Լրահոս
Օրվա լրահոսը

Երվանդ Ղազանչյան. «Միշտ սիրահարված եմ եղել Էվելինային»

Նոյեմբեր 04,2016 16:03

Նոյեմբերի 3-ը Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի օրացույցում հատուկ օր է։ ՀՀ վաստակավոր արտիստ Էվելինա Շահիրյանն իր մեծ ընտանիքի, հարազատների և ընկերների հետ միասին տոնում էր իր ծննդյան տարեդարձը։

Էվելինա Շահիրյանը ծնվել է Գյումրիում, և այդ ժամանակ էլ սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Պատմում է, որ տանեցիները  տրտնջացել են․ «Բեխեր էրեխա է, պատերազմ է  բերել աշխարհին»: Բոլորն այնքան խառնված ու տագնապած էին, որ չէին էլ հասցրել երեխային անուն դնել։ Եվ ահա Վանիկը՝ Էվելինայի հայրը, մեկնում է պատերազմ, մայրը կայարանում մի պահ սթափվելով վազում է գնացքի հետևից ու  գոռում. «ա՜խր, էս մեր էրեխուն ինչ անուն բդի տանք»: Հայրը ի պատասխան բացականչում է․ « էվելո՜րդ է, էվելո՜րդ»: Ավարտվում է պատերազմը, հայրը վերադառնալով տուն գրկում է աղջկան և հարցնում․ «Անունդ ի՞նչ է», իսկ աղջնակը պատասխանում է,  թե Էվելինա։ Հայրը զարմացած հարցնում է․ «յանիմ սիգ ինչ անուն է», իսկ մայրն  «արդարանում» է․ «ըբը վագզալում դու չսիր, օր Էվելինա դնենք»: «Ա՜խր ես ըդիգ նկատի չունեի»,-իր հերթին արդարանում է հայրը:

Ահա այպիսի զավեշտալի պատմությամբ էլ կնքվում է գեղեցիկ անունը։ Ընտանիքը երկար չի ապրել Գյումրիում, բայց էվելիա Շահիրյանը հպարտությամբ է խոսում ծննդավայրի մասին, որի կոլորիտը միշտ իր հետ է, գյումրեցիների հետ խոսում է հարազատ բարբառով։

Իր տատիկի ծննդյան օրը հաղորդավար Արման Մարգարյանը որոշել է յուրահատուկ և անակնկալներով նշել, նա է զբաղվել կազմակերպչական հարցերով․«Մի փոքր անհավանական է, որ նա իմ տարիքին թոռ ունի, ես միշտ նրան մամա եմ ասել։ Եվ ահա այսօր որոշել ենք նրա համար յուրահատուկ տոն դարձնել։ Մոտ 28 համարից բաղկացած սցենար է գրվել հետաքրքիր անակնկալներով լի։ Ամբողջական պատկերը բեմին կտեսնեք»:

hayko

Արմանի մայրը՝ դերասանուհի Նաիրա Շահիրյանը  ասաց, որ կարևորում այս իրադարձությունը թատրոնում  նշելը․ «Այնպես  է ստացվել, որ ամբողջ ընտանիքով մենք այստեղ ենք աշխատում։ Այս թատրոնը կարծես մեր երկրորդ տունը լինի և մենք ցանկացանք մեր համար հարազատ, մեր տուն-թատրոնում  նշել մայրիկիս ծննդյան տարեդարձը։ Ամբողջ ընթացքում ձգտել  ենք մայրիկից գաղտնի պահել,  թե ինչ է լինելու այսօր։ Չգիտեմ  ինչքանով կստացվի մեր անակնկալները, բայց այսօրվա գերնպատակն է ուրախացնել, հուզիչ և հաճելի պահեր պարգևել  նրան։ Շնորհակալ  եմ մեր մեծ  ընտանիքին, որ մեկ մարդու պես ամեն ինչ արել են, որ այս օրը իսկապես անմոռանալի տոն դառնա»:

Միջոցառման ժամանակ բեմում էին էվելինա Շահիրյանի թոռները, ծոռները և փորձում էին հասկանալ, թե տատիկը ու՞մ է ամենաշատը սիրում  և ո՞վ կարող է դերասանուհուն բեմ հրավիրել։ Եվ վերջապես ընդհանուր հայտարարի եկան, միասին հրավիրեցին արտիստին բեմ։

ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանը խոստովանեց, որ միշտ սիրահարված է Էվելինային․«Մարդ կա, ում նայում ես ու փոշմանում ես, որ ընդհանրապես ժամանակին սիրել ես նրան, իսկ մարդ էլ կա, ում անկախ տարիքից ուզում ես միշտ  սիրահարված մնաս։ Ես խոստանում եմ քո մյուս ամյակներին էլ գալ, որպեսզի քեզնից ուժ ստանամ և շարունակեմ սիրահարված մնալ»:

Հոբելյարին շնորհավորեց նաև մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը․ «Ես ուրախ եմ, որ մենք այսօր պատիվ և առիթ ունենք շնորհավորելու ձեզ և ես բերել եմ ձեզ մեր ողջ հանրության, ամբողջ ժողովրդի շնորհակալությունն ու խորհին խոնարհումը»։

Այնուհետև նախարարը թատերարվեստի ոլորտում ունեցած նշանակալի ավանդի համար արտիստին  պարգևատրեց Գրիգոր Նարեկացի հուշամեդալով, իսկ Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը դերասանուհուն պարգևատրեց Երևանի քաղաքապետարանի Ոսկե մեդալով։ Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ առաջին տիկին Ռ․ Սարգսյանը։

Հայկոն, Արսեն Սաֆարյանը, Ֆորշը և Էմմա Պետրոսյանն էլ կատարեցին դերասանուհու կողմից սիրված երգերը։

Լիլիթ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930