Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղադրանք է առաջադրվել վարորդների վճարած տուգանքների գումարները յուրացրած և կեղծիքներ կատարած ոստիկանության աշխատակցին

Նոյեմբեր 04,2016 17:23

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված ծառայողական քննության նյութերի հիման վրա ՀՀ ճանապարհային ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից առերևույթ պաշտոնեական կեղծիք և պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կատարելու դեպքերի առթիվ հարուցված և քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների արդյունքում բացահայտվել են կատարված հանցագործության հանգամանքները, բավարար ապացույցների հիման վրա որպես մեղադրյալ ներգրավվել է ճանապարհային ոստիկանության աշխատակից Գ. Հովհաննիսյանը:

Քրեական գործով կատարված մի շարք քննչական և դատավարական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ ճանապարհային ոստիկանության տեսուչները տարբեր քաղաքացիների նկատմամբ ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու համար 100 հազ. ՀՀ դրամ տուգանք նախատեսող վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ են կազմել և հիշյալ փաստաթղթերը փոխանցել են ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակից, ոստիկանության մայոր Գ. Հովհաննիսյանին, ով իր իրավասության սահմաններում, հիշյալ արձանագրությունների հետ կապված վարչական գործընթացը սահմանված կարգով իրականացնելու փոխարեն, այդ քաղաքացիներից առձեռն վերցրել է 100.000-ական ՀՀ դրամ գումարները, այնուհետև քաղաքացիների անունից վարչական իրավախախտման արձանագրություններում նշված տուգանքների մուծման ժամկետները 6 ամսով երկարացնելու համար կեղծ դիմումներ է գրել, որից հետո արձանագրություններին կցել է վճարման կեղծ կտրոններ՝ ցույց տալով, թե, իբր, հիշյալ քաղաքացիներն իրականում վճարումներ են կատարել բանկի համապատասխան մասնաճյուղում, սակայն, պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացրել է ընդհանուրը 320 հազ. ՀՀ դրամ գումար:

Այս կերպ՝ Գ. Հովհաննիսյանը պաշտոնեական դիրքն օգտագործելով կատարել է մի քանի դրվագներով իրեն վստահված ուրիշի գույքի զգալի չափերով յուրացումներ և պաշտոնեական կեղծիքներ: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930