Լրահոս
Օրվա լրահոսը

2,7 տարվա ազատազրկում՝ Վարդևան Գրիգորյանի եղբորը սպանած Արման Կատունյանին. (Տեսանյութ)

Նոյեմբեր 04,2016 19:22

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը 2,7 տարվա ազատազրկման դատապարտեց Գյումրու մանկավարժականի նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի սպանության մեջ ամբաստանվող Արման Կատունյանին։ Հիշեցնենք, որ նրանք հարևաններ էին, եղել են մոտ հարաբերությունների մեջ, սպանության դրդապատճառը կապված էր Արման Կատունյանի կնոջ հետ։ Սպանությունը կատարվել էր Գետք գյուղից դեպի Երազգավորս գյուղ տանող ճանապարհի քանդված գոմերի մոտ։

Արման Կատունյանը ՊՆ Շիրակի մարզի ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետն էր։ Ամբաստանյալը իր վերջին խոսքում ասաց․ «Զղջում եմ կատարվածի համար, նպատակ չեմ ունեցել, խնդրում եմ վարվել արդարացի»։ Դատավորի ճշտող հարցին ներողությո՞ւն եք խնդրում, Արման Կատունյանն ասաց․ «Խնդում եմ վարվել արդարացի»։

Դատարանը խորհրդակցական սենյակ հեռացավ, մոտ մեկ ժամ հետո հրապարակեց վճիռը՝ վերջինիս  դատապարտելով 2 տարի, 7 ամիս, 12 օրվա ազատազրկման։

Հիշեցնենք, որ Արման Կատունյանին սկզբում մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, այսինքն` նա մեղադրվում էր դիտավորյալ սպանություն կատարելու մեջ և 235 հոդվածի 1-ին մասով, որը կոչվում է «Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը»: Այնուհետ 104 հոդվածը փոխվել էր, նրան մեղադրանք էր առաջադրվել 105 հոդվածով, քանի որ դատահոգեբանական-դատահոգեբուժական համալիր փորձաքննության եզրակացությամբ պարզվել էր, որ Արման Կատունյանը դեպքի պահին գտնվել է հոգեբանական աֆեկտի վիճակում: Վերջինս խափանման միջոց կալանավորումը ևս փոխվել էր, ընտրվել էր նոր խափանման միջոց` ստորագրություն չհեռանալու մասին։

img_4707 img_4708 img_4710

Այսօր դատարանը նրան առաջադրված երկու մեղադրանքներով, այն է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 105 հոդվածի 1-ին մասով դատապարտեց ազատազրկման երեք տարի ժամկետով, 235 հոդվածի 1-ին մասով՝ 6 ամիս ժամկետով։ Վերջնական պատիժ նշանակեց 2,7 տարի ազատազրկումը։ Դատարանը նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը, այն է ստորագրություն չհեռանալու մասին թողեց անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։

Արման Կատունյանի փաստաբան Երվանդ Վարոսյանն ասաց, որ դատավճիռը իրեն չբավարարեց․ ինչ-ինչ պատճառներից ելնելով՝ դատարանը  պատժի հարցում գտնվեց կողմնակալ։ Երվանդ Վարոսյանի կարծիքով վճիռը կայացնելու դեր են խաղացել նաև համաներման մասին խոսակցությունները։ «Չկա քրեական գործում Կատունյանի պատիժը ծանրացնող որևէ հանգամանք, ուստի այս պարագայում գրեթե մաքսիմալ հնարավոր պատիժը դատարանի կողմից նշանակելը տրամաբանական չէ։ Ընդ որում՝ Կատունյանը արդարացվել է, իհարկե, այդ մասով գոհ ենք, թեև պետք է արդարացվեր նաև այսպես ասած փամփուշտ պահելու մասով, այդ մասով էլ կբողոքարկենք, բայց եթե արդարացվում է մեղադրանքի դրվագներից մեկով, ապա անհասկանալի է, թե ինչու է հնչում նույն պատիժը, գրեթե ինչ որ ուզում է մեղադրողը բոլոր երեք մեղադրանքներով հանդերձ։ Միանշանակ բողոքարկելու ենք դատավճիռը»,-ասաց Երվանդ Վարոսյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930