«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամներն առաջարկում են, որ համաներում լինի և զրոյացվեն նախկինում կուտակված տույժերն ու տուգանքները արագաչափերի և տեսանկարահանող սարքերի արձանագրած խախտումների հետ կապված:
«Նոյյան տապան» մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը նախաձեռնության անդամներից Արսեն Պետրոսյանը նշեց, թե իրենք սպասում էին, որ նման խորհրդակցություն կունենա վարչապետը, ոչ թե ՀՀ նախագահը ու կատարվածը կապում առաջիկայում կայանալիք ընտրությունների հետ` «ժողովրդի գլխի տակ փափուկ բարձ դնելով»:
Պարոն Պետրոսյանն ասաց. «Մենք բազմիցս բարձրացրել ենք այդ խնդիրները, բայց, ցավոք, ուշացումով են դրանք արձանագրվում: Մենք այդ հարցերը բարձրացրինք ապրիլյան դեպքերից հետո, որ այդ գումարներն ուղղվեն պետական բյուջե, որը, ցավոք, ուշացավ: Հիմա են դա անում, քանի որ պարզ է` մոտենում են ընտրություններ»:
Նա նշեց, որ սա չարյաց փոքրագույնն է ու առաջարկեց, որ գոնե այդ գումարները ծառայեցվեց ճանապարհների և գծանշումների որակի բարձրացմանը, որ լուսացույցերը նորմալ աշխատեն. «Արագաչափերն ու տեսախցիկները` չակերտավոր նավթի հանքերը, որ տեղադրեցինք մեր փողոցներում ու խաչմերուկներում, և ճանապարհային ոստիկանությանը ձեռքը տալով փոշեկուլի բռնակը` մոտ չորս տարի դատարկում էին մեր գրպանները: Էլ այս ժողովուրդը ի վիճակի չէ այդ գումարները վճարել»:
Կարդացեք նաև
Նախաձեռնության անդամներից Արման Սուլեյմանյանը ՀՀ նախագահի հայտարարությունը համարեց մերկապարանոց. «Ի տխրություն մեզ բոլորիս` նախագահի ասածը մերկապարանոց արտահայտություն է: Երեք տարի է` պայքարում ենք համակարգային փոփոխությունների համար, այնինչ միայն երեք տարի հետո է նախագահն ասում, թե ուղղակի այն ֆինանսական միջոցները, որ տնօրինում են «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ն և «Փարքինգ Սիթի Սերվիս» ընկերությունները, կանցնեն պետբյուջեին: Որքան էլ չսիրեինք այդ ընկերություններին, բայց իրենք ընդամենը մահակն են, ձեռքը քաղաքապետարանն ու ճանապարհային ոստիկանություն են: Նախագահն ընդամենը խլում է բիզնեսը մասնավոր մարդկանցից տալիս է ուրիշին` նույնիսկ, եթե դա պետությունն է, ապա շատ վատ մթնոլորտ է ստեղծվում»:
Նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ միայն համաներումը կարող է բեռնաթափել հասարակությունում գոյություն ունեցող լարվածությունը, քանի որ շատ վարորդներ կան, որ ունեն միլիոնների տուգանքներ և պոտենցիալ մարդասպաններ են, քանի որ միտումնավոր այնպես են վարում, որ հակառակ իշխանությունների նորից ու նորից խախտումներ կատարեն ու տուգանքներ կուտակեն:
Հարցին` ի՞նչ քայլերի են դիմելու նախաձեռնության անդամները, պատասխանեցին. «Եթե այդ գումարները գնալու են քաղաքապետարան, որ սալյուտ կրակեն, մենք բողոքի ակցիաներ ենք սկսելու»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ