Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե լինի համաներում, հայրս արժանապատվությունից դրդված դա էլ է մերժելու». Շահեն Հարությունյան

Նոյեմբեր 04,2016 18:22

Նոյեմբերի 5-ին ժամը 17:00-ին Ազատության հրապարակում տեղի կունենա անոնիմուսների հանրահավաք-երթ` ազատություն քաղբանտարկյալներին թեմայով: Այն կսկսի Ազատության հրապարակից, կընթանա Կորյուն-Նալբանդյան- Կառավարության շենք-Ամիրյան-Ազատության հրապարակ երթուղով:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը Շանթ Հարությունյանի որդի Շահեն Հարությունյանը տեղեկացրեց, որ իրենց երթի համար իրազեկում ներկայացված է քաղաքապետարան: Նա նշեց, որ քաղբանտարկյալ Ալեք Պողոսյանի որդիները և ցանկություն դեպքում այլ քաղբանտարկյալների որդիներ ևս ներկա կլինեն երթին: Ալեք Պողոսյանի որդիները վաղը կհնչեցնեն իրենց հոր հայտարարությունը բանտից:

Շահեն Հարությունյանը կարծիք հայտնեց, որ ՀՀ-ում կան շուրջ 70 քաղբանտարկյալներ. «Քաղբանտարկյալներ ունենում են այն երկրները, որտեղ չկան ժողովրդավարական հիմունքներ, չկա ժողովրդավարություն, սահմանափակվում է անձի խոսքի ազատությունը, ոտնահարվում են անձի սահմանադրական իրավունքները: Քաղբանտարկյալների առկայությունը վտանգում է երկիրը»:

Ալեք Պողոսյանի որդիները` Մարտունն ու Րաֆֆին, հայտարարեցին. «Մենք հինգ երեխա ենք և մեծը մենք ենք ու շարունակում ենք մեր հոր գործը: Մեր հայրը բանտում է, քանի որ ուզում է, որ մեր կյանքը լինի ազատ: Հպարտ ենք, որ նրա որդին ենք»:

Շահեն Հարությունյանը շեշտեց, որ ինչքան ճնշումներ լինեն իրենց վրա, այնքան իր պայքարը համառ ու մարտունակ է դառնալու:  Նա մտահոգություն հայտնեց, որ հուլիսյան իրադարձություններից հետո վախի մթնոլորտը մեծացել է:

Շահեն Հարությունյանը տեղեկացրեց, որ իր հոր առողջական վիճակը բավարար է. «Հորս հետ հանդիպել եմ հոկտեմբերին և մի քանի օրից ևս կհանդիպեմ:  Հայրս որպես ծնող գուցե անհանգստանա, բայց որպես ՀՀ քաղաքացի, որը երկրի իրավիճակի համար անհանգիստ է, խրախուսում է իմ քայլերը և չի սահմանափակում իմ գործունեությունը: Պայքարը մեր ընտանիքի համար սրբազնագույն երևույթ է, այն սկսել է պապիկիցս` ստալինյան բռնապետության դեմ»:

Շահեն Հարությունյանը նաև տեղեկացրեց, որ իր հայրը վաղաժամ ազատ արձակվելու առաջարկը մերժել է. «Եթե լինի համաներում, հայրս համաներումն էլ է մերժելու, քանի որ դա նշանակում է, որ որոշակի մեղք ես գործել և դրա համար ներման ես արժանանում: Մենք մեր արժանապատվությունից դրդված այդ քայլին չենք գնա: Անգամ ես այդ քայլին չեմ գնա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    մէջբերում՝ «Քաղբանտարկյալ Ալեք Պողոսյանի որդիները` Մարտունն ու Րաֆֆին, հայտարարեցին.»

    այս նախադասությունը չակերտներ մէջ չէ,
    այսինքն՝ հոդվածի հեղինակին կը պատկանի

    ուրեմն, այս լրագրողը իր – եւ այս թերթին – անունով հաստատում է որ այդ անձը քաղբանտարկյա՞լ է…

    իսկ ամէն դէպքում, այդ բառի էժան, երեխայական ու թեթեւսոլիկ գործածությունը Հայաստանում նախատինք մըն է այլ երկիրներում իսկական քաղբանտարկյալների նկատմամբ

  2. Հ.Շ. says:

    «Քաղբանտարկյալների առկայությունը վտանգում է երկիրը» :

    Երբ որ երկիրը տակավին թերաճ երկիր մըն է, եւ այդտեղ կան ծայրահեղական անձեր որոնք չափ ու սահման չեն գիտեր, եւ իրենց գործած արարքներո՛վ – եւ ոչ միայն խօսքերով – կը վտանգեն երկրին, անոնց բանտարկությունը ոչ թէ չի վտանգում երկիրը, այլ պաշտպանում է զայն:

  3. Հ.Շ. says:

    Այս երեխաների հայրերը շատ աւելի հարգանքի արժանի կը լինէին, եթէ մի քիչ ել մտածէին իրենց ընտանիքների եւ երեխաների տարրական կարիքների մասին, փոխանակ զանոնք այսպէս լքելու, հանուն ինչ-որ ցնորական, պարապ-պարապ բաների:

    Անոնք, անմիտ ու անիմաստ արարքների ուղիով, բանտում ապաստանում են, փախչելու համար կյանքի իրականությունից, ընտանեկան պարտականություններից եւ պատասխանատվություններից:

    Երբ որ այս երեխաները մի օր մեծանան, զարգանան, սա հասկանալու են, եւ տեսնենք թէ այն ատեն ինչ ձեւով են արժեվորելու իրենց փախստական հայրերի արվեստական «հերոսությունը»:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930