«Այս աշխատանքները Ադամի նախահամալսարանական շրջանի գործերն են եւ սկզբի շրջանի, երբ նոր էր ընդունվել համալսարան: Այս գործերը մասունքի պես մի բան են մեզ համար, անգնահատելի գանձ»,- այսօր Կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի «Թամանյան» սրահում ապրիլյան պատերազմի հերոս, Ճարտարապետության և Շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանող, Ադամ Սահակյանի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսի ժամանակ Aravot.am-ին ասաց Ադամի մայրը՝ Գայանե Անտոնյանը:
Ադամի գործերը հիացրեցին նաեւ ցուցահանդեսին ներկա ճարտարապետ Նարեկ Սարգսյանին, նա ասաց՝ առաջարկել է այդ գործերն ամփոփել մեկ ալբոմում. «Առաջարկեցի հենց նոր, որ սա դարձնենք բուկլետ, ալբոմ, որ իր աշխատանքները լինի ալբոմի ձեւով: Ցավալի է, որովհետեւ ակնհայտ է՝ շատ շնորհալի, տաղանդավոր երիտասարդ է եղել: Մենք կորցրել ենք ապագայի համար մի շատ լավ ճարտարապետ՝ նայելով նրա կոմպոզիցիոն աշխատանքները, գծանկարները, տարածական պատկերացումները, գծի նկատմամբ նրա պատկերացումները: Այն, ինչ դեմքին երեւում էր՝ ստեղծագործ, մտավորական, գեղեցիկ ու նվիրված, արտահայտվում է իր այսօրվա ցուցահանդեսում, դրա համար եմ շատ ցավում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ