Հայազգի 34–ամյա Արամայիս Ավագյանը սույն թվականի փետրվարի19–ին դատապարտվել է 7 տարվա ազատազրկման՝ «կրոնական ծայրահեղականության, անջատողականության, արմատականություն սերմանող խմբավորում հիմնադրելու, ղեկավարելու» « «սահմանադրական կարգը տապալելու» փորձերի», «գողության» մեղադրանքով:
Արամայիս Ավագյանի ընտանիքը Ուզբեկստանի Պախտակորի շրջանի նախկին ղեկավարից՝ Գաֆուր Կարշիբաևից ստացել է բիզնեսը զիջելու պահանջ: Սակայն հրաժարվել է՝ առաջարկելով հաջորդ տարի վաճառել, ոչ թե պարզապես զիջել իր բիզնեսը: Դրանից հետո սկսվել է քրեական հետապնդումը:
Գործի նախապատմությունը
Ըստ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության, 2015 թ. սեպտեմբերի 4-ին Ուզբեկստանի իրավապահները պարկը քաշել են Արամայիս Ավագյանի և նրա գործընկերների գլխին, ձեռնաշղթաներ հագցրել ու տարել: Ընտանիքները 40 օր տեղեկություն չեն ունեցել նրանց գտնվելու վայրի մասին:
Արամայիս Ավագյանը բանտում խոշտանգումների է ենթարկվել, կոտրել են ոտքը՝ ինքնախոստովանական ցուցմունքներ կորզելու նպատակով, սակայն, ի տարբերություն նույն գործով մեղադրվող 3 այլազգիների, նա հրաժարվել է «ինքնախոստովանական ցուցմունքներ» տալ:
Դատարանում Արամայիս Ավագյանը հրաժարվել է մեղադրանքներից և պատմել իր նկատմամբ կիրառված խոշտանգումների մասին: Չնայած, որ դատարանում ներկայացվել են մեղադրանքը հերքող բազմաթիվ ապացույցներ և վկայություններ, մեղադրող կողմը պահանջել է 18 տարվա ազատազրկում: Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հայտարարությունների պայմաններում առաջին ատյանի դատարանը նրան դատապարտել է 7 տարվա ազատազրկման:
Այժմ գործը Վճռաբեկ դատարանում է:
Իրավապաշտպանների արձագանքները
Քրեական գործի զարգացումներին հետևում է «Արամայիս+4» միջազգային կոմիտեն, որի կազմում են ուզբեկստանցի հայտնի իրավապաշտպան Սուրաթ Իքրամովը, Հայաստանից՝ իրավապաշտպաններ Վարդան Հարությունյանը և Ժաննա Ալեքսանյանը: Կոմիտեի կազմում են նաև «Մարդու իրավունքների գերմանական ֆորում» հասարակական կազմակերպության, «Ուզբեկստանի իրավապաշտպանական դաշինքի», Մոսկվայում գործող “Мемориал” իրավապաշտպանական կենտրոնի, Ղազախստանում գործող «Մարդու իրավունքների և օրենքի վերահսկողության բյուրոյի» ներկայացուցիչները, այլ իրավապաշտպաններ:
Կոմիտեն Արամայիս Ավագյանի և նրա հետ նույն գործով դատապարտված ազգությամբ 3 ուզբեկ (Բեկտեմիր Ումրզակով, Դիլշոդ Ամինով, Ակմալ Մամատմուրադով) և մեկ տաջիկ (Ֆուրկատ Ջուրաև) քաղաքացիների գործով պարբերաբար նամակներ է հղել Ուզբեկստանի նախկին նախագահ Իսլամ Քարիմովին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունին, Եվրոպական միությանը, ԵԱՀԿ-ին, Human Rights Watch-ին, Amnesty International-ին, Freedom House-ին:
Իրավապաշտպան մի շարք կառույցներ, այդ թվում՝ Amnesty International կազմակերպությունը, իրենց հայտարարություններով մանրամասն նկարագրել են Արամայիս Ավագյանի նկատմամբ կիրառված բռնությունների մասին: Amnesty International –ը նշել է կտտանքների ենթարկելու փաստերը՝ կոչ անելով նախաձեռնել յուրօրինակ արշավ՝ քրեական գործի բոլոր ապօրինությունների վերաբերյալ. «Անհապաղ գրել ուզբեկերեն, ռուսերեն, անգլերեն կամ ձեր լեզվով, իշխանություններին հորդորելով իրականացնել շտապ, անաչառ և արդյունավետ հետաքննություն՝ Արամայիս Ավագյանի նկատմամբ խոշտանգումների և կոպիտ վերաբերմունքի առնչությամբ, և մեղավորներին կանչել պատասխանատվության»:
Այս քրեական գործի կապակցությամբ ՀՀ նախկին օմբուդսման Կարեն Անդրեասյանը ս.թ. հունվարին դիմել էր Ուզբեկստանի օմբուդսման Ուլուկբեկ Մուհամմադիևին: «Հիմնվելով Մարդու իրավունքների պաշտպանության ինսիտուտների համագործակցության վրա, խնդրում եմ, հնարավորության սահմաններում, Ձեր համագործակցությունը Ա.Ավագյանի ֆիզիկական և հոգեբանական վիճակի վերաբերյալ տվյալներ ստանալու հարցում, ինչպես նաև խնդրում եմ ձեռնարկել համապատասխան քայլեր՝ նրա նկատմամբ ապօրինի գործողությունները կանխելու նպատակով»,– նշել էր Կարեն Անդրեասյանը: Ուզբեկական մամուլում բավականին մեծ արձագանք էր ստացել Կարեն Անդրեասյանի նամակը:
Ուզբեկստանցի իր պաշտոնակցին էր դիմել նաև ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը:
Մորուքը՝ իբրև մեղադրանքի հիմնավորում
Արամայիս Ավագյանի դեմ քրեական գործի նյութեր նախապատրաստելու համար հիմք է հանդիսացել նրա՝ մորուքով նկարը: Այդ նկարում պատկերված են նրա գերդաստանի տղամարդիկ՝ Արամայիս Ավագյանի երիտասարդ եղբոր քառասունքի օրը։ Սակայն Ուզբեկստանի իրավապահներին հնարավոր չի եղել համոզել, որ հայկական ավանդույթի համաձայն, մորուք են պահում հարազատի մահվան քառասունքի կապակցությամբ:
Նամակներ՝ ՀՀ իշխանություններին
Արամայիս Ավագյանի մայրը՝ Ֆլորա Սաքունցը ս.թ. հոկտեմբերի 31–ին դիմել է ՀՀ նախագահին՝ խնդրելով, որ Սերժ Սարգսյանը ՀՀ սփյուռքի, արդարադատության, արտաքին գործերի նախարարներին, գլխավոր դատախազին հանձնարարի, որպեսզի վերջիններս համապատասխան կարգով դիմեն իրենց պաշտոնակիցներին և բացատրեն, որ մորուքով նկարը չի կարող լինել կրոնական ծայրահեղականության ապացույց:
«Օտար երկրում մեր ազգային ավանդույթների պատճառով որդուս բանտ ուղարկելու հանգամանքը ինձ հասցրել է այն համոզման, որ պետք է վերադառնալ հայրենիք և զերծ մնալ նմանատիպ թյուրիմացություններից… Իմ որդին անմեղ է և ազատվելուց հետո պատրաստ է ընտանիքով՝ 5 տարեկան Միլենայի և 2 տարեկան Անդրանիկի հետ վերադառնալ և բիզնես գործունեություն ծավալել Հայաստանում»,– ՀՀ նախագահին հասցեագրված նամակում նշել է Արամայիս Ավագյանի մայրը՝ Ֆլորա Սաքունցը և ավելացրել. «Ձեր համապատասխան քայլի միջոցով Դուք սփյուռքում տարբեր դժվարությունների մեջ հայտնված անձանց կապացուցեք, որ Հայաստանը բոլոր հայերի տունն է»:
Մամլո հաղորդագրություն
Լուսանկարը «Մեդիա կենտրոն»-ի