Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է «SOS» հաղորդաշարի գործով դատական նիստը:
Դատական նիստի ընթացքում SOS հաղորդաշարի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի պաշտպան Հայկուհի Հարությունյանը ներկայացրեց Վիլեն Գայֆեջյանի դիրքորոշումը: Նա նշեց, որ հաղորդման վերաբերյալ տեղեկություն ներկայացնող կադրերում հստակ մատնանշվում է, որ վերջնական արդյունքի՝ տեսահաղորդման համար պատասխանատվություն ունեն մի քանի անձինք, եւ Վիլեն Գայֆեջյանն այդտեղ ներկայացված է որպես հաղորդաշարի հաղորդավար: Նա ընդգծեց, որ նշված է, որ հաղորդաշարի սցենարիստն է Աննա Մկրտչյանցը:
Անդրադառնալով վիճարկվող բառերին, այն է «Գ ու հենց ընենց 7», «զաբոռալեզների բաժին» եւ «շան տղա»՝ Հայկուհի Հարությունյանն ասաց, որ այդ արտահայտություններից առաջին երկուսը հայերենում իմաստ չունի, իսկ վերջինը ենթակա է ստուգման՝ արդյոք վիրավորող կամ անձի արժանապատվությունը, պատիվը արատավորող արտահայտություն:
Հայկուհի Հարությունյանը հավելեց, որ հաղորդաշարի ընթացքում Վիլեն Գայֆեջյանի կրած համազգեստը չի համապատասխանում կառավարության որոշմամբ նախատեսված համազգեստի բնութագրին: Դատարանը հետաքրքրվեց, թե այդ դեպքում որն է այդ համազգեստը, Հայկուհի Հարությունյանը պատասխանեց, որ այդ հարցի պատասխանը կարող է տալ գործով վկա Հայկ Մարտիրոսյանը:
Կարդացեք նաև
Անցնելով վկաների հարցաքննությանը, պարզվեց, որ Հայկ Մարտիրոսյանը չի ներկայացել դատարան: Սակայն, դատարանը որոշեց նրան դատարան բերման չենթարկել, քանի որ մինչ այդ նա ներկայացել էր դատարան:
Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ