Նոյեմբերի 4-ին Խնկո Ապոր անվան գրադարանում բացվել է «Մաքսեդան» կրթահամալիրի սաների եւ նրանց ուսուցչուհու՝ Հռիփսիմե Ամիրջանյանի ինքնատիպ նկարչական ցուցահանդեսը:
Առաջին դասարանցի Մարիամ Ամիրջանյանի աշխատանքները տարբերվում էին գույներով ու մտահղացմամբ: «Տարբեր բաներ եմ նկարել, նկարել եմ աշխարհներ, ջրահարսեր, պարուհիներ, իմ ուսուցիչներին, միսս Անուշին՝ դպրոցի տնօրենին, Ֆրանսիա ու հեքիաթներ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց 6-ամյա նկարչուհին:
Մարիամը նշեց, որ իր ուսուցչուհիներին տեսնում է հեքիաթների հերոսների կերպարներում, նաեւ հավելեց, որ պատրաստվում է մեծ նկարչուհի դառնալ: «Մեր տանը միայն ես եմ նկարում ու շատ լավ եմ նկարում»,- ոգեւորվեց աղջնակը:
Կարդացեք նաև
«Մաքսեդան» կրթահամալիրի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Անուշ Սեդրակյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ միջոցառումը «Մաքսեդանի» սաների եւ նրանց նկարչուհի ուսուցչուհու ստեղծարար ցուցահանդեսն է: «Մենք ընդգրկել ենք տարբեր տարիքի երեխաների, ինչ վերաբերում է, Մարիամին, նա սովորում է առաջին դասարանում, եւ առանց որեւէ պրոֆեսիոնալ ուղղորդման նկարում է իր նկարները: Ընդ որում, դրանցից ամեն մեկն իր գույներով ու երեւակայությամբ ուղղակի զարմացնում է: Մեզանից որեւէ մեկը չէր մտածել, որ կհայտնվի հեքիաթային պերսոնաժների դերում, բայց եւ այնպես հայտնվել ենք: Կարող եմ փաստել, որ նկարներից երեւում է, թե որքան ուրախ են մեր երեխաները, որովհետեւ բոլոր գույները պայծառ են, որեւէ խամրած գույն չկա նրանց աշխատանքներում, ինչը հոգեբանական ցուցիչ է»,-կարծում է Անուշ Սեդրակյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ