Կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի «Թամանյան» սրահում այսօր ասեղ գցելու տեղ չկար, ցուցասրահում ապրիլյան պատերազմի հերոս, Ճարտարապետության և Շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանող, Ադամ Սահակյանի գրաֆիկական աշխատանքների ցուցադրությունն էր:
«Իմ կարծիքով, նա կցանկանար, որ մարդիկ տեսնեին իր ստեղծագործությունները, եւ սա նաեւ իր ցանկությունն է»,-Aravot.am-ին ասաց Ադամի եղբայրը՝ Մուշեղ Սահակյանը:
Նրա խոսքով, Ադամն իր մահով թողեց ազատություն Հայաստանին ու Արցախին, բերեց խաղաղություն ու նոր կյանք պարգեւեց, որովհետեւ. «Իրադրությունն այնպիսին է եղել, որ որոշվում էր հայ լինել-չլինելը: Ապրիլյան հերոսամարտերը մայիսյան հերոսամարտերից հարյուր տարի անց նույն իրադրությունը ստեղծեցին, հայությունը կանգնած էր բնաջնջման առջեւ, որովհետեւ ծրագրերը մեծ են եղել, հարձակումը մեծ է եղել, ու ոչ մեկ չգիտեր՝ ինչ անդառնալի հետեւանքներ կարող էին լինել Հայաստանի ու Արցախի համար: Բայց չորս օրում ամեն ինչ կանխվեց մեր հերոսների շնորհիվ, հակառակորդի ծրագրերը ի չիք դարձան, բլից կրիգն էլ տապալվեց, իսկ տապալողներից առաջիններից մեկը Ադամն է եղել, որը գլխավորել է Ջաբրայիլի 112 դիրքը ու արյան վերջին կաթիլը պայքարել է, մնացել է մեր համար, նա գիտեր՝ դիրքում մնալով կյանքի փրկություն չի լինի, բայց մնաց Հայաստանի ու մեզ համար»:
Կարդացեք նաև
Մուշեղ Սահակյանի պատմելով, իր հայրն է տեսել Ադամի դին, խոշտանգումներ չեն եղել. «Պապան նայել է թղթերը, Ադամին դիպել է քսան փամփուշտ ու միանգամից, հայրս թղթերն է նայել, թե յուրաքանչյուր փամփուշտ ինչ է արել, մահը եղել է միանգամից, զոհվել է խրամատի մեջ, Լալայկա բարձունքի վրա ՝ մարմնին ու դեմքին ստացած հրազենային կրակոցներից»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ