Տավուշի մարզի Ջուջեւան գյուղի բնակիչ Արմեն Բաբաջանյանն ասաց, որ իր որդին՝ Երվանդը Երեւանում որպես տաքսիստ է աշխատել «Չաո» տաքսի ծառայությունում: 2014թ. փետրվարի 18-ին նա թողել է տաքսիստի աշխատանքը, մեկնել Ռուսաստան,այնտեղից վերադարձել է նույն տարվա հուլիսի 4-ին: Այդ ժամանակահատվածում նշված տաքսի ծառայության տաքսիստները ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներ են կատարել, որոնք արձանագրվել են տեսախցիկներով:
Այդ խախտումների վերաբերյալ պետավտոտեսչությունը ծանուցումներ է ուղարկել «Չաո» տաքսի ծառայություն, ծառայությունից պետավտոտեսչությանը հայտնել են, որ այդ խախտումները կատարած մեքենայի վարորդը եղել է Երվանդ Բաբաջանյանը: Արմեն Բաբաջանյանը հայտնեց, որ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ տուգանքների ծանուցումներով նամակներ են ուղարկվել Ջուջեւան, ինքն այդ նամակները չի բացել, քանի որ դրանք իրեն չէին ուղղված, այլ՝ Երվանդին: Դրանից հետո ԴԱՀԿ-ը ինտերնետային կայքում հայտարարություններ է զետեղել, համարել, որ Ե. Բաբաջանյանը ծանուցվել է տուգանքների վերաբերյալ:
Արմեն Բաբաջանյանն ասաց, որ ԴԱՀԿ-ի կողմից 1.5 միլիոն դրամի արգելանք է դրվել, 25-ամյա Երվանդ Բաբաջանյանի ունեցվածքին կալանք է դրվել, չնայած վերջինս սեփականություն չունի: Երվանդն այժմ որպես վագոններ նորոգող է աշխատում երկաթուղային Այրում կայարանում:
Ա. Բաբաջանյանը վարչապետ Կարեն Կարապետյանին երեկ նամակ է ուղարկել, որտեղ նշել է, որ իր որդու Ռուսաստան եղած ժամանակ, մեկ օրում նշված տաքսի ծառայության 3 տարբեր ավտոմեքենաներ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներ են կատարել, տաքսի ծառայության տնօրինությունը հայտնել է, թե այդ 3 մեքենաների վարորդը եղել է Երվանդ Բաբաջանյանը:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ