր, բայց հենց այս շաբաթ խաղացել է 3 ներկայացում, ևս մեկը պետք է երեկ խաղար, բայց չհասցրեց: Օլեգը մնաց բեմում և մահացավ նրան մոտիկ՝ կրկեսի հյուրանոցում»: Չառլին հայտնեց, որ իր երազանքը նման է սրան՝ մահանալ արենայում:
Ինչպես յուրաքանչյուր մականուն, Չառլին ևս ունի իր պատմությունը: «4 տարեկանում ես միշտ գողանում էի մեր բակում ապրող պապիկի ձեռնափայտն ու գլխարկը և փորձում քայլել նրա նման, բայց արդյունքում քայլում էի՝ ինչպես Չառլի Չապլինը»,- պատմեց արտիստը:
Կարդացեք նաև
Անընդհատ առիթ ունենալով լինել Չառլի, նա մնաց Չառլի, և այսօր նա հայտնի է բոլորին հենց այս անունով:
«Մի անգամ եղել եմ Չառլի` Դավիթ Հակոբյանի փոխարեն, հաջորդ անգամ խաղում էի հետախույզի դեր, որը հագնված է ճիշտ այնպես, ինչպես Չապլինը և ռեժիսորը նայելով ինձ ասաց`մի հատ էլ բեղ ենք դնում ու վերջ»,-հիշում է Չառլին:
Նա ամենազգույշ մարդկանցից է, որը միշտ ներկայացումից առաջ ստուգում է իրեն անհրաժեշտ պարագաների սեղանիկը և 30 րոպե առաջ նա արդեն բեմի մոտ է, որպեսզի հանգիստ լինի: Նա հետաքրքրությամբ հիշում էր Օլեգ Պապովին և պատմում իր համար հետաքրքիր փաստեր. «Օլեգ Պոպովը միշտ ինքն էր պատրաստում իր ռեկվիզիտը, և ամեն ինչից շատ թվաքանակով, օրինակ՝ դա կարող էր լինել մեղուների մի ամբողջ պարսի: Ինձ համար շատ զարմանալի էր, երբ մի անգամ նրա մինի-բուսի մեջ տեսա 50-60-ականների ռեկվիզիտ»:
Իսկ պրոֆեսոր Սոս Պետրոսյանը, որը ԵԹԿՊԻ կրկեսի, էստրադայի և մասսայական տեսարանների ռեժիսուրայի կուրսի ղեկավարն է՝ խոսելով կրկեսի ազգային առանձնահատկությունների մասին նշեց. «Չինաստանը այդքան հզոր երկիր է. բայց ծաղրածու չունի, նույնիսկ կենդանի չունի, որպեսզի հանի արենա»:
Նելլի ԹԱՌՓՈՇՅԱՆ
Լուսանկարները ՝ Աննա Թադևոսյանի