Նոյեմբերի 2-3-ը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդարանում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը։
Ժողովի բացմանը ԳՀԽ հոգևորական և աշխարհական անդամներին հայրապետական իր օրհնությունն ու պատգամը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց անցնող օրերին Նյու Յորքում անցկացված Գերագույն հոգևոր խորհրդի, Հյուսիսային Ամերիկայի երեք թեմերի և ՀԲԸՄ կենտրոնական վարչության միացյալ ժողովի առիթով՝ ընդգծելով, որ այն կարևոր նշանակություն ունեցավ ԳՀԽ անդամների համար՝ Հյուսիսային Ամերիկայի հայության ազգային-եկեղեցական կյանքում առկա մարտահրավերներին տեղում հաղորդ դառնալու առումով։
Այս առիթով Վեհափառ Հայրապետը իր գնահատանքը հայտնեց Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին և ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի սպասավորներին այս օրերին ցուցաբերված ջերմ հյուրընկալության համար: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև Ս․ Հոգու առաջնորդությունը մաղթեց ԳՀԽ ժողովի աշխատանքներին ի նպաստ Հայ Եկեղեցու պայծառության և առաքելության արդյունավորվան։
Կարդացեք նաև
Ժողովի օրակարգում ընդգրկված էին Ազգային-եկեղեցական ժողովի կանոնադրության նախագծի մշակման ընթացքին վերաբերող հարցեր, Եկեղեցու կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրեր, հոգևոր-կրթական հաստատությունների և եկեղեցական կառույցների գործունեությանն առնչվող խնդիրներ։
Ժողովի նիստերն ատենապետեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը։
Մինչ օրակարգի նյութերի քննարկումը ժողովականներին իրազեկվեց 2016 թ. սեպտեմբերի 6-9-ը Արցախում գումարված ԳՀԽ ժողովի որոշումների կատարման ընթացքի մասին։
Ժողովին «Դավիդյան» հիմնադրամի նախագահ և բարեգործ Ասո Դավիդյանը Գերագույն հոգևոր խորհրդին զեկուցեց Հայոց Եկեղեցու գործառնությունների բարելավման ծրագրի ընթացքի վերաբերյալ։ Նա տեղեկացրեց, որ մի շարք հանդիպումներ է ունեցել «Մաքքինզի ընդ Քոմփանի» խորհրդատվական ընկերության ներկայացուցիչների հետ, քննարկել ծրագրի մանրամասները և արդյունքում պատրաստել ծրագրի իրականացման համար անհրաժեշտ հարցաշար, որը ներկայացվեց ԳՀԽ անդամների ուշադրությանը։ ԳՀԽ-ն ծանոթացավ նաև ծրագրի բարեհաջող իրականացման համար ստեղծված Գործադիր և խորհրդատվական մարմինների կազմին՝ բաղկացած հոգևորական և աշխարհական անդամներից և´ Հայաստանից, և´ Սփյուռքից։
Այս կապակցությամբ ԳՀԽ անդամները շնորհակալություն հայտնեցին տիար Ասո Դավիդյանին կատարված աշխատանքի համար՝ կարևորելով Եկեղեցու կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ գործադրվող ջանքերը։
Այնուհետև Գերագույն հոգևոր խորհուրդը քննարկեց Ազգային-եկեղեցական ժողովի կանոնադրության նախագիծը, որ պատրաստվել է Հայոց Եկեղեցու ժողովական կառույցների կանոնադրությունների մշակման հանձնախմբի կողմից։ Նախագծի հետ առնչված անհրաժեշտ լուսաբանություններ տրվեցին հանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի և հանձնախմբի անդամներ Գերաշնորհ Տ․ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն ու իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր տիար Գևորգ Դանիելյանը։ Հոդված առ հոդված քննելով փաստաթղթի նախագիծը՝ Գերագույն հոգևոր խորհուրդը կատարեց իր դիտարկումները և թելադրեց անհրաժեշտ սրբագրումներից հետո նախագծի վերջնական տարբերակը ներկայացնել Գերագույն հոգևոր խորհրդին, ապա Վեհափառ Հայրապետի օրհնությամբ նաև առաքել թեմեր։
ԳՀԽ անդամներն իրենց գնահատանքը հայտնեցին հանձնախմբին կատարված մանրակրկիտ աշխատանքի համար։
Ժողովին քննարկվեց նաև Ս․ Էջմիածնի Մայր Տաճարի վերանորոգության խնդիրը։ Այս առնչությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ԳՀԽ անդամներին հայտնեց, որ նախագծային փուլն ավարտվել է և շուտով կձեռնարկվեն շինարարական աշխատանքները։ Նորին Սրբությունը նաև տեղեկացրեց, որ քայլեր են ձեռնարկվում շինարարական աշխատանքների համար անհրաժեշտ նյութական միջոցների հայթայթման նպատակով։
Գոհունակությամբ ընդունելով ծանուցումը Մայր Տաճարի ամրակայման և հիմնանորոգության ընթացքի վերաբերյալ՝ ԳՀԽ անդամները վստահություն հայտնեցին, որ աշխարհասփյուռ հայ ժողովրդի զավակներն աջակցություն կցուցաբերեն համայն հայության Սրբություն սրբոցի պահպանության գործին։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր-կրթական հաստատությունների գործունեության մասին զեկույց ներկայացրեց Գևորգյան հոգևոր ճեմարանի գիտական աստիճանների շնորհման հանձնախմբի անդամ Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը։ Սրբազանն անդրադարձ կատարեց վերջին տարիների ընթացքում հոգևոր-կրթական հաստատություններում ուսումնառության մակարդակի բարձրացման ուղղությամբ ձեռնարկված քայլերին։ Ուրախությամբ արձանագրվեց, որ մեկ ամիս առաջ Գևորգյան հոգևոր ճեմարանին շնորհվեց ասպիրանտական կրթություն տալու և աստվածաբանության ոլորտում գիտական աստիճաններ շնորհելու իրավունք, ինչը ևս պիտի նպաստի եկեղեցականության պատրաստվածության մակարդակի բարձրացմանը։ Խոսվեց նաև Քույր Եկեղեցիների և արտերկրի տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններում իրենց բարձրագույն կրթությունը շարունակող հոգևորականության մասին։
Գերագույն հոգևոր խորհուրդը, գոհունակություն հայտնելով կրթական ոլորտում արձանագրված հաջողությունների կապակցությամբ, երախտագիտություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին հոգևորականաց ապագա սերնդի գիտական և հովվական պատրաստությանը մեծ կարևորություն ընծայելու համար։ Գերագույն հոգևոր խորհուրդը գնահատանքով արձանագրեց այն համագործակցությունը, որ ձևավորվել է Մայր Աթոռի կառույցների և ՀՀ Կրթության և գիտության նախարարության միջև և պտղաբերում է զանազան ազգօգուտ ծրագրերով և համատեղ ձեռնարկներով։
Ժողովն ամփոփվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով և աղոթքով։